ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հայաստանը կմասնակցի Փարիզի ռազմական ցուցահանդեսին․ փորձագետը համոզված է՝ մեր երկիրը լուրջ ասելիք ունի այնտեղ

Հունիսի 17-ից 21-ը Փարիզում կանցկացվի Ցամաքային, հակաօդային պաշտպանության և անվտանգության EUROSATORY (Յուվրոսեթըրի) ցուցահանդեսը, որին առաջին անգամ կմասնակցի նաև Հայաստանը։ Ցուցահանդեսին կմասնակցի ավելի քան 1800 մասնակից 90 երկրից։ Ենթադրվում է, որ ցուցահանդեսը կունենա շուրջ 98 հազար այցելու։ Որոշ փորձագետներ սա լավ հնարավորություն են համարում Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանություններն ավելի ու ավելի հաճախ են ընդգծում ռազմատեխնիկական մատակարարումները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը։

Փարիզում սպասվող ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանը կներկայացվի «Արմենիա» տաղավարով։ Տաղավարում կհյուրընկալվի Ֆրանսիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի անդամ ընկերությունների և Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների պատվիրակությունը։

Սա հայկական այս ընկերություններին հնարավորություն կտա առաջին անգամ ներկայացնել իրենց տեխնոլոգիաներն ու լուծումները եվրոպական միջազգային ցուցահանդեսում՝ պայմանագրեր կնքելու նպատակով։ Այս մասին ասված է Միջազգային պաշտպանական և անվտանգության EUROSATORY ցուցահանդեսում հայկական տաղավարի մասին պատմող հուշաթերթիկում։

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը նկատում է, որ Հայաստանն ունի սեփական արտադրության ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, որոնք ցուցաբերել են բավականին բարձր արդյունավետություն և կարող են հետաքրքրել շատերին.

«Հայաստանը կարող է դրանով աչքի ընկնել և հետաքրքրել, մանավանդ՝ հայկական արտադրանքը, իմ կարծիքով, կլինի գնային առումով ավելի մատչելի։ Դրա համար ցուցահանդեսը առաջին հերթին թույլ կտա հայկական կողմին դուրս գալ միջազգային շուկա, զարգացնել ավելի այդ ոլորտը։ Կարծում եմ՝ սա, իրոք, լավ հնարավորություն է հայկական կողմի համար»։  

Հունիսի 18-ին ցուցահանդեսի շրջանակում GICAT (Ֆրանսիայի պաշտպանության և անվտանգության արդյունաբերության կազմակերպություն) տաղավարում կանցկացվի ֆրանս-հայկական համաժողով՝ նվիրված Հայաստանի պաշտպանական կարիքներին և Ֆրանսիայի հետ ընթացիկ համագործակցությանը։ Համաժողովին կմասնակցի ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որն այս օրերին Սոֆիայում բանակցություններ է վարում բուլղարացի գործընկերների հետ։

Փարիզի ցուցահանդեսին կմասնակցեն նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, GICAT-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի անդամներ։ Միջազգային պաշտպանական և անվտանգության EUROSATORY ցուցահանդեսում հայկական տաղավարը կկառավարի Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը՝ Տիգրան Առաքելյանի նախագահությամբ։

Որոշ փորձագետներ կարծում են, որ Փարիզում սպասվող ցուցահանդեսը ռազմական համագործակցության քարտեզն ավելի բազմազան դարձնելու համատեքստում լավ հնարավորություն է Հայաստանի համար։ Փորձագետներ էլ կան, որ կարծում են, որ այդ մոտեցման մեջ թե՛ առավելություններ, թե՛ ռիսկեր կան։ Վան Համբարձումյանն, օրինակ, կարծում է, որ նման ցուցահանդեսը նաև հայկական զենքի գնման շուկայի դիվերսիֆիկացիայի առումով է լավ հնարավորություն. 

«Այդ ցուցահանդեսում հայկական կողմը ոչ միայն գնալու է ներկայանալու իր ապրանքանիշով, այլև հայկական կողմը ծանոթանալու է մյուս երկրների արտադրանքատեսակներով, կարող է նախնական բանակցություններ վարել։ Այնտեղ ներկայացված է լինելու, ամենաառաջինը, որ ինձ հետաքրքրում է, Ֆրանսիայի Հանրապետությունն է, որ լուրջ հնարավորություններ ունի»։

Հիշեցնենք, որ հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունը սկսեց խորանալ 44-օրյա պատերազմից հետո։ Այս տարվա փետրվարին Հայաստան այցելեց Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն և նախարար Սուրեն Պապիկյանի հետ պայմանագիր ստորագրեց, որի համաձայն՝ ՀՀ զինված ուժերը շարունակելու են պաշտպանական զենք, զինամթերք գնել Ֆրանսիայից։

«Մեկուկես տարվա ընթացքում մեզ հաջողվել է էական առաջընթաց գրանցել, և նաև թույլ է տալիս մեզ ասել, որ մեր գործընկերությունը նաև առաջիկա տարիների համար մեզ հնարավորություն է տալու երկարաժամկետ պլանավորում իրականացնել»։  

Ամեն անգամ ելնելու ենք պաշտպանական օպերատիվ կարիքներից, որը կարտահայտվի հայ գործընկերների կողմից՝ իր հերթին հայտարարեց Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։

«Շատ չխորանամ, թե ինչ սարքավորումներ են գալու Հայաստան, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության են, որովհետև այս տարածաշրջանում առաջնահերթ է և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը։ Հակաօդային պաշտպանության սարքերի մասին նույնպես ասեմ՝ եթե Հայաստանը կարիք ունենա, կարճ, միջին և այլ երկարության հրթիռներն էլ ձեր տրամադրության տակ կլինեն»։

Ֆրանսիայի հետ հույսեր կապելու հարցում, սակայն, որոշ փորձագետներ թերահավատ են։ Քաղաքագետ Արթուր Խաչիկյանի կարծիքով՝ պետք է տարբերակել հայտարարություններն ու իրական համագործակցությունը։ Ռազմական որոշ փորձագետներ էլ շեշտում են, որ Հայաստանի զենքի հիմնական մատակարարը Ռուսաստանն էր, քանի որ այդ երկիրը Հայաստանին զենք-զինամթերքը վաճառում էր շուկայականից մի քանի անգամ էժան։

Կարդացեք նաև

Back to top button