
Այսօր առավոտյան Վրաստանից երկաթուղով բենզինի և դիզվառելիքի առաջին խմբաքանակը հասել է Այրում կայարան։ Այս մասին Facebook-ում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նախարարը նշել է, որ կայարանից վառելիքը նորոգված կամրջով բենզատարներով տեղափոխում և մատակարարում են հանրապետության տարբեր շրջաններ։
Այրում կայարանում հունիսի 5-ի առավոտյան եռուզեռ էր։ Այստեղ ոչ միայն աղետի հետքերն էին շարունակում մաքրել։ Մոտ տասն օր դադարից հետո երկաթուղին կրկին սկսել էր գործել։ Վրաստանից բենզինի և դիզվառելիքի առաջին խմբաքանակը հասել էր Այրում կայարան։ Այս մասին Facebook-ում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նախարարը նշել է, որ կայարանից վառելիքը նորոգված կամրջով բենզատարներով տեղափոխում և մատակարարում են հանրապետության տարբեր շրջաններ։
«Կարողացանք երկաթուղային կամուրջը փոխել ու դարձնել տրանսպորտային։ Այսօր այս օրերի ընթացքում առաջին անգամ դիզվառելիք ու բենզին ներմուծվեց Հայաստան։ Արդեն օդանավակայանի վառելիքի հետ էր խնդիր առաջանում, որպեսզի լարվածությունը թուլացնենք։ Երկաթուղու մի շարք հատվածներ վերակառուցվում են։ Յոթ բնակավայրերի համար կամուրջ ենք կառուցում, որն այսօր երեկոյան կամ առավոտյան պատրաստ կլինի»։

Տավուշի մարզի Այրում կայարանում միայն երկաթգիծը չէ, որ վնասվել է։ Այստեղ գտնվող տները նույնպես մեծ վնասներ են կրել աղետից։ Այսօր էլ՝ աղետից մոտ տասը օր հետո էլ բնակիչները տագնապով են հիշում մայիսի 25–ի գիշերը։
«Գիշերը 3․30 էր, ընդամենը հասցրել ենք շանը փրկել ու բարձրացել ենք երկրորդ հարկ։ Նման բան եղել է մեկ էլ 1959թ։ 2010 թվականին էլ գետը մի փոքր բարձրացել էր, լցվել այգիները, բայց այսքան չէր»։
Թե որքան վնաս է կրել այս ընտանիքը, դժվար է ասել, սակայն գոհ են, որ մարդկային կորուստ չունեն․
«Ռեալ, որ հաշվեմ, երկու մեքենա ունեմ՝ մեկը 60 հազար դոլար, մի հատ էլ opel` 4 հազար դոլար։ Մեկ էլ տան վերանորոգում, սաղ դատարկ է հիմա տունը։ Որ կառավարությունը օգնի լավ կլինի, որ չէ՝ նորից պետք է փորձենք աշխատել»։

Վնասների մասով ֆինանսական հստակ գնահատականներ դեռ չկան, առաջիկայում էլ չեն լինի՝ ասում էԳնել Սանոսյանը։ ՏԿԵ նախարարի խոսքով՝ ամենաշատը տուժել են Քարկոփն ու Ալավերդին։ Վնասները բազմաշերտ են՝ պետական խոշոր ենթակառուցվածքներ, անհատական բիզնես ու համայնքային ճանապարհներ․
«Ոչ թե հաշվել չգիտենք, այլ պատճառներն են տարբեր ու օբյկետիվ։ Հիմա ունենք բարձրահարկ շենքեր, որոնց առաջին հարկերը ջրով ու տիղմով են լցվել։ Հիմա քաղաքաշինության կոմիտեի գործընկերները նախնական ուսումնասիրություն են անում, բայց բավական ժամանակ կպահանջվի հասկանալու համար, թե շենքը ինչ աստիճանի է վնասվել, վթարային է, թե ոչ»։
Լոռու և Տավուշի մարզերում վերականգման աշխատանքները շարունակվում են։ Մ-6 միջպետական ճանապարհի բոլոր փլուզված հատվածներում լիցք է կատարվել է՝ ապահովելով ճանապարհների անցանելիությունը։ Նախօրեին ավարտվել է նաև «Թուֆենկյան» համալիրի մոտ փլուզված ճանապարհահատվածի ժամանակավոր վերականգնումը։ Այդ հատվածներում ճանապարհը երթևեկելի է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Որոշ տեղամասերում երթևեկությունը միակողմանի է։

Հեղեղումից անմիջապես հետո Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) աղետի գոտու խմելու ջրից 280 նմուշառում է կատարել: Ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել: Մշտադիտարկման արդյունքները փաստում են` այժմ չեզոքացված են նաև աղետի առաջին օրերին խմելու ջրում ի հայտ եկած սանիտարական շեղումները: Աղետի գոտում ՀՎԿԱԿ-ի մասնագետները շարունակում են նաև հողից և անկած կենդանիներից նմուշառումներ կատարել, տեղում իրականացնել իրազեկում: Գնել Սանոսյանը բացատրում է․
«Բավականին մեծ քանակությամբ տիղմ կա, որի մեջ կարող են վնասակար նյութեր լինել։ Մյուս կողմից կան անկած կենդանիներ՝ հավեր, խոզեր, որոնց մի մասի մարմինները հայտնաբերվել են, մի մասինը՝ չէ։ Դրա համար առողջապականա ոլորտի գործընկրեները մի կողմից աշխատում են, մյուս կողմից հորդորում են զգույշ լինել։ Գետի ափերով որոշակի փնտրողական աշխատանք են կատարում, որպեսզի, եթե մարմինները հայտնաբերվեն, դրանց համար գերեզմանոցներ են առանձնացվել»։
Ջրհեղեղի հետևանքների վերացման համար ՀՀ Ներքին գործերի նախարարության խնդրանքով ակտիվացվել է Եվրոպական Միության Բնակչության պաշտպանության մեխանիզմը՝ բարձրակարգ մասնագիտական խորհրդատվություն, նյութատեխնիկական աջակցություն և արբանյակային տվյալներ ստանալու նպատակով։ ԵՄ կողմից տրամադրվող աջակցությունը օպերատիվ կազմակերպելու համար Բրյուսելից Երևան է ժամանել Եվրոպայի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի համակարգող սպան։ Միջազգային օգնության կոչին առաջինը արձագանքողներից է Շվեյցարիան, որը մասնագիտական խումբ է գործուղել Հայաստան ենթակառուցվածքների վիճակը, ամբողջականությունը, վերականգնելու հնարավորությունը ուսումնասիրելու համար:
Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով քանդված կամուրջների վերակառուցման և նոր կամուրջների կառուցման գործում Հայաստանի կառավարությունն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը։ Ճանապարհներ ու կամուրջներ կան, որոնք դեռ պետք է ուսումնասիրվեն։ Ըստ այդմ, կհասկանան՝ նորն են կառուցելու, թե օրինակ՝ հենապատերն են ամրացնելու։




