ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Տավուշում սահմանազատումը լայն տեսադաշտ է բացել Բաքվի համար․ փորձագետ

Ադրբեջանական կողմը Տավուշի մարզում իրականացված սահմանազատումը դրական  ներդրում է համարում հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ ըստ էության չթաքցնելով սահմանազատման առաջին փուլից Բաքվի գոհունակությունը։

Բաքուն նաև ադրբեջանական լրատվամիջոցների այցելություն էկազմակերպել  ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ։ Տեղից պատրաստված ռեպորտաժները  վերլուծության նյութ են նաև հայ փորձագետների համար։ 

Ոչինչ ուռճացված չէ, սահմանազատման հետևանքով Տավուշի մարզից ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած բարձունքներից լայն տեսադաշտ է բացում հայկական կողմի ուղղությամբ, ինչը ագրեսիայի դեպքում անխոչընդոտ կդարձնի հակառակորդի գործողությունները՝ ասում է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։

«Ադրբեջանցի լրագրողներն ու փորձագետները, որոնք հատուկ մուտք են ստացել սահմանազատման հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ, ցույց են տալիս կադրեր տեղից։ Դրանք ուսումնասիրելիս տեսնում ենք, որ տեսանելի է Ոսկեպարը, Իջևանից Հայատան գնացող ճանապարհը և այլ հնարավորություններ, որոնք լայն տեսադաշտ են բացում ռազմական ագրեսիան ավելի հեշտ ու սրընթաց իրականացնելու համար։ Կան տեսանյութեր, որոնք վկայում են, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի գերպաշտպանված շրջանը այլևս որևէ ձևով պաշտպանված չէ»։

Ադրբեջանական պետական լրատվամիջոցները ներկայացնում են ռեպորտաժներ, իսկ տեղի փորձագետները նշում են, որ Տավուշի մարզից ադրբեջանական վերահսկողության տակ անցած բարձունքները ռազմավարական մեծ նշանակություն ունեն՝ արդեն ադրբեջանական կողմի համար:

Հայկական լրատվամիջոցներն էլ տեղեկություն տարածեցին, թե Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան գյուղի բնակիչները դաշտերում ադրբեջանցի չափագրողների են նկատել և ենթադրել, թե սահմանազատման հաջորդ փուլն այս տարածքում է նախատեսվում  իրականացնել։ Վահանի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը հերքել է այս տեղեկությունը՝ լրատվամիջոցներին ասելով, որ նման բան չկա, Ճամբարակում սահմանազատման գործընթաց չի սկսվել։

Քաղաքագետ Գառնիկ Դավթյանի համար, սակայն, հասկանալի են Վահան գյուղի բնակիչների մտահոգությունները։ Հայկական գյուղերի մոտ ադրբեջանական դրոշների առկայությունը չի կարող անհանգստություններ չառաջացնել՝ ասում է փորձագետը։ Նա ուշադրություն է հրավիրում նաև Տավուշի մարզի միջպետական ճանապարհի տնտեսական նշանակության վրա՝ շեշտադրելով ադրբեջանական հեռահար նպատակները։

«Այստեղ նաև տնտեսական կողմը կա։ Ադրբեջանական կողմը կարող է կիրառել միջոցներ, որպեսզի  Հայաստանից,  օրինակ, Վրաստան բեռներ տեղափոխելու գործընթացը Ադրբեջանի հետ համաձայնեցվի, ինչը հետագայում կարող է և հավանականությունը մեծ է «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման հարց առաջ բերի։ Այսինքն՝ ադրբեջանական կողմը կփորձի այստեղ առուծախ իրականացնել, ասելով, որ եթե ուզում եք Վրաստան գնալ «իմ տարածքով» ապա պետք է թույլ տաք, որ «Զանգեզուրի միջանցքը» բացվի։ Այսինքն՝ դրա համար նախադրյալներ են ստեղծվում»։

Քաղաքագետ Արա Պողոսյանը նույնպես սահմանազատման հետևանքով առաջացած ռիսկեր է տեսնում։ Նա Տավուշում տեղի ունեցած գործընթացը զիջում է որակում։

«Այդպիսի զիջումներից հետո, իհարկե, Հայաստանի տարածքում ցանկացած խոշոր տեղաշարժ հնարավոր չի լինի՝ առանց ադրբեջանական ուժերի տեսադաշտում հայտնվելու իրականացնել»։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ևս անդրադարձել է սահմանազատման «ընձեռած հնարավորություններին»։ Նա հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածի սահմանազատման և չորս գյուղերի Ադրբեջանին վերադարձնելու մասին վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը դրական ներդրում է հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Back to top button