ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները Բելառուսում փաստաթղթերի փաթեթ են ստորագրել

Բելառուսի Նեսվիժ քաղաքում այսօր անցկացվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ ԵԱՏՄ երկրները տնտեսական լավ ցուցանիշներով են ամփոփել կառույցի հոբելյանը։ Տնտեսական այս միությանն անդամակցում են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղըզստանը և Հայաստանը։ Ի տարբերություն ՀԱՊԿ-ում անցկացվող միջոցառումների, ԵԱՏՄ միջոցառումներին Հայաստանը մասնակցում է։ Նեսվիժում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ՀՀ-ն այս անգամ ներկայացել է փոխվարչապետի մակարդակով։ ԵԱՏՄ ՄԿԽ-ի հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Երևանում։

Ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ԵԱՏՄ-ում Հայաստանը, տնտեսական անվտանգության մասով իր շահը, տեսնում է։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է՝ առանց որևէ քաղաքական և հատկապես՝ աշխարհաքաղաքական օրակարգի»  սկզբունք-մոտեցմամբ։ Թեպետ փորձագետները համոզված են, որ անհնար է անվտագնային առումով լինել մեկ, տնտեսական շահի ու անվտանգության առումով՝ այլ գոտում։

Այս համատեքստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խորհրդարանում այսօր խոստովանել է. «Խնդիրներ ունենք, որ կապված չեն ԵՄ-ՀՀ օրակարգից, կապված են ԵՄ-ԵԱՏՄ օրակարգից։ Ակնհայտորեն սանկցիոն գործողություններն իրենց բացասական հետևանքներն ունեցել են մեր տնտեսության վրա»։

Մինչդեռ, ԵԱՏՄ-ում ներկայացվել են թվեր, որոնց համաձայն, անդամկցելով ԵԱՏՄ-ին, Հայաստանը 14 անգամ ավելացրել է արտահանումը միության շուկա, Բելառուսը և Ղազախստանը՝ ավելի քան երկու անգամ, Ղրղըզստանը՝ եռակի։ Ի դեպ, խորհրդարանում ֆինանսների նախարար Վահան Սիրունյանը հայտարարել է. «2023-ին ԵԱՏՄ շրջանակում մուտքագրվել է 73 մլրդ դրամի մաքսատուրքեր, իսկ ելքագրվել՝ 184 մլրդ-ի մաքսատուրքեր՝ մինուսով»։

Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելուց օգուտներ են ստանում հնգյակի բոլոր պետությունները, առաջին հերթին ներքին սահմաններին մաքսային վերահսկողության բացակայության շնորհիվ։

Արդյունաբերական համագործակցությունը ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգության բանալին է, այս մասին  Բելառուսի վարչապետ Գոլովչենկոն է հայտնել։

«ԵԱՏՄ ՀՆԱ-ն 10 տարվա ընթացքում աճել է ավելի քան 12%-ով։ ԵԱՏՄ-ն պետք է լրացուցիչ որոշումներ ընդունի ապրանքների մաքսային արժեքը վերահսկելու համար»։

ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծությունների առկայության մասին է հայտարարել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր ելույթում։

«ԵԱՏՄ զարգացման կարևորագույն գործոնը ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման հարցն է: Ապավինում ենք գործընկերների կառուցվածքային մոտեցմանը, որը թույլ կտա հարթել առկա մի շարք տարակարծությունները և առաջընթաց արձանագրել եվրասիական տարածքում ինտեգրման հայեցակարգում ամրագրված առանցքային սկզբունքների իրականացմանն ուղղված գործնական քայլերի շրջանակում»։

Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական ցուցանիշներով, սակայն, հիմնական նպատակին՝ ընդհանուր շուկայի ձևավորմանը հասնելու խնդիրը կախված է ոչ այնքան անդամ երկրների փոխադարձ առևտրի ծավալների ցուցանիշներից, որքան դրա որակական բնութագրերից:

ԵԱՏՄ այլ հրատապ խնդիրներից ՀՀ փոխվարչապետն առանձնացրել է տրանսպորտային միջանցքների, ինչպես նաև միավորման շրջանակներում տարբեր նախագծերին աջակցելու ֆինանսական մեխանիզմների զարգացման, պարենային անվտանգության ապահովմանը միտված ուղիների կատարելագործման անհրաժեշտությունը:

«Առկա ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման, սննդամթերքի հասանելիության անխափան ապահովման և խոչընդոտների, այդ թվում՝ տրանսպորտային և լոգիստիկ, վերացման նպատակով անհրաժեշտ ենք համարում այդ հարցի վերաբերյալ» մշակել համապարփակ մոտեցումներ»։

ԵԱՏՄ-ում միասնական մաքսային տարանցման համակարգի շուրջ համաձայնության գալու անհրաժեշտության մասին է հայտարարել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Առաջնահերթությունը ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման հետագա բարելավումն է՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում հայտարարել է Ռուսաստանի վարչապետը.

«Անցյալ տարեվերջին Միության Մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, որոնք զգալիորեն պարզեցրեցին ինչպես ԵԱՏՄ երկրների ինտերնետ հարթակներում ապրանքների գնումը, այնպես էլ դրանց հետագա ընթացքը։ Այժմ մենք խնդիր ունենք համաձայնեցնելու միջազգային համաձայնագիրը միասնական մաքսային տարանցիկ համակարգի մասին, որպեսզի մյուս երկրները կարողանան միանալ արդեն ձևավորված միութենական համակարգին»։

Միշուստինի կարծիքով՝ դա կհեշտացնի ապրանքների փոխադրումը, հնարավոր կդարձնի ընդհանուր տարանցիկ հայտարարագիր կիրառել, նավիգացիոն կնիքների միջոցով հետևել բեռներին, ինչպես նաև երաշխավորել մաքսատուրքերի վճարումը։ Ամփոփելով ասվածը՝ Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել է։

«Ընդհանուր առմամբ, ես կասեմ, որ ԵԱՏՄ-ում իրականացվող բոլոր նախագծերն ուղղված են օրենսդրության մերձեցմանը և ինտեգրացիոն գործընթացների խորացմանը»։

Այդ ամենի վերաբերյալ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները Նեսվիժում կայացած հանդիպման արդյունքներով փաստաթղթերի փաթեթ են ստորագրել։ Դրանք, ինչպես համոզված են ԵԱՏՄ-ում, կնպաստեն տեխնոլոգիական ինքնիշխանության ապահովման և տնտեսական անվտանգության երաշխիքներին։ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները կարծում են, որ ԵԱՏՄ-ն պետք է ակտիվացնի աշխատանքը երրորդ երկրների հետ ազատ առևտրի գոտիների մասին համաձայնագրերի շուրջ։

Ի դեպ, Իրանը պաշտոնապես դիմել է ԵԱՏՄ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու խնդրանքով։

«Եթե բոլոր ընթացակարգերը պահպանվեն, ապա Իրանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու մասին որոշումը կարող է կայացվել արդեն այս տարվա դեկտեմբերի վերջին»,– լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Այս պահին կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Կուբան, Մոլդովան և Ուզբեկստանը։ Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Երևանում։ ԵՄԿԽ-ի հանդիպումներն անցկացվում են տարեկան առնվազն երկու անգամ:

Back to top button