ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Տնտեսությունն աճում է, առանձին ոլորտներում անկում է գրանցվում

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր է, բայց առանձին ոլորտներում անկումն ակնհայտ է։ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ցուցանիշները։

Հիմնականում Ռուսաստանից Հայաստան այցելությունների թվի կրճատմամբ պայմանավորված՝ նվազել է զբոսաշրջիկների թիվը։ Այլ երկրներից Հայաստան այցելողների թիվն է ավելացել է 21 տոկոսով։ Դրամական փոխանցումները նույնպես նվազել են։ Չնայած անկումներին, առևտուրը, շինարարությունն ու ծառայությունների ոլորտը աճ են ապահովել։

Առողջ է արդյո՞ք Հայստանի տնտեսությունը․ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է՝ ոչ։ Թվարկում է տնտեսության արտասովոր մի շարք ցուցանիշներ՝ ոսկերչության արտահանման մի քանի անգամ աճ, հեռախոսների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող ընկերության՝ 1000 խոշոր հարկատուների առաջին հորիզոնականում հայտնվել և այլն․

«Ունենք երկու տնտեսություն՝ մեկը Հայաստանի տնտեսությունն է, մյուսը՝ էգզոգեն տնտեսությունն է։ Երբ մի խումբ մարդիկ ապրանքը բերում են, հետո տանում են, գուցե առանց բերելու են տանում՝ չնայած հիմք չունեմ, բայց ասում են։ Այդ արտաքին գործոնն է, որ թվերը 9․2 տոկոս ցույց է տալիս։ Շատ լավ գիտեք, եթե զտեք։ Բջջային հեռախոսների ներմուծում ու արտահանում։ Այն աստիճանի է հասել, որ Հայաստանի ստեղծման պատմության մեջ առաջին անգամ բջջային հեռախոսների ներկրմամբ զբաղվող ընկերությունը թիվ մեկ հարկատուն է։ Սա Հայաստանի տնտեսության հետ ոչ մի կապ չունի»։

Այս տարվա առաջին եռամսյակում հազար խոշոր հարկատուների ցանկը վերջին տարիներին առաջին անգամ գլխավորում է հեռախոսների ու համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Մոբայլ Սենթր Արթ»-ը՝ 19 մլրդ 900 միլիոն դրամ պետական բյուջե վճարված հարկերով: Նախորդ տարվա համեմատ ընկերության վճարած հարկերն աճել են ավելի քան 3.7 անգամ։

Այս տարվա առաջին եռամսյակում արտահանումն աճել է 2․7 անգամ, հայկական ծագման ապրանքների արտահանումը նվազել է 14․3 տոկոսով։ Եթե ներմուծման կշռից հանվի վերաարտահանումը, ապա մոտ 9 տոկոսով նվազել է այն։ Ֆինանսերի փոխնախարար Վահան Սիրունյանն արձանագրում է․

«Բարձր աճը պայմանավորված է ոսկու վերաարտահանմամբ՝ հիմնականում ԱՄէ։ 2024թ հունվար-մարտ ամիսներին ներմուծման աճը կազմել է 75․8 տոկոս, առանց վերաարտահանման ազդեցության ներմուծման աճը նվազել է 9․2 տոկոսով»։

Ինչո՞ւ է նվազել ներմուծումը՝ հետաքրքվում է պատգամավոր Արթուր Խաչատրյանը․

«Ներմուծման ծավալի նվազում՝ ինչո՞ւ է այդպես եղել։ Հայաստանը սեփական արդյունաբերությունն է մեծացրել ու տեղի է ունեցել փոխարինում, թե ներմուծման ծավալի էական նվազում ենք տեսնում»։

ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանը հստակեցնում է՝ այս ատրվա առաջին եռամսյակում՝ նախորդ  համեմատ, մեքենաների ներմուծումը կրճատվել է 4 անգամ։ Բացատրում է․

«Օգոստոսի 1-ից ուտիլիզացիոն վճար է մտել ՌԴ-ում ու կտրուկ նվազել է։ Ինքը բնապահպանական վճարի նման է, որը վերաբերում է բոլորին։ ՌԴ ներմուծման համար բոլորին վերաբերում է»։

Նվազել է նաև զբոսաշրջիկների թիվը՝ հիմնականում Ռուսաստանից Հայաստան այցելությունների թվի կրճատմամբ պայմանավորված։ Այլ երկրներից ՀՀ է այցելողների թիվը 21 տոկոսով աճել է, հիմնականում Վրաստանից, Իրանից ու Հնդկաստանից։ Դրամական փոխանցումները նույնպես նվազել են․

«Հունվար-մարտ ամիսներին ոչ ապրանքային բնույթի դրամական փոխանցումների զուտ ներհոսքի մասով 54 տոկոսով անկում է նկատվել, որին ամենաշատը նպաստել է ՌԴ-ից Հայաստան փոխանցումների զուտ ներհոսքի 67 տոկոս նվազումը»։

Չնայած անկումներին, առևտուրը, շինարարությունն ու ծառայությունների ոլորտը աճ են ապահովել։ 14․3 տոկոս տնտեսական աճ է գրանցվել առաջին եռամսյակում։ Շինարարության ոլորտի աճը ընդդիմադիր պատգամավորին նույնպես անհանգստացնում է, ասում է՝ դա ական է, որը պայթելու է։

Back to top button