
Բոլորս գիտակցում ենք, թե ինչ դժվար ու փոփոխական ժամանակներում ենք ապրում․ այս միտքը «կարմիր թելի» պես է անցել փորձագետների ելույթներում, որոնք այսօր մասնակցել են «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն» խորագրով միջազգային գիտաժողովին։ Փորձագետներն անդրադարձել են նաև ժամանակակից, հիբրիդային պատերազմներին, փորձելով գաղափարներ գեներացնել նաև դրանց դիմակայելու համար։
«Ժամանակակից պատերազմները և համապարփակ անվտանգության կոնցեպտը» խորագրով պանելային քննարկման ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի օգնական գնդապետ Ժիրայր Ամիրխանյանը համեմատական օրինակներով անդրադարձավ 44-օրյա և ուկրաինական պատերազմներին.
«Ժամանակակից պատերազմները ես կբնութագրեի որպես նյարդերի պայքար, կամքերի պայքար, ժողովուրդների և հասարակությունների, ինչպես նաև բանակների միջև։ Կարելի է պնդել, որ ժամանակակից պատերազմում հաղթանակի հիմնական գրավականը, հաղթանակը պահանջում է համառ կամք, չընկրկելու ունակություն և հին ու նոր հատկանիշների տիրապետում»։
Նեվադայի համալսարանի պրոֆեսոր Ներսես Տոպալյանի խոսքով՝ ժամանակակից պատերազմների դիմակայման առումով կարևոր է «հիբրիդազրկումը», ինչը նոր տերմին է։ Նրա ձևակերպմամբ՝ Հայաստանի դեմ Ռուսաստանից և Ադրբեջանից հիբրիդային սպառնալիքներ են գալիս, որոնք պետք է զսպել։ Մեջբերենք նրա խոսքից մի հատված՝ համընթաց թարգմանությամբ.
«Այսինքն, խոսում ենք ոչ թե զսպելու կարողության մասին, այլ՝ խոսում ենք բազմազան մեխանիզմների առկայության մասին, որոնք թույլ չեն տա հարձակում, որ զսպելու բան չլինի՝ ավելի ճիշտը»։
Ժամանակակից հիբրիդային պատերազմները շատ բարդ խաղ է համարում դրանց ուսումնասիրությամբ զբաղվող «Պաշտպանության և անվտանգության կենտրոնի» փորձագետ, ծրագրերի ղեկավար Մարեկ Կոհվը։ Փորձագետի գնահատմամբ, օրինակ, Ռուսաստանը և Ուկրաինան ավելի շատ ռեսուրսներ կտան խոսույթների պայքարի համար։ Նրա դիտարկումից էլ մի հատված լսենք՝ համընթաց թարգմանությամբ.
«Առաջինը՝ մենք կարևորում ենք պետությունում հասարակության միասնականությունը։ Սա այս պահին շատ կապ ունի Ուկրաինայում տեղի ունեցողի հետ, որովհետև հասարակությունը պետք է կանգնած լինի պետության մեջքին, երբ արդեն իսկ պատերազմը սանձազերծված է»։
Փորձագետը նկատում է նաև, որ կարևորագույն գործոններից մեկն են մնում ռեսուրսները։ Նրա դիտարկմամբ՝ Ուկրաինայում կողմերը դեռ պետք է շատ ռեսուրսներ հատկացնեն հաղորդակցությանը իրենց խոսույթների համար, քանի որ էական հանգամանք է, թե ում հռետորաբանությունը կհաղթի կողմնակից-ջատագովներ գրավելու հարցում։
Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը նկատում է, որ ժամանակակից պատերազմների, այսպես ասած, առաջին նմուշները, այդ թվում՝ հիբրիդային պատերազմների առաջին մեթոդները մենք և աշխարհը տեսանք Արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Հիմա հենց այդ մեթոդներն են լիրառվում ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում։
«ՀՀ-ն 30 տարի պատրաստվում էր փոքր պատերազմի, փոքր՝ Ադրբեջանի դեմ, բայց հանկարծ հայտնվել է պատերազմում՝ ՌԴ-ի և Թուրքիայի ռազմական դաշինքի դեմ, ուժային կենտրոնների դեմ»։
Այդուհանդերձ, քաղաքագետի խոսքով, կա նման իրավիճակում անվտանգության և պաշտպանության համակարգ կառուցելու փորձ, օրինակ՝ Թայվանը, Սինգապուրը, որը թույլ է տվել դիմակայել ուժային ավելի հզոր կենտրոնների։ Քաղաքագետ Գևորգ Մելիքյանի համոզմամբ էլ՝ պատերազմները հավերժ ուղեկցելու են մեզ, հետևաբար՝ պիտի պայքարել, որ չկորցնենք անկախությունը․
«Ցավոք, մենք 21-րդ դարում մտել ենք մի ժամանակահատված, որտեղ պատերազմները իրենց տարբեր ձևերով լինելու են մեր հավերժ ուղեկիցը։ Դրա համար մենք պետք է շատ ավելի զգույշ, շատ ավելի պատրաստ լինենք այդ պատերազմը, այդ պայքարը ճիշտ վարելու, որպեսզի, իսկապես, չկորցնենք մեր անկախությունը և պետականությունը»։
Քաղաքագետ Սոսի Թաթիկյանն էլ, ի մի բերելով թե՛ իր, թե՛ գործընկերների դիտարկումներն ու վերլուծությունները, եզրափակեց՝ Արցախի դեմ ուժի կիրառումը խրախուսեց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը․ այն ագրեսիայի թեստ էր։




