
Հայաստանում բեզին ու դիզվառելիք կա, եղել է ու կլինի․ խորհրդարանական հանձնաժողովների նիստում 2023–ի բյուջեն ներկայացնելիս, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասել է էկոնոմիկայի նախարարը։ Վառելիքի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ այն Հայաստան է ներկրվում երկաթուղով, որն Այրումի հատվածում վնասվել է հեղեղից։ Նախարարը նաև աղետից տուժած բիզնեսի աջակցության հարցերին է անդրադարձել։
Ին՞չ վնաս է հասցրել աղետը Լոռիու և Տավուշի մարզերի բիզնեսին, գյուղատնտեսությանը։ Հաշվարկներ դեռ չկան։ Բայց լոռեցի Գագիկ Հարությունյանը հաշվել է, թե որքան վնաս է կրել աղետից։ Նրա հյուրատունը Դեբեդի ափին է՝ Այրում կայարանի տարածքում։ Նա աղետից հետո օրը մի քանի անգամ ստիպված ոտքով է անցնում վթարված կամրջով։ Այժմ փորձում են հյուրատունը նախ տիղմից մաքրել։

«Մոտ 30 մլն դրամի վնաս ենք կրել։ Սա մեր սեփականությունն է։ Բեսեդկաներն են վնասվել։ 16 տարի է գործում է հյուրատունը։ 1940–ականներից մարդիկ են եղել, որ ապրել են այս տարածքում, ասում են, որ նման բան չեն տեսել»։
Էկոնոմիկայի նախարարը խոստանում է՝ կառավարությունը բիզնեսին միայնակ չի թողնի։ Թե ինչ կանեն՝ դեռ փակագծերը չի բացում․
«Անպայման ունենալու ենք աջակցության ծրագրեր այն բիզնեսի համար, որոնք տուժել են՝ և՛ գյուղատնտեսության մասով, և՛ գործարարների»
Ջրհեղեղից մեծ վնասներ է կրել նաև երկաթուղին։ ՏԿԵ նախարարը պարզաբանում է՝ մոտ 2 կիլոմետրի են հասնում երկաթուղու վնասված հատվածները․

«Ունենք վնասված հսկայական ենթակառուցվածքներ, դա հիմնականում Այրում կայարանից մինչև Սանահին կայարան հատվածն է, մոտ 27 կմ հատվածի տարբեր տեղամասեր վնասված են: Բայց, բացի այդ 2 կմ հատվածից, վնասված են շատ սյուներ, ենթակայաններ, այսինքն` բացի երկաթգծից, իր հարակից այլ ենթակառուցվածքներ նույնպես վնասված են, և բավականին երկար ժամանակ կպահանջվի երկաթուղին կառուցելու համար»:
Հնարավո՞ր է արդյոք՝ վնասված երկաթգծի պատճառով վառելիքի դեֆիցիտ առաջանա։ Բենզինն ու դիզվառելիքը Հայաստան է ներկրվում երկաթգծով։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնում է՝ այս պահին ժամանակավոր լուծում են գտել՝ վառելիքը երկաթուղով կգա մինչև Այրում կայարան՝ մինչև վնասված կամուրջը․
«Պետք է բեռնաթափվի։ Մենք այնտեղ արագ նմուշառում ու լաբորատոր ստուգում կանենք, որից հետո բեռները մեքենաներով կտեղափոխվեն համապատասխան վայրեր»։
Այստեղ մեկ բայց կա․ Վրաստանում ևս երկաթուղու վնասված հատված կա։ Ակնկալվում էր, որ այդ հատվածի վերականգնումը երկու-երեք օրում կավարտվի, բայց, պարզվում է՝ այլ հատվածներ էլ են վնասվել։ Սանոսյանն ասում է, որ խոսել է Վրաստանի փոխվարչապետի հետ, որը վստահեցրել է՝ նախանշված է երեք օրում այդ հատվածների վերանորուգումը կավարտեն։ Մինչ այդ էլ, Սանոսյանի խոսքով, հայկական հատվածում կարվի արդեն իր նշած կամրջի վերափոխումը, որից հետո, երկաթուղին արդեն կկարողանա աշխատել մինչև Այրում կայարան։




