
44-օրյա պատերազմին հաջորդած 4 տարիների ընթացքում Քննչական կոմիտեն պատերազմի հանգամանքներին վերաբերող 10 հազարից ավելի քննչական գործողություն է իրականացրել, հարյուրավոր գործեր ուղարկել դատարան։ Դրանցով 400-ից ավելի անձ է մեղադրվում, նրանցից 95-ը սպաներ են։
2022-ի նոյեմբերին «Քիմիկների» զորամասի անհետ կորած պայմանագրայինների ծնողները հերթական դատական նիստից հետո վստահ էին՝ ոչ մի սպա չի պատժվելու։ Հարուցված քրեական գործի շրջանակում քննվում են 2020-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում Էջմիածնի N զորամասի 62 հոգանոց խմբի շրջափակման մեջ ընկնելու հանգամանքները։
62 զինծառայողից 34-ը զոհվել, անհետ կորել կամ գերեվրարվել էին։ Այս գործով մեղադրյալներն են ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը, զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանը։ Ըստ վկաների՝ ԶՈՒ գլխավվոր շտաբի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը ճիշտ չի կազմակերպել անձնակազմի ուղեկցման հարցը, և դրա, ինչպես նաև զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով զինծառայողները հայտնվել են հակառակորդի շրջափակման մեջ։
Հակակոռուպցիոն դատարանում մինչ օրս էլ շարունակվում է դատաքննությունը։ Այս գործով վերջին նորությունն այն է, որ ապրիլի 22-ին որպես վկա հարցաքննվել է 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը։ Դատական նիստը դռնփակ է եղել։ Մեղադրյալները առաջարդված մեղադրանքները չեն ընդունում։

Գործերից մեկով էլ Արցախի 9-րդ պաշտպանական շրջանի՝ Ջրականի զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանն արդեն 2.5 տարի մեղադրվում է գումարտակի նորակոչիկներին մարտի դաշտում միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։ Նույքան ժամանակ էլ վերջինը չի ընդունում մեղադրանքները, նախորդ դատական նիստին, ցուցմունք տալով ասել էր՝ ինքը ոչ մի խախտում թույլ չի տվել՝ թե օրենքով, թե առանց օրենքի։ Ըստ վկայությունների սակայն՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին, երբ հակառակորդը հարձակվել է, Իշխան Վահանյանն իջել է Խուրհատ սարից՝ ասելով, թե վիրավոր է, նստել է մեքենան և գնացել՝ իր հետ տանելով նաև կապի միջոցը։ Գումարտակի մեծ մասը դրանից հետո գնացել է դեպի Հադրութ, որն արդեն շրջափակված էր ադրբեջանական ուժերով։
Մինչ բազմաթիվ մարդկային ու նյութական ծանր կորուստներ, ռազմավարական դիրքեր ու պաշտպանական շրջաններ արժեցած գործողությունների կամ անգործության հանգամանքները պարզվում են դատական մարմիններում, Քննչական կոմիտեն հայտնում է՝ երարատև քննության արդյունքում ունեն բոլոր ուղղություններով ռազմական գործողությունների քրեաիրավական գնահատականը։ Կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյան․
«Քննությունը իրականացվել է բոլոր պաշտպանական ուղղություններով, ինչպես նաև բոլոր հիմնական այն օպերացիաներով, որոնք իրականացվել են ռազմական գործողությունների ընթացքում,և քննությունն իրականցվել է ընդհուպ ջոկերի մակարդակով՝ գործողությունները տեսանելի դարձնելու, քննության առարկա դարձնելու նպատակով։ Այս առումով՝ ահռելի ծավալի քննություն է իրականացվել, ընդհանուր կատարված քննչական գործողությունների թիվը գերազանցում է 10 000-ը, այս քրեական վարույթներով ընդհանուր հատորների թիվը գերազանցում է 1000-ը»։

2020-ի պատերազմի ավարտից հետո ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել երկու ուղղություններով։ Մեկը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության իրականացրած ռազմական հանցագործություններն են՝ ներառյալ քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների նկատմամբ հանցավոր դրսևորումները։ Մյուսը հայկական ԶՈՒ-երին վերագրվող գործողություններ, որոնք այս կամ այն չափով հանգեցրել են պատերազմի աղետալի հետևանքների։ Առաջին մասով քննությունը դեռ շարունակվում է՝ ասում է Քննչական կոմիտեի խոսնակը, երկրորդ ուղղությամբ արդեն կան ուշադրության արժանի փաստեր ու թվեր։
«Իսկապես մեծ ծավալի քննության արդյունքում հիմնական գրեթե բոլոր ուղղություններով ամբողջական պատկերը պարզվել Է, պատճառներն ի հայտ են բերվել, դրանք ներկայացվել են նաև մեր պաշտպանական գերատեսչությանը, ընդհանուր 400-ից ավելի անձանց հետ կապված գործեր, ընդ որում, նրանցից 95-ը սպաներ են՝ քրեական հետապնդման ենթարկվող և դատարան ուղարկված գործերով, և փաստացի ունենք բոլոր ուղղություններով առկա իրավիճակի քրեաիրավական գնահատականը, առանձին դրվագներ կան դեռևս, որոնցով քննություն է իրականացվում։ Առաջիկայում այդ մասով էլ ևս ունենք որոշակի ամփոփումներ, արդյունքներ»։
Պատերազմի գործով նախաքննությունը մոտենում է ավարտական փուլին՝ օրերս Սյունքիում հայտարարել էր ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, նաև նշել, որ կառույցը արդեն ունի 44-օրյա պատերազմի իրական պատկերը և այն հարցերի պատասխանները, թե ինչու՞ պարտվեցինք, ո՞րն էր դրա պատճառը, որտե՞ղ էին թույլ օղակները։

Պարզված հանգամանքերը ուսումնասիրության առարկա կդառնան մասնագիտական հանրույթի համար, բայց հանրության լայն զանգվածներին չեն ներկայացվի՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ասում է Աբրահամյանը։ Նշում է՝ այս պահին ունենք 174 անհետ կորած զինծառայող և 20 քաղաքացիական անձ։ Իրականացրած մեծաթիվ քննչական գործողությունները արդյունքում հստակեցվել են նաև անհետ կորած զինծառայողների վերջին գործողությունների վայրերը․
«Ըստ ուղղությունների՝ մեծամասամբ կարող եմ ասել, որ բոլոր մեր զինծառայողների գործողությունների վայրերը դարձել են քննություններով տեսանելի, հասկանալի»
Բազմաթիվ անհետ կորածների, զոհվածների իրավահաջորդներ՝ որպես տուժող կամ վկա այս պահին անցնում են այնպիսի քրեական գործերով, ինչպիսին են «Քիմիկների զորամասի», «Հադրութի շրջանի Այգեստան գյուղում 73 զինծառայողների զոհվելու», «Իշխան Վահանյանի կամ Խուրհատ սարի» քրեական գործերն են։ Այս դատաքննություններից որևէ մեկով դեռևս դատավճիռ չկա։




