
12 օր անց՝ Ալավերդու ամենատուժած Սանահին կայարան թաղամասում ընթացքի մեջ են վերականգնողական աշխատանքները: Ծանր տեխնիկան շարունակում է մաքրել շրջակա տիղմն ու ջրաբերուկները: Հեղեղված բնակարանների բնակիչները դուրս են հանում անպիտան դարձած գույքը: Մարդիկ անորոշության մեջ են. կորցրել են ամեն ինչ: Փոխհատուցման սպասելիքներն էլ առանձնապես մեծ չեն:
Անուշ Ճուղուրյանին Ալավերդու Սանահին թաղամասի իրենց նկուղի մոտ եմ հանդիպում: Մոտակայքում աշխատող տրակտորի աղմուկը խլացնում է ձայնը: Նկուղը բացել չկարողացանք, շատ իրեր ունեինք, ամբողջը ջուր էր:
«Բոլորս էլ տուժվել էինք, 3-րդ հարկում էինք ապրում, բայց մեզ էլ են պարաններով իջեցրել, մեր սարայն է, մեջը շուշեղեն, չկարեցանք դուռը բացենք»:

Հարևաններս, ասում է, ավելի շատ են տուժել, մատնացույց է անում մեզ մոտեցող Գրետա Բախչինյանին: Բախչինյանները ջրհեղեղի պատճառով կորցրել են Դեբեդի ափին կառուցած քարե տնակն ու ավտոտնակը, ավտոմեքենան, 4-սենյականոց բնակարանի ողջ կահույքն ու տեխնիկան։
«Առաջին հարկում էինք, ջուրը լրիվ տարավ, մեզ էլ թոկերով իջացրեցին, մի հատ շոր չենք բերել, եկել եմ ուրիշից շոր վերցրել, հագել»:

Սանահին կայարան, 3-րդ շենք, 16 բնակարան: Կար ու չկա՝ասում է ու հազիվ զսպում հուզմունքը: Շենքի շրջակայքն ամբողջովին տիղմի մեջ է, քանի օր է, մաքրում են, անպիտան դարձած իրեր հանում տնից: Գրետա տատին ու հարևաններին փրկարարները պարաններով են շենքից հանել: Ալավերդիում ամենաշատը Սանահին կայարան թաղմասն է տուժել: Շարքից դուրս էր եկել նաև Կամչատկա թաղամասին կապող մետաղական կամուրջը: Օրեր շարունակ տարածքում փրկարարներն են, երկաթգծի աշխատակիցներ, կամավորներ:

Ավտոտնակների տանիքից Գրետա տատն առաջին հարկի իրենց բնակարանն է ցույց տալիս: Աղետից 12 օր է անցել, բայց հեղեղված բնակարանը դեռ աչքի առաջ է: Սիրտ չեմ անում, գնամ շենք մտնեմ, հազիվ էինք վերանորոգել, ամբողջը ցեխ ու ու տիղմ է, հաշտվելու չի: 4 սենյականոց բնակարանը նոր տեխնիկայով էին կահավորել: Լվացքի մեքենա, սառնարան ու սառցարան, հաց թխող սարք, ամբողջը թափելու է: Տղաներից մեկին որոշել էին ամուսնացել: Նույնիսկ մահճակալին չէր քնել՝ ասում է: Խոնավացել, անպիտան է դարձել:

«60 տարի էդ շենքըմն եմ, աշխատել, տուժվել, հմի այ սենց ջրին ենք տվել, ու մնացել քուչեքում, գոնե մի տուն տան, մարդ գնա վեր ընկնի մեջը, ուրիշ բան չեմ ուզում՝ 4 պատ, երեխեքիս հավաքեմ մեջը Վարարել ա ջուրը, բայց դամբի էս կուռը չի անցել, տուն էինք սարքել գետի ղրաղին, խոզ էինք պահում, առաջին անգամ գետի ջուրը դամբից 3 մետր բարձրացել է: էս գարաժների գլուխն էլ էր ջուր, էս առաջի հարկերը սաղ էդ վիճակն էր: Սպիտակ մեբել ենք առել, դեռ չէին քնել երեխեքս վրեն: Պետությունից ուզում եմ, որ մի բնակարան տան: Աչքս փակում եմ՝ էն ջուրն ա աչքիս առաջ: Եթե մենք 5 րոպե ուշ էինք դուրս եկել, սաղ երեխեքս խորտակվիլ տէին»:
Գրետա տատիկի տղան՝ Գևորգը, նյարդայնացած սենյակից սենյակ է գնում. ինչը հանել, ինչը թողնել. անորոշությունից գլուխը կորցրել է: Միայն այս սենյակի վրա 2 միլիոն դրամ ծախսեցինք՝ փոքր ննջասենյակն է ցույց տալիս, ամբողջը փչացավ, հնարավոր չէ օգտագործել
«Տելեվիզր, բան, սաղ քշել տարել, պիտանի բան չկա, մարդ չի էլ ուզում տան միջով անցնի: Առաջին անգամ եմ դեսն եկել, ըհը նոր էինք առել, դեռ չէինք բանացրել»:

Առավոտը արթնացանք, տեսանք բոմժ ենք դարձել՝ դառը ժպիտով հարևան շենքից Սամվել Հակոբյանն է միանում զրույցին: Ավտոտնակից հանած իրերն է մաքրում: 6,5 մետր բարձրացել էր ջուրը՝ Գևորգենց դիմացի հարևանը՝ Ռոբերտ Մոսինյանն է ասում: Գիշերը 1-ն էր, որ սկսվեց
«Սենց շորերով դուրս ենք եկել: 3 սենյակ է, կողքի սենյակի պատն է փլվել: Գիշերը ժամը 1-ն էր, քնած էի, զանգեցի, վեր կացա, տեսա ջուրը լցվել ա, սաղ թափել ենք, պատերն ենք քերում, տեսնենք ինչ ենք անում»:
1972 թվից, ինչ շենքը հանձնել են, ես էս շենքում եմ՝ ասում է Ռոբերտ Մոսինյանը: Մաքրում ենք, տեսնենք ինչ կլինի: Պետությունը ինչով կարողանում, օգնում է:
Փոխհատուցումների մասին կցկտուր լուրեր են լսել, առանձնապես հույսեր չունեն․ «Սեյսմիկ պիտի գա, տեսնեն քանդում են շենքը: Պետությունը պիտի մտածի: Ասել ենք կփոխահուցենք, ով գիտի»:

Վնասների գույքագրման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են՝ասում է Լոռու մարզպետը: Ավարտել են Սանահինը Կամչատկա թաղամասին կապող ժամանակավոր կախովի կամրջի կառուցման աշխատանքները: Խնդիրներ կան թաղամասի կոյուղագծերի հետ: Քննարկվում է նոր կոյուղագիծ կառուցելու տարբերակը:
Խոսելով ժամանակավոր ու հիմնական կամուրջներից՝ մարզպետն ասում է՝ հնարավոր է որոշ կամուրջներ նախկին տեղում չկառուցվեն: Նախատեսվում է առաջիկայում մաքրել նաև Դեբեդի հունը: Սպասում են ջրի մակարդակն իջնի՝ աշխատանքներին չխոչընդոտելու համար:




