ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

ԼՂ-ից տեղահանված ավելի քան 13000 քաղաքացի աշխատանք ունի. Մկտրչյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2023թ. պետբյուջեից հատկացվել է 705,6 մլրդ դրամ․ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ այս գերատեսչությանը հատկացվել է ֆինանսական միջոցների ամենամեծ ծավալը։

2023-ին գերատեսչության ծախսերը15 տոկոսով ավելի շատ են եղել, քան նախորդ տարի։ Իրականացվել է 17 ծրագիր 107 միջոցառմամբ։

Սոցիալական ծախսերի մեծացումը պայմանավորվել է Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին ուղղված աջակցության ծրագրերի իրականացմամբ։  ԼՂ-ից բռնի տեղահանված բազմաթիվ ընտանիքներ բնակարանային ապահովման ծրագրի շահառու են դարձել, 13 հազարից ավելի մարդ էլ աշխատանք ունի։

Նախորդ տարվա ընթացքում բյուջեի ամենամեծ հատկացումն  ուղղվել է սոցիալական ոլորտին՝ արձանագրում է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ արձագանքում է՝ իրականացվել է 17 բյուջետային ծրագիր, 107 միջոցառում։

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված 839 ընտանիք։ Միջոցառմանն ուղղվել է 1.6 մլրդ դրամ։

«2023-ին գործուն փուլ ենք տեղափոխել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում հայտնի 16 մլն ծրագիրը, համաձայն որի՝ պետությունն աջակցում է սահմանամերձ գյուղական համայնքներում հիփոթեքով սեփական տուն կառուցելու ծրագրին։ Ծրագրի պահանջարկը մեծ է,  2023-ին ունեցել ենք 280 շահառու ընտանիք, որոնցից 37-ին ուղղվել է շուրջ 26.5 մլն դամ»։

Մտահոգություններին, թե սահմանամերձ համայնքներում ապրելն այնքան էլ գրավիչ չէ, Նարեկ Մկրտչյանն արձագանքում է թվերով. պետության աջակցությամբ սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու ծրագրի մեկնարկից մինչև այս պահը հաստատվել է ավելի քան 1100 հայտ, այսինքն՝ սահմանամերձ համայնքներում կառուցվում է այդքան տուն: Շահառուներից  660-ը վարկավորվել են, տների և բնակարանների մի մասն արդեն պատրաստ է։

«Երբ այս ծրագիրը մեկնարկում էր, մեր շատ սիրելի տարբեր լրագրողներ, քաղաքական գործիչներ որոշակի կասկածներ ունեին, որ մարդիկ չեն որոշի սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցել։ Երբ ծրագիրը մտավ գործուն փուլ, մեկ տարին չլրացած 1100 բնակարան է կառուցվում սահմանամերձ համայնքներում»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանը կառավարությանն առաջարկում է գույքագրել տարիներ շարունակ չօգտագործվող  բնակտարածքները և դրանք Արցախից տեղահանված անձանց տրամադրելու մեխանիզմներ գտնել:

«Դուք նշեցիք , որ 100 հազարները և 40+10. հազարները միշտ կան, և ևս 50 հազար տրվել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Բայց բոլորս գիտենք, որ ամենակարևորը մեր եղբայրենրի և քույրերի համար բնակարանշինությունն է»։

Նախարարը հիշեցրեց բռնի տեղահանված անձանց համար իրականացված կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրերի մասին: Նա նշեց փոխվարչապետի համակարգմամբ գործող միջգերատեսչական աշխատանքային խմբի մասին, որի շրջանակում քննարկվել է նաև պատգամավորի բարձրացրած հարցը:

«Հնարավոր է, որ լինեն մարդիկ, որոնք օբյեկտիվ պատճառներով չկարողանան մասնակցել այն ծրագրին, որը դրել ենք սեղանին, բնակարան ձեռք բերել ու կառուցել: Եվ մենք ունենք նաև սոցիալական բնկարանի առանձին բաղադրիչ: Այս պահի դրությամբ շուրջ 7 տարբեր համայնքներում գտնվող շենքեր հիմա առանձնացրել ենք, նախահաշվարկային գործընթացները կանենք և կսկսենք ակտիվ վերանորոգման, վերակառուցման աշխատանքները, որտեղ կկարողանանք 1000-ից ավելի նմանատիպ կարգավիճակ ունեցող մարդկանց հյուրընկալել՝ որպես սոցիալական բնակարանի շահառու: Դրանից հետո կսկսենք ուսումնասիրությունը, այլ շենքերով կընդլայնենք: 70-ից ավելի տարբեր շենք-շինությունների ցանկ ենք ստացել, կֆիլտրենք, կհասկանանք: Խոսքը ոչ թե չբնակված բնակարանների մասին է, այլ տարբեր շինությունների, որոնք հնարավոր է վերափոխել սոցիալական բնակարանների»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:

Իսկ բնակարանային ապահովության ծրագիրն արդեն իսկ հաստատվել է: Մինչև հունիսի 15-ը կընդունվի դրա իրականացման կարգը:

Ինչ վերաբերում է զբաղվածությանը, ապա, ըստ նախարարի, ՊԵԿ-ի վերջին տվյալներով, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շրջանում 13 հազար մարդ արդեն ֆորմալ անցել է աշխատանքի: Նախարարը  հիշեցրեց, որ 2024 թվականի համար նաև պիլոտային ծրագիր է իրականացվել ԼՂ-ից բռնի տեղահանված 1000 անձի զբաղվածություն ապահովելու համար, ինչը ևս արդյունք ունի:

«Այս պահի դրությամբ արդեն 900 հոգի ունենք, մնացածի մասով, քանի որ 3 բաղադրիչի է բաժանված, ավելի շատ պրակտիկայի ուղղությամբ են օգտագործել: Բայց մենք շուտով վերաբաշխում կանենք, թիվը կմեծացնենք, որովհետև պահանջարկ կա այս ուղղությամբ»։

Կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 3 բաղադրիչից բաղկացած ծրագիր է իրականացնում, որը տալիս է ուսում ստանալու, պրակտիկայի ու աշխատանքի անցնելու հնարավորություն: Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ զբաղվածության ապահովման ծրագրերի շրջանակներում մասնագիտական ուսուցում և/կամ կայուն զբաղվածություն է ապահովվել նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին մասնակից 526 անձի համար:

Ծրագիրն իրականացվել է պիլոտային տրամաբանությամբ, ունեցել է երեք բաղադրիչ՝ վերապատրաստում, կրթություն, փորձառության ձեռքբերում: Պատերազմի մասնակիցներին աշխատանքի ընդունող գործատուն խրախուսվում է՝ ասաց նախարարը և հայտնեց, որ ծրագիրը դրական դրական արդյունքներ է տալիս, ուստի ընդլայնվել է շահառուների ցանկը: 2023 թվականից ներառում են  ոչ միայն պատերազմի մասնակիցներին, այլ նաև զորացրվածներին: Ըստ Նարեկ Մկրտչյանի՝ նախորդ տարվա ընթացքում Միասնական սոցիալական ծառայության միջնորդությամբ աշխատանքով է ապահովվել 10 հազար 878 աշխատանք փնտրող, որոնցից 2961-ը՝ նպաստառու:

Կարդացեք նաև

Back to top button