ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ի՞նչ է վարչապետին ամեն օր զեկուցում ՀՀ «ամենափակ» պաշտոնյան

Հայաստանի անվտանգային մարտահրավերները ունեն և՛ արտաքին, և՛ ներքին դերակատարներ, Աժ-ում, բյուջեի կատարողականի փակ քննարկումներից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արտաքին հետախուզության ծառայության պետը։

Առանձնապես շատ տեղեկություