ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ՀԱՊԿ-ը հորդորում է Հայաստանին՝ ընտրություն կատարել․ նոր փուլ հարաբերություններում

Հունիսի 3-ին Հայաստանը բաց թողեց ՀԱՊԿ հերթական միջոցառումը, Երևանը չմասնակցեց Ալմաթիում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին։ Կառույցի գլխավոր քարտուղարը իր բացման խոսում անդրադարձել է ինչպես Հարավային Կովկասին, այնպես էլ կառույցում Հայաստանի «սառեցված» գործունեությանը ու որոշում կայացնելու անհրաժեշտությանը։

Վերլուծաբանների կարծիքով՝ ՀԱՊԿ-Հայաստան հարաբերություններում սկսվում է նոր փուլ, որը բացի անվտանգայինից, կարող է անդրադառնալ նաև այլ ոլորտների վրա։

Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները սպասողական վիճակից անցնում են նոր փուլ։ ՀԱՊԿ-ը ակնկալում է, որ Երևանը հստակություն մտցնի կառույցի հետ իր հարաբերություններում, Ալմաթիում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ Այս նախադասությունը ենթադրում է հստակ գործողություններ, կարծում է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։ Նա ենթադրում է նաև, թե ինչու ՀԱՊԿ կանոնադրությամբ չնախատեսված «սառեցված» կարգավիճակը Հայաստանի դեպքում հանդուրժվեց շուրջ 4 ամիս։

«Հիմա արդեն, կարծես, խոսքից անցնում են գործի՝ հստակ Հայաստանի առջև դնելով կամ-կամ տարբերակը․ կա՛մ մնում եք և լիարժեք մասնակցում եք բոլոր միջոցառումներին, կա՛մ բացահայտ հայտարարում եք, որ դուրս եք գալիս կազմակերպությունից և դրանով, ըստ էության, հարցը համարում ենք փակված։ Սա ամենավատ սցենարն էր, որ երբևէ մենք կարող էինք մտածել։ Բայց սա նաև նշանակում է, որ ՀԱՊԿ-ում՝ տարածաշրջանային սպառնալիքները հաշվի առնելով, եկել են այն եզրահանգման, որ մեծ հավանականությամբ, Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելը կառույցի գործունեության վրա մեծ հաշվով ազդեցություն չի ունենալու»։

«Ամենավատ սցենար» ասելով միջազգայնագետը նկատի ունի քայլի ամենաէական հետևանքները, որ գրանցվելու են ոչ միայն անվտանգային հարթությունում։

«Դա միայն զուտ դուրս գալ չէ, դա նշանակում է, որ բոլոր անվտանգային խնդիրները, որոնք ինչ-որ առումով նաև անաղմուկ կերպով լուծվել են կազմակերպության միջոցով, և Հայաստանըւ դրա վրա մեծ ջանք չի գործադրել, այդ բոլոր խնդիրները գալու են առաջ, դրան գումարած՝ զենքի ձեռք բերման գները արդեն ոչ թե ներռուսաստանյան գներով, այլ՝ միջազգային գներով, իսկ այդ առումով Հայաստանի բյուջեի վրա է մեծ ծանրություն ընկնելու, և դրան գումարած էլ՝ ևս մեկ կարևոր հանգամանք․ եթե Հայաստանը դուրս եկավ ՀԱՊԿ-ից, մոտ ապագայում մեր առջև դրվելու է նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջ, որովհետև ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն նույն անվտանգային համակարգի երկու բաղադիչներն են»։

Այս հարցում հստակություն, հնարավոր է՝ լինի առաջիկայում։ Ի տարբերություն ՀԱՊԿ միջոցառումների, Հայաստանը ակտիվ մասնակցում է ԵԱՏՄ աշխատանքներին։ Այդպես օրինակ, Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ  հունիսի 3-ին մեկնել է Մինսկ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար։

