
Լեզվի կոմիտեն սկսում է «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ» ծրագիրը: Այն գործի կդրվի Եվրոպական խորհրդի լեզուների իմացության ու գնահատման ընդհանուր շրջանակի հիման վրա։ Կմշակվի նաև հայերենի իմացությունը ստուգող և գնահատող վեցաստիճան էլեկտրոնային համակարգ։
Այն հնարավորություն կտա ոչ հայախոսներին սովորել հայերեն, ստուգել լեզվի իմացությունը և ստանալ իմացության մակարդակն արձանագրող վկայական: Այսպես ասենք, հայկական TOEFL-ի անհրաժեշտությունը հասունացրել են նաև վերջին տարիներին աշխատանքային նպատակներով Հայաստան ժամանող օտարազգիները։ Ծրագիրը փորձելու է օգնել նրանց ինտեգրմանը։
Աշխատելու նպատակով Հայաստան եկող հնդիկների թիվը հատկապես վերջին տարիներին մեծացել է։ Նրանք հիմնականում զբաղվածություն են փնտրում սպասարկման ոլորտում։ Քչերն են հայերեն հասկանում, ավելի քչերը՝ նաև խոսում։ Արջունը նրանցից մեկն է։
«Այստեղ բացի հնդիկներից նաև ռուսներն են շատ։ Ես հասկանում եմ, որ շատերն այստեղ անգլերեն ու ռուսերեն գիտեն, բայց օրինակ Դանիայում պարտադիր է, որ լեզվի իմացության մակարդակը b2 պետք է լինիչ, եթե ուզում եք այնտեղ աշխատել։ Եթե շինարարության մասին ենք խոսում, լեզուն չիմանալը նույնիսկ կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ։ Լավ կլիներ, եթե այստեղ էլ Եվրոպայի մոդելը ներդրվեր»։
Հնդիկ գործարար, ժամանակակից գրող Արջուն Կրիշնա Լալը, իհարկե կողմ է հայերենի իմացությունը պարտադիր դարձնելուն։ Դա անհրաժեշտ է նախևառաջ աշխատանքային միգրանտների համար, բայց նաև դասընթացները պետք է մատչելի լինեն։ Առայժմ քչերի գրպանին են դրանք հասու։
«Հայերենի իմացությունը Հայաստանում աշխատելու համար շատ կարևոր է, բայց նաև կառավարությունը պետք է համապատասխան ծրագրեր ստեղծի, որ այս մարդիկ հասնեն հայերենի իմացության այդ մակարդակին։ Իսկ հիմա հեշտ չէ հայերեն սովորելը, նաև էժան չէ»։
«Հայերենը ոչ հայախոսների համար» ծրագիրը նաև Արջունի ու մյուս ոչ հայախոսների համար է։ Սա հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման էլեկտրոնային նոր համակարգ է, որը հնարավորություն կտա ստուգել լեզվի իմացությունը և ստանալ իմացության մակարդակը ցույց տվող վկայական` «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մենք հայերենի ստուգման ստանդարտացված համակարգ այս պահին չունենք և ունենք բազմաթիվ իրավիճակներ, երբ հայերենի իմացություն պետք է ստուգենք, օրինակ, նման օրենսդրական պահանջ կա պատգամավորների համար, դատավորների համար։ Հատկապես սպասարկման ոլորտում մենք նկատում ենք, որ օտարերկրյա քաղաքացիների ներգրավվածության աճ կա, և տարրական լեզվի իմացության հարցեր կան, որպեսզի հաղորդակցություն տեղի ունենա սպասարկման ոլորտում իրենց ծառայությունները տրամադրող այս անձանց հետ, և այստեղ էլ լեզվի իմացության խնդիր կա»։
Համակարգը, որը դեռևս մշակման փուլում է, ստեղծվելու է նաև ոչ հայախոս օտարազգիների և այն հայերի համար, որոնց առաջին լեզուն հայերենը չէ։ Տնտեսության պահանջն է նաև այդպիսին՝ նկատում է Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը։
«Աշխարհում չկա մի պետություն, որը կարողանա աշխատուժի պահանջարկը միայն ներքին ռեսուրսների հաշվին բավարարել։ Բոլորը կարիք ունեն օտարազգի աշխատողների, մենք էլ ունենք և տեսնում ենք այդ կարիքը հատկապես սպասարկման ոլորտում։ Օրինակ՝ շինարարության ոլորտում աշխատելու համար պետք է B1, համալսարանում դասավանդելու համար՝ A1 մակարդակ։ Եթե դա լինի, մենք կարող ենք առաջարկն ու պահանջարկը համեմատելի ու չափելի դարձնել»։
Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանն էլ չի բացառում, որ հայերենի իմացությունը հավաստող վկայականը կարող է պարտադիր դառնալ նաև աշխատանքային միգրանտների համար։ Լեզվի կոմիտեում կարծում են՝ ծրագիրը կնպաստի Հայաստան եկած օտարազգիների սոցիալական ինտեգրմանը։
«Հայաստանում վերջին տարիներին հետաքրքիր է դարձել աշխատանք ունենալը, և օտարախոսներին Հայաստանում ընդունելու հետ կապված խնդիրներ էին առաջանում։ Նաև այդ խնդիրները ինչ-որ առումով արագացրին մեր ծրագիրը։ Մենք կարող ենք մշակել, բայց տնտեսվարողն ինքը պետք է որոշի, թե իրեն ինչ մակարդակի աշխատող է պետք տվյալ աշխատանքն անելու համար»։
Լեզվի ուսուցման չափորոշիչները մշակելու են հայ մասնագետները։ Բրյուսովի համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյան․ «Հայերենի ստուգումը պետք է իրականացնենք տարբեր ասպեկտներով։ Վիլյամ Սարոյանը ընտիր հայախոս էր, բայց հայերեն չէր գրում։ Այստեղ տարբեր բաժիններ կարող են լինել՝ գրավոր, բանավոր, երկխոսությունների գրքեր, էլեկտրոնային բառարաններ կարող են լինել։ Նաև պետք է մտածենք ինքնատիպ, բարեհունչ ու կարճ մի անուն։ Դեռ չենք մտածել»։
Հիմք ընդունելով եվրոպական խորհրդի լեզուների իմացության ու գնահատման ընդհանուր շրջանակի վերջին թարմացումը ՝ նախատեսվում է ստեղծել հայերենի առանձնահատկություններից բխող ուսուցման, գնահատման և ստուգման վեցասիճան համակարգ և մշակել այն գործադրելու իրավական մեխանիզմներ։ Համակարգը կգործի ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Այն հնարավորություն կտա ոչ հայախոսներին սովորել հայերեն, ստուգել լեզվական իմացությունը և ստանալ իմացության մակարդակը հավաստող վկայական։




