ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Թուրքիան Հայաստանի հետ քննարկելու բան չունի, քանի որ կան ադրբեջնական պահանջներ․ թուրքագետ

Թեև Հայաստանի ու Թուրքիայի բանագնացները արդեն երկու տարի է չեն հանդիպում, ՀՀ արտգործնախարար Միրզոյանը հայտարարում է, որ երկու երկրների միջև կա լայն փոխըմբռնում մի շարք հարցերում։

Թուրքագետները մինչդեռ մատնացույց են անում ավելի քան մեկ տարի առաջ ձեռք բերված պայմանանվորվածությունները ու հստակ հավաստիացումները՝ այդ թվում թուրքական կողմից , որոնք մինչ օրս չեն իրականացվել։ Ըստ այդմ փորձագետները թերահավատ են հայ-թուրքական սահմանի բացման հարցում։

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մի շարք հարցերի շուրջ լայն փոխըմբռնում կա, խորհրդարանում 2023 թվականի բյուջեի հաշվետվության ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա իրական, գործնական արդյունքի ակնկալիք ունի․

«Իհարկե, շարունակել ենք նաև Թուրքաիայի հետ կագավորման գործընթացը։ Ունենք մի շարք հարցերի շուրջ բավականին լայն փոխըմբռնում և ակնհայտորեն, իհարկե, ժամանակն է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ»։

ՀՀ արտգործնախարարը հստակեցնում է, որ Թուրքիայի կողմից պահանջներ չկան, կան շատ առողջ երկխոսություն նաև պայմանավորվածություններ, որոնցից հիմնականները, ցավոք, առայժմ կյանքի չեն կոչվել՝ պայմանավորված այլ, երրորդ գործոններով։ Եվ ակնկալիքն այն է, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները կսկսեն իրականանալ։ ՀՀ արտգործնախարարը հստակեցրել է, որ հայկական կողմը պատրաստ է շարունակելու  իր իսկ բնորոշմամբ շատ առողջ և նորմալ երկախոսությունը։

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը, մեկնաբանելով ՀՀ արտգործնարարի հայտարարությունը, կարծիք է հայտնում, որ Թուրքիայի հետ կա փոխըմբռնում, քանի, որ պաշտոնական Երևանը սկսել է սահմանազատում իրականացնել Ադրբեջանի հետ․

«Փոխըմբռնումը բանակցություններով չի ընթանում, այլ նրանով, թե որքանով է ՀՀ կատարում Ադրբեջանի պայմանները։ Եթե Հայաստանը կատարում է Ադրբեջանի պայմանները, ինքնաբերաբար լայն փոխըմբռնում է առաջանում Հայաստանի ու Թուրքիայի միջև։ Բանագնացները չեն հանդիպում, սակայն սահամանազատում է տեղի ունենում։ Ղազախի շրջանի չորս գյուղերը տրվել են Ադրբեջանին»։

Լավատեսություն արտահայտող հայ-թուրքական հարաբերույթունների մասին հայտարարություններին զուգահեռ, հիշենք, որ արդեն երկու տարի է Հյաստանի ու Թուրքիայի բանագնացները չեն հանդիպում, թեև պարբերաբար նշվում է, որ շուտով առկա պայմանավորվածությունների մասով, գուցե լավ նորություն լինի։ Խոսքը թերևս երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման մասին է։ Վստահեցումներ կան, սակայն տեղաշարժ՝ ոչ։

Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը վերջին անգամ հանդիպել են 2022թ․ հունիսի 1-ին՝ Վիեննայում, դա բանագնացների պաշտոնական չորրորդ հանդիպումն էր, որի ժամանակ կողմերը պայմանավորվեցին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Այս գործում սակայն, տեղաշարժ չկա:

«Ադրբեջանն ու Թուրքիան նշել են, որ կարիք չկա բանագնացների հանդիպման, քանի որ քննարկման նյութ էլ չկա։ Եթե կկատարվեն ադրբեջանական պայմանները, սահմանը կբացվի՝ ասում են, իսկ այն ինչ ասում են, անգամ քննարկման նյութ չի»։

Ընդ որում՝  երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին ՀՀ արտգործնախարարը վստահեցրել էր նաև անցած տարվա նոյեմբերին։

Մի քանի օր առաջ ՊԵԿ հայտարարեց, որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետի կապիտալ նորոգումն ամբողջությամբ ավարտվել է։ Շինաշխատանքները տևել են մոտ 6 ամիս և ավարտվել են դեռ անցած տարվա նոյեմբերին։

ՊԵԿ-ը նշում է, որ պետական սահմանային հսկողությունը նախատեսված է իրականացնել այնպես, ինչպես Հայաստանի մյուս անցակետերում է՝ «մեկ պատուհանի» սկզբունքով։

Կառուցվել են սպասարկման սրահ, խորը զննման անգար, բեռների ձևակերպման տաղավարներ և պահեստ, ավտոկայանատեղիներ, ընդարձակ հրապարակ և միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ․․․

Այս դեպքում ինչո՞ւ չի բացվում ցամաքային սահմանը երրորդ  երկրների քաղաքացիների համար։

«Երրորդ երկրների քաղաքացիների համար չի բացվում,  քանի որ «հակաքարոզչություն» է տանում Հայաստանը, ինչից Թուրքիան դժգոհ է։ Նեմեսիսի արձանը, երբ տեղադրվեց , ու Թուրքիան փակեց օդային սահմանը։ Անգամ զբոսավարները, որ գնում են Թուրքիա և նշում, որ արևելյան հատվածներում մեր պատմական հողերն են, դա էլ զայրույթ է առաջացնում և հակաթուրքական գործողություն է դիտարկվում։ Կան անձինք, որոնց մուտքը Թուրքիա դրա համար արգելված է, ցմահ է արգելված։ Վահե Լոռենցը երկար տարիներ խմբեր էր տանում Թուրքիա ու պատմությունը ներկայացնում, և նրան ցմահ արգելել են մուտք գործել Թուրքիա դրա համար»։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում, ինչից հետո բանագնացները ևս երեք անգամ հանդիպել են Վիեննայում, իսկ 2022-ի հուլիսի 1-ին պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն տալ երրորդ երկրների քաղաքացիներին։ Արարատ Միրզոյանը 2022 և 2024 թվականներին մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Իսկ անցած տարի Միրզոյանն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պայմանավորվել էին նաև համատեղ վերականգնել Անիի կամուրջը, սակայն այս հարցում ևս առաջընթաց չկա։

Back to top button