
Երևան — Սևան մայրուղու սկզբնամասում գազալցակայանի պայթյունի հետևանքով ժամը 07.00-ի դրությամբ՝ կա 7 վիրավոր, 6-ը հոսպիտալցված են:
ՆԳՆ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհեր չկան, հրդեհաշիջման աշխատանքներ դեռևս շարունակվում են։
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18-րդ կմ-ն երկկողմանի փակ է:
Հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնհինգ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում, պայթել է հեղուկ գազի ցիստեռն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:




