ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«ԱՕԿՍ»–ի շենքը դատարաններից հասավ վարձակալներին․ պետությունը ամսական 15.5 միլիոն եկամուտ է ակնկալում

Պետությունն առաջիկայում վարձակալության կհանձնի մայրաքաղաքի ամենահին շենքերից մեկը՝ Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»–ի շենքը։ Նախորդ դարի սկզբին կառուցված շենքի սեփականության իրավունքը տարիներ շարունակ վիճարկվում էր դատական կարգով, արդեն նախորդ տարեվերջին դատախազությունը հայտարարեց՝ հաջողվել է հաշտության համաձայնություն կնքել, և ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող մշակութային ժառանգությունը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը։ Կառավարության նիստում որոշվել է շենքը մրցութային կարգով վարձակալության հանձնել։ Թե ֆունկցիոնալ ինչ ճակատագիր կունենա խորհրդային շրջանի շենքը, դեռ պարզ չէ։  

Մայրաքաղաքի «ողջ մնացած» հազվագյուտ կառույցներից մեկը՝ «ԱՕԿՍ»–ի շենքը, աճուրդային կարգով վարձակալության կտրվի։ Կառավարությունն առաջարկում է պետական գույք հանդիսացող ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող շենքը վարձակալության տրամադրել10 տարով և ամսական առնվազն15 միլիոն 450 հազար դրամով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շեշտում է՝ շենքով հետաքրքրվողներ, օգտագործել ցանկացողներ շատ կան։

«Առաջարկում ենք հաստատել ու այս պայմաններով մրցույթ անցկացնել։ Հաշվի առնելով շենքի կարգավիճակը՝ ԿԳՄՍ նախարարության գործընկերները որոշակի պայմաններ ունեն, որոնք և այս որոշման մեջ, և հետագա պայմանագրում կամրագրվեն։ Գույքը պետք է օգտագործվի՝ գործընկերների մասնագիտական դիտարկումներից ելնելով»,– ասում է Սանոսյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան

Մինչխորհրդային շրջանի այս շենքը կառուցվել է1915-ին բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի պատվերով։ Շենքում երկար տարիներ գործել է Հովհաննիսյանի հիմնադրած՝ Երևանի առաջին մասնավոր վիրաբուժական հիվանդանոցը։ Իսկ 20-րդ դարի կեսից արդեն շենքում տեղակայվել է արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունը, հենց այս կազմակերպության ռուսերեն հապավումից էլ շենքն առավել հայտնի է «ԱՕԿՍ» անունով։ Թե ֆունկցիոնալ ինչ ճակատագիր կունենա մինչխորհրդային շրջանի այս շենքը դեռ պարզ չէ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է՝ ամեն ինչ անելու են, որ պատմական նշանակություն ունեցող գույքն արդյունավետ կառավարվի։

«Օրինակ՝ եթե որևէ մեկը ցանկանա այնտեղ ունենալ օծանելիքի կամ հագուստի խանութ, սննդի կետ, սրճարան, ռեստորան, հույս ունեմ՝ մենք որևէ սահմանափակում չենք դրել, մեր սահմանափակումն այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը և արժեքը պետք է չվնասվեն»։

«ԱՕԿՍ»–ի շենքն ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում, ուստի ներդրումային ցանկացած նախագիծ նախ պետք է հաստատեն նախարարության գիտամեթոդական հանձնաժողովի մասնագետները ՝ նկատում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Քանի որ շենքը պատմամշակութային հուշարձան է, նրա արտաքին տեսքի կամ հարդարման հետ կապված աշխատանքները պետք է մասնագիտական դրական եզրակացությամբ արվեն , որ վստահ լինենք, որ դրանից ոչ մի կերպ չի աղավաղվի օրինակ շենքի արտաքին տեսքը կամ ներքին այն կառուցվածքը որը նույնպես պատմամշակութային արժեք է ներկայացնում»,– մանրամասնում է նախարարը։

Պատմամշակութային այս շենքը հեշտ ճանապարհ չի անցել․ պետությանն է վերադարձվել միայն տարիներ տևած դատական պրոցեսներից հետո։ Ըստ իրավապահների՝ շենքը և դրա զբաղեցրած հողամասը ապօրինի գործարքի արդյունքում 550 հազար դոլարով վաճառվել է մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի ազգականին պատկանող ընկերությանը։ Ըստ քրգործի՝ Հասմիկ Պողոսյանը չարաշահել է պաշտոնական դիրքը, իսկ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը օժանդակել նրան։ Գլխավոր դատախազությունը 2022-ի տարեվերջին դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Կադաստրի կոմիտեում Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության` 2011 թ.-ին կատարված իրավունքի պետական գրանցումները: Ամիսներ առաջ՝ 2023-ի սեպտեմբերին դատախազությունը հայտարարեց, որ հաշտության համաձայնություն է կնքվել ու Աբովյան 3-ի պատմական շենքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը։

Վարչապետ Փաշինյանը նկատում է՝ «ԱՕԿՍ»–ի շենքը իրավական ընթացակարգերով պետությանը վերադարձված ամենանշանակալի շինությունն է։

«Այս և նման գույքերը մենք պետք է հետագայում կառավարենք վարձակալության տրամաբանությամբ, որպեսզի դրանք պետական բյուջեի համար շարունակական եկամտի աղբյուր դառնան, որովհետև ես կարծում եմ որ պետական գույքի կառավարումից մեր բյուջետային եկամուտները շատ ավելին լինելու պետոնցյալ ունեն և այդ պոտենցյալը պետք է ճիշտ օգտագործել»։

Առաջիկայում վարձակալության մրցույթ կհայտարարվի․ վարձակալը նախ 15.5 միլիոն դրամից բարձր գնառաջարկ պետք է ներկայացնի, հետո նաև ներդրումային ծրագիր։ Մրցույթում վճռորոշ կլինի վարձավճարի առաջարկը, բայց հաշվի կառնվեն նաև շենքի ապագայի վերաբերյալ պոտենցյալ վարձակալի պատկերացումները։ Պետությունը նաև վերահսկողություն կիրականացնի ներդրումների պատշաճ իրականացումը ստուգելու համար։

Կարդացեք նաև

Back to top button