Այս ամենին զուգահեռ, իհարկե, կա անվտանգային հարցերի դիվերսիֆիկացման աշխատանք։ Խոսակցությունների մակարդակով ընդամենը թվարկվում են երկրներ, որոնք պատրաստ են Հայաստանի ուղղությամբ ապահովել այս կամ այն ռազմատեխնիկական սպառազինության մատակարարումը։ Փաստացի, սակայն, նոր պայմանագրերից ոչինչ հայտնի չէ, իսկ պետությունը պաշտոնապես չի հայտարարել, որ ամբողջովին ավարտել է դիվերսիֆիկացումը։ Սա իր հերթին նոր մարտահրավերներ է ստեղծում։

ՀԱՊԿ կանոնադրության մեջ կա ժամկետ․ կազմակերպությունից դուրս գալու համար անհրաժեշտ է 6 ամիս առաջ կազմակերպության քարտուղարությանը ծանուցել որոշման մասին։ Եթե առաջիկա մեկ ամսում ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից չստանա ոչ մի նամակ կամ դիմում, տեսականորեն դա նշանակում է, որ այս տարի Հայաստանը դուրս չի գա ՀԱՊԿ-ից։ Մյուս կողմից կա զուգահեռ իրականություն հետաքրքիր զուգադիպություններով։

Հայաստանի պաշտպանության նախարարը մայիսի 31-ի Ալմաթիում ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների հավաքի փոխարեն նախընտրեց լինել Բրյուսելում․ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի հրավերով Սուրեն Պապիկյանը մասնակցում էր Շումանի անվտանգության ու պաշտպանության ֆորումին։ 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես բաց թողեց Ալմաթիի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը։ Փոխարենը նույն օրը՝ հունիսի 3-ին, նրա ղեկավարած պատվիրակությունը մեկնեց Սլովենիա։ Իսկ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գիտի ՀԱՊԿ առնվազն երկու երկիր, որ մասնակցել են 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը։ Այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը 2021 թվականին և հետո շարունակում էր իր ծրագրերում խոսել նույն ուղղություններով համագործակցության խորացման մասին։ Այս հարցը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փորձեց շրջանցել․

«Ես կարծում եմ, հենց այդ նույն պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետը ամբողջությամբ պարզաբանել է և նշել է, թե ինչ միջավայրում է այդ հարցի պատասխանը հասունացել՝ այն հարցի, որը նա տվեց»։  

Եթե գործնական քայլերը մի կողմից ստեղծում են տպավորություն, որ Հայաստանը արդեն ունի որոշում ՀԱՊԿ-ում իր հետագա գործունեության առնչությամբ, մյուս կողմից պաշտոնական Երևանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասին։ Տարբեր պաշտոնյաներ միշտ ընգծել են, որ նման օրակարգ Հայաստանը չի ունեցել, բայց և չեն բացառել նման զարգացումը։ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին բազմաթիվ պարզաբանումների ժամանակ, օրինակ, Հայաստանի վարչապետը նշել է․

«Մենք ՀԱՊկ-ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով։ Որ հոդվածով հնարավոր էր դիմել, դիմել ենք՝ հոդվածներով, բուն պայմանագրի, այլ ընդունված փաստաթղթերով և այլն և այդպես շարունակ։ Մեր գնահատականն այն չէ, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, մեր գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ն է մեզանից դուրս գալիս, ինչը մեզ համար անհանգստացնող է»։

Ալմաթիում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, անդրադառնալով աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակին, նշել է՝ «Հարավային Կովկասում պահպանվում են շոշափելի ռիսկեր»։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Հայաստանի հետ «փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, Հայաստանի Հանրապետությունը մնում է կազմակերպության լիիրավ անդամ, և երկրի նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջությամբ»։

Այժմ երկուստեք առկախված հարցեր կան․ Հայաստանը արդեն տարիներ շարունակ սպասում է ՀԱՊԿ պաշտոնական գնահատականին՝ կառույցի իրավասության գոտում ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ, իսկ ՀԱՊԿ-ը որոշեց արդեն փաստացի բարձրացնել կառույցում Հայաստանի հետագա անդամակցության հարցը։

Կարդացեք նաև

Back to top button