ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Անցումային կառավարության հայեցակարգ, քննարկումներ նախկին նախագահների հետ․ շարժումը պատրաստվում է հունիսի 9-ի հանրահավաքին

Մայիսի 9-ը ոչ թե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման սկիզբն էր, այլ երկրորդ փուլի մեկնարկը։ Շարժումը սկվսել էր Տավուշի Կիրանց, Ոսկեպար և Բաղանիս համայնքներում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացից։ Խնդիրը Տավուշում էր,  լուծումը՝ Երևանում՝ ասում է շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Դրա համար էլ շարժման անդամները Երևանում շարունակեցին պայքարը՝ սկսելով դրա  երկրորդ  փուլը:

«Երկրորդ փուլը մայիսի 9-ից 26-ն ընկած ժամանակահատվածն էր, երբ մենք այն հնարավորությունը ստեղծեցինք, որ  կարողանանք լայն իմաստով շփումներ ունենալ քաղաքական, մշակութային, տեխնոլոգիական բոլոր խմբերի մասնակիցների հետ, որոնք անտարբեր չեն, իրենց ներկայացրինք շարժման էությունը։ Մայիսի 26-ին այդ փուլն էլ ավարտվեց»։

Հիմա շարժումը երրորդ՝ վճռական փուլում է։ Սրբազանն ասում է՝ հանգրվաններով են առաջ գնում, դրա համար էլ մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում հնչեցրած 7-10 օրը դարձավ մի ամիս։

«Գիտեք՝ մեզ շատ են ասում՝ ասել եք 7-10 օր, այո, ասել եմ, մենք մտածել ենք այդպես, բայց այդ ժամանակի մեջ մենք հասկացել ենք, որ ավելի մեծ խնդիրների առջև ենք, քան միայն հեռացումն է, աշխարհաքաղաքական խնդիրներ ունենք, մենք ոչինչ չենք խաբում»։

Այս մասին Բագրատ Սրբազանն ասել է Վարդենիս գնալու  ճանապարհին։ Նախօրեին՝  պայքարի հերթական օրն ամփոփելիս հայտնել էր՝ գնալու են Գեղարքունիք, որովհետև այդ մարզը ևս ունի սահմանամերձ համայնքներ ու առաջիկայում գուցե այնտեղ սկսվի Տավուշում ավարտված գործընթացը, եթե ժամանակ ունենար, նաև Սյունիք կգնար։

«Ուզում եմ Սոթքում լինի, որովհետև հենց սահմանին է, այսպես ասած՝ ակնառու վայրն այնտեղ է, Սյունիք գնալու խնդիրը դեռ պետք է ժամանակային առումով լուծենք, քանի որ այստեղ՝ Երևանում, ուրբաթ օրը շատ կարևոր գործառույթ ունեմ անելու, շատ-շատ կարևոր է դա, այս ամբողջ ընթացքի մեջ երևի թե ամենակարևորներից մեկն է»։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի խոսքով՝ պայքարի երրորդ փուլի գլխավոր հանգրվաններն էին ԱԳՆ, ՔԿ ու ՄԻՊ գրասենյակի շենքեր այցելելը։ Երեք կառույցների ղեկավարներին Գալստանյանը հարցեր էր ուղղել։ ԱԳ նախարարության մոտ պահանջել էր հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական բանակցությունների, Խաղաղության պայմանագրի ու սահմանազատման գործընթացի  մասին բաց ու հրապարակային քննարկում։  Այդ օրը՝ մայիսի 31-ին,  ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ եղան, իսկ  այսօր արդեն  ՔԿ-ն հայտարարեց, որ ակցիայի ընթացքում խուլիգանական արարք կատարելու մեղադրանքով 3 անձ կալանավորվել է, 4-ը ձերբակալվել են, 5-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։

Շարժումը հենց այս բախումների հետևանքով տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Գալսանյանի ձևակերպմամբ՝ ոստիկանական զորքերի անհամաչափ գործողությունների գնահատականների հետևից հունիսի 3-ին Քննչական կոմիտեի, հունիսի 4-ին ՄԻՊ գրասենյակի դիմաց էր։ Երկու կառույցների ղեկավարների հետ էլ հանդիպում տեղի չունեցավ։ Քննչական կոմիտեից տեղեկացրին՝ շենք մտնելու և Քյարամյանին հանդիպելու համար հատուկ ընթացակարգ կա, պիտի դիմում լրացնեն, ՄԻՊ Անահիտ Մանասյանն էլ խոսնակի միջոցով փոխանցեց՝ պատրաստ է մինչև 4 անձի հետ հանդիպելու, բայց՝ առանց լրագրողների ներկայության։

«Ինքն առաջարկել է չորս հոգի՝ առանց լրագրողների, կամ մինչև չորս հոգի, մենք էլ չենք ընդունել առանց լրագրողների հանդիպումը, որովհետև իր պարտականությունը հանրային լինելն է, ժողովրդին ներկայայացնելը այն բոլոր խնդիրներն ու գործերը, որոնք իրենք անում են»

Անահիտ Մանասյանը նույն օրը պարզաբանեց՝ առանձին քաղաքացիների հետ երբևէ այլ քաղաքացիների ներկայությամբ չի հանդիպել․

«Պարզապես քաղաքացիների հետ, նաև նկատած կլինեք, մենք երբևէ չենք ունենում որևէ տեսակի քննարկում, մի քաղաքացու հետ իմ հանդիպումը լինելու է առանց այլ քաղաքացիների ներկայության»։ 

Նախորդ օրերին Սրբազանը նաև որոշ փակագծեր է բացել․ շարժմումը սկսելուց 15 օր առաջ հանդիպել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, քննարկել անելիքները, մի քանի օր առաջ էլ նույն հարցերի շուրջ խոսել երրորդ նախագահի հետ։ Նախօրեին  Սուրբ Աննա եկեղեցու բակում Գալստանյանը թվարկել է վարչապետի հրաժարականի դեպքում ձևավորվելիք  անցումային կառավարության 3 հիմնական գործառույթները։

«1․ Հաշտության Կառավարություն, որն իրականացնելու է հաշտության օրակարգը բոլոր շերտերում։

2․ Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորում և իրավիճակի գնահատում՝ փորձելով հասնել նրան, որ երկիրն այս ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակում կարողանա իր ուրույն ընթացքը պահել։

3 Պատրաստել արտահերթ ընտրություններ այն ժամանակահատվածում, որը կսահմանվի, իսկ ժամանակավոր Կառավարությունը չի մասնակցի այդ ընտրություններին, որպեսզի չխաթարվի արդարության սկզբունքը»։

Ենթադրյալ կառավարության կազմի մասին Գալստանյանը չխոսեց ու հայտարարեց՝ որևէ դեպքում անուններ չի հնչեցնելու։ Չբացելով փակագծերը՝ հայտարարեց նաև, որ հունիսի 9-ի երեկոյան Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք է անցկացվելու, որը վճռորոշ կլինի շարժման հետագա ընթացքի համար։

Կարդացեք նաև

Back to top button