
Մինչև հուլիսի 1-ը սահմանազատման հանձնաժողովները պետք է մշակեն և կառավարություններին ներկայացնեն իրենց աշխատանքի կանոնակարգը, որի հաստատումից հետո սահմանազատման աշխատանքները կշարունակվեն այլ հատվածներում ՝ նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։ Նրա ձևակերպմամբ՝ այս գործընթացի գլխավոր և առաջնային շահառուն Հայաստանի Հանրապետությունն է։ Գեղարքունիքի մարզի բնակիչները մտածում են, որ սահմանազատման հաջորդ փուլն իրենց մարզում է իրականացվելու։ Մարզպետն էլ վստահեցնում է՝ ադրբեջանական ուժերը պետք է հետ քաշվեն այն բարձունքներից, որտեղ այժմ տեղակայված են։
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան գյուղի բնակիչները դեռ նախորդ շաբաթ լրատվամիջոցներին տեղեկացրել էին, թե դաշտերում ադրբեջանցի չափագրողների են նկատել, այսօր էլ Վահանի բնակիչ Նանե Հակոբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց՝ գյուղում համոզված են, որ հայ-ադրբեջանական սահմանազատման հաջորդ փուլը նախատեսվում է իրականացնել Գեղարքունիքի մարզում։
Զրուցակիցս, որ հրաժարվեց ձայնագրությունից, նշեց նաև, որ գյուղում հանգիստ իրավիճակ է, որևէ լարվածություն չկա։ «Պարզապես ունենք դիրքեր, որոնք ադրբեջանական կողմում են։ Պետք է հարցը կարգավորվի, և մեր կողմից պետք է քաշվեն, և հակառակ կողմից»,- ասաց։
Թեմային Հանրայինի եթերում անդրադարձել էր նաև «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը՝ նշելով, որ մինչև հուլիսի 1-ը հանձնաժողովները պետք է մշակեն և կառավարություններին ներկայացնեն իրենց աշխատանքի կանոնակարգը, իսկ հաստատումից հետո արդեն կշարունակվեն այլ հատվածների սահմանազատման աշխատանքները։
«Այս պահին հանձնաժողովներն ավարտել են սահամանազատման առաջին փուլը, որը վերաբերում էր Տավուշի մարզի 4 գյուղերի համապատասխան հատվածների սահմանազատմանը։ Սահմանազատման աշխատանքներից հետո սահմանի երկու կողմերում տեղակայվել են երկու կողմի սահմանապահ զորքերը։ Մինչև հուլիսի 1-ը հանձնաժողովները պետք է մշակեն և կառավարություններին ներկայացնեն իրենց աշխատանքի կանոնակարգը, իսկ հաստատումից հետո արդեն կշարունակվեն այլ հատվածների սահմանազատման աշխատանքները»։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի պարզաբանմամբ՝ այս հատվածում սահմանազատում իրականացնելիս հայկական կողմին պետք է վերադարձվեն այն տարածքները, որտեղ այժմ տեղակայված է ադրբեջանական ԶՈՒ–ն։ Մարզպետը հիշեցրել է մարզի սահմանին հարող 12 բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հարձակումը, որի հետևանքով մի շարք հատվածներում ադրբեջանական զորքը գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում։
«Մեր մարզից կան տարածքներ, որ գտնվում են ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ և այդ տեղից իրենք պետք է հետ գնան։ Եթե հետ չգնան, կօգտագործվի այլ գործիքակազմ, որով իրենց կստիպենք, որ իրենք հետ գնան։ Ուժի գործոնը ևս մի գործիք է, բայց տարբեր գործոններ կան, որոնք կարելի է օգտագործել մինչև հասնելը այդ ամենավերջին գործիքին»։
Մարզպետ Կարեն Սարգսյանը նաև պարզաբանեց, որ Գեղարքունիքի մարզից ռուս սահմանապահ զորքերը դուրս են եկել դեռ 2022թ. սեպտեմբերյան դեպքերի ժամանակ։
«Գեղարքունիքի մարզից ռուս սահմանապահ զորքերը դուրս են եկել 2022թ. սեպտեմբերյան դեպքերի նույն օրը՝ մի քանի ժամ առաջ։ Դրանից հետո իրենք եղել են Վերին Շորժայի հատվածում, փորձել են որևէ գործողություն կազմակերպել՝ հանդիպում ադրբեջանական զինված ուժերի հետ և ռմբակոծության տակ են ընկել։ Սոթքի հատվածում են իրենք եղել»։
Ռուս սահմանապահները դուրս են եկել նաև Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատվածից՝ հիշեցնում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Եթե եղել են տեղեր, որտեղից դուրս են եկել, հնարավոր է 80 % դուրս գան, հետո 20 %, որովհետև ինչ-որ բաներ են չէ հանում։ Բայց Ներքին Հանդից դուրս են եկել»։
Մինչ Բաքուն գոհունակություն է հայտնում սահմանազատման առաջին փուլից, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը հստակեցնում է՝ սահմանազատման գլխավոր և առաջնային շահառուն Հայաստանի Հանրապետությունն է։
«Այո, Ադրբեջանը պնդում էր գյուղերի վերադարձ առանց որևէ սահմանազատման, առանց որևէ սահմանի հստակեցման, ուղղակի պնդում էին` վերադարձրեք գյուղերը և վերջ: Հայկական կողմի հակընդդեմ պնդումների արդյունքում մենք ունեցանք հենց այս սահմանազատման գործընթացը, որով հնարավոր եղավ հստակ սահմանել, սահմանազատել արդեն իսկ Խորհրդային միության փլուզման պահին գոյություն ունեցող և իրավական ուժ ունեցող սահմանագիծը և ըստ դրա Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք ընդունելով՝ ունենալ այս հատվածներում պետական սահման։ Դրան զուգահեռ նոր ունենալ գյուղերի վերադարձ»։
Հայկական կողմին վստահություն են ներշնչում այն քարտեզները, որոնցով սահմանազատում է իրականացվելու։ Քարտեզագիր Ռուբեն Գալեչյանը բացատրում է՝ 1976 թվականի քարտեզներով Հայաստանին պետք է վերադարձվեն 210 ք/կմ իշխող բարձունքներ, որտեղ այժմ տեղեկայված են ադրբեջանական զորքերը։
«Հիմա պետք է ինքը Հայաստանի արևելյան սահմաններում Տավուշից մինչև Իրանի սահման Հայաստանին պատկանող 210 ք/կմ բարձունքներ վերադարձնի։ Եթե չարեց, ուրեմն իր հանձնառությունը չի կատարում Ադրբեջանը»։
Ադրբեջանական ուժերը հետ կքաշվե՞ն հայկական տարածքներից, թե՞ ոչ՝ պարզ կդառնա առաջիկայում։ Առայժմ կողմերն աշխատում են գործընթացի հիմքն ապահովող փաստաթղթերի վրա։




