
Աշխարհագրական ցանկացած միջավայր ունի որոշակի հատկանիշներ, որոնք ժամանակի ընթացքում քնում կամ արթնանում են։ Մասնագետներն ասում են՝ պնդումը վերաբերում է նաև Տավուշի ու Լոռու մարզերին։ Հեղեղումների պատճառները վերլուծելով՝ նշում են ոչ միայն տարածաշրջանի աշխարհագրական ժառանգականության, այլ նաև մարդկային գործոնը։
Ջրային համակարգ ու մթնոլորտային պայմաններ․ սրանք Լոռու և Տավուշի մարզերին բնորոշ աշխարհագրական գլխավոր որակներն են, որոնք աշխարհագրագետներն են մատնանշում։ Նրանք վստահ են՝ բնությունը վերադարձնում է այն, ինչ մարդը վերցրել է բնությունից։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գոռ Ալեքսանյան․ «Ցանկացած աշխարհագրական միջավայր ունի որոշակի հատկանիշներ, որոնք որոշակի ժամանակահատվածում, տարածքը ինքն իրեն փոխանցելով, պահպանում է այդ որակները և երկար ժամանակահատված տարբեր տարածքներ տարբեր որակներ են պահում։ Սահարան, օրինակ, ժամանակին կանաչապատ էր, հիմա՝ անապատ։ Աշխարհագրական ժառանգականության մոտեցմամբ այդ տարածքը կարող է վերադառնալ այլ բնական միջավայրի»։
Սա նշանակում է, որ պետք է հաշվի առնել այն, որ ամեն ինչ ժառանգական է՝ անկախ նրանից բույս է, թե կենդանի։ Ամեն մի բնական միջավայր ունի իր գեոգենը՝ այդ տարածքի գլխավոր որակը, որը ինչ էլ լինի, պահպանվում է։
«Այստեղ որոշիչ գեոգենը՝ ջրային համակարգն է ու մթնոլորտային պայմաններն են, որոնք ինչ որ ժամանակահտված կարող են հանգիստ մնալ։ Վերջին դեպքը եղել էր 1959թ, հետո ամեն ինչ հանգիստ էր, մարդկությունը մոռացել էր դրա մասին։ Իրականում այդ որակները ժամանակահատվածի մեջ այլ «գործոնների» չեզոքանալու պատճառով քնեցվել են»։
Քանի որ երկրագունդը համակարգ է, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է, ինչ-որ մի պահի, երբ այդ գործոնների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում, այդ որակները արթնանում են։ Կարևոր է չմոռանալ նաև Լոռու և Տավուշի անտառների մասին։ Այս դեպքում հորդառատ անձրևներն ու մակերևութային հոսքերը միմանց են հանդիպել։ Աշխարհագրագետն ասում է՝ անտառները պաշտպանիչ գործոններ են, որոնք իրենք իրենցով՝ արմատային համակարգով, գոլորշունակության ապահովմամբ կարողանում են մեղմել հեղեղումների վտանգը։
«Այդ տարածքներում որոշիչ հատկություն ունեցող համակարգը՝ անտառային գեոհամակարգը, ինչպես փոխվեցին։ Հայաստանում տեղումներն, ըստ իրենց բնույթի, մանրամաղ ու տեղատարափ կամ հորդառատ։ Առաջինի դեպքում դանդաղ ջուրը գալիս է, ներծծվում է, շատ մեծ ծավալի մակրերևութային հոսք չի առաջանում։ Երկորդը՝ տեղատարափ անձրևներն են։ Ջուրը չի հասցնում ներծծվել։ Միանգամից մակերևութային հոսք է առաջանում։ Այս անգամ ունեցանք մի վտանգավոր երևույթ՝ այս երկուսի համադրությունը»։

Գալարի հատվածում կենտրոնախույզ ուժը ջրի հարվածելու ժամանակ ավելի մեծ է լինում։ Գիտնականը, դա պրոյեկտելով Լոռու և Տավուշի ճանապարհների փլուզված հատվածների վրա, ասում է՝ փլվածքները հենց գալարի հատվածում են եղել։ Պատասխաններ պահանջող հարցեր կան՝ ի ՞նչ հաստության պաշտպանիչ շերտեր են կառուցվել, որ ջրի ուժը չհասներ ճանապարհին։ Ինչպե՞ս են գետին այդքան մոտ հատվածներում տներ կառուցվել։ Ունե՞ն արդյոք այդ տները սեփականության վկայականներ։ Կյանքում ամեն ինչ փոխկապակցված է՝ տնտեսություն, սոցիալականություն ու բնապահպանություն․ երեքը միասին պետք է առաջ տանեն հասարակական կյանքի բոլոր ոլրոտներում։
ԵՊՀ աշխարհագրության ու երկաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Սուվարյան. «Շրջակա միջավայրը մուտք է գործել աղետների փուլ, որը մինչ այժմ շարունակվում է։ Շտապողականություն շինարարության ու տնտեսական գործունեության մեջ՝ առանց հաշվարկների։ Այն սերունդը, որ մեր հաշվին փող է աշխատել, 10 մլն դրամի փոխարեն 5 մլն են ծախսել ճանապարհ կառուցելու վրա, հիմա մենք ենք այդ գումարը վճարելու։ Իրենք ժամանակին խնայել են, մեն ք այժմ վճարում ենք նրանց փոխարեն՝ զոհերի տեսքով։ Բնության մեջ ոչինչ չի կորչում»։
Սեյրան Սուվարյանն արձանագրում է՝ տնտեսական էֆեկտը քանակի աճի հաշվին է եղել։ Տնտեսական գործունեությունը տարերային աղետը խոցելի է դարձնում․
«1946 թվականին Երևանում սելավ տեղ ունեցավ, ավերվեց քաղաքի կեսը։ Դա չի կրկնվելո՞ւ։ Դա բնական երևույթ է, ահավոր է լինելու, քանի որ Գետառը վերցրել, մտցրել ենք խողովակների մեջ։ Այս անգամ ավելի ահավոր է լինելու»։
Նոր Նորքի զանգվածից մինչև Ջրվեժ հատվածը այժմ ուրբանզիացված է, որն ավելի վատ հետևանք է ունենալու՝ ասում է գիտնականն ու հիշեցնում՝ ամենօրյա աշխատանքում պետք է հաշվի առնել ամեն ինչ՝ ռիսկերը նվազեցնելով։ Աղետը կանխել նշանակում է՝ պատրաստ լինել, իսկ մենք դեռ պատրաստ չենք՝ ամփոփում է գիտնականը։




