ԿարևորՍպորտ

Հայաստանը և Վրաստանը 2029թ․ ՖԻՖԱ–ի երիտասարդական առաջնությունը հյուրընկալելու համատեղ հայտ կներկայացնեն

Հայաստանը և Վրաստանը 2029թ․ ՖԻՖԱ–ի երիտասարդական առաջնությունը հյուրընկալելու համատեղ հայտ կներկայացնեն, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում հրավիրված ասուլիսում հայտարարել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին։

«Միասին որոշել ենք հայտ ներկայացնել ՖԻՖԱ՝ 2029 երիտասարդական ԱԱ համատեղ անցկացնելու վերաբերյալ։ Նախնական պայմանավորվածությունը դեռևս անցած տարի է ձեռք բերվել, մի քանի հանդիպում եղել է Թբիլիսիում։ Պետք է նշել, որ եթե կարողանանք այս հայտը հաղթել, մեզ համար սա կլինի հրաշալի հաղթանակ, քանի որ սա ՖԻՖԱ-ի անցկացվող խոշորագույն մրցաշարերից է, և նման կարգի մրցաշարը կբարձրացնի երկու երկրների ֆուտբոլի մակարդակը», —ասել է Արմեն Մելիքբեկյանը։

«Ուրախ եմ, որ միասին ենք հանդես գալիս համատեղ մրցաշարն անցկացնելու հայտով, քանի որ մենք ոչ միայն զուտ հարևաններ ենք, այլև բարեկամներ ենք։  Պետք է ասեմ, որ այս հարցում շատ կարևոր էր Վրաստանի հավաքականի ԵՎՐՈ 2024-ի եզրափակիչ փուլ դուր գալու գործոնը։ Բացի դրանից, ես՝ որպես ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ, վստահեցնում եմ ու հաստատում եմ, որ ՈՒԵՖԱ-ի գործկոմը միանշանակ և աներկբա աջակցելու է Հայաստանի և Վրաստանի համատեղ հայտնին», — ասել է Կոբիաշվիլին։

Նախատեսվում է երկու ստադիոն  կառուցել Վրաստանի սահմանին մոտ։ Ըստ նախնական պայմանավորվածության, առաջին ստադիոնը կկառուցվի Դիլիջան — Իջևան հատվածում, մյուս ստադիոնը կլինի Լոռու մարզում՝ Վանաձոր քաղաքում։ Օգտագործվելու է նաև Հանրապետական ստադիոնը։ Արմեն Մելիքբեկյանը հույս է հայտնել, որ ազգային ստադիոնի գաղափարը նույնպես իրականություն կդառնա՝ այս առումով նույնպես կառավարության հետ համագործակցություն կա։

Կարդացեք նաև

Back to top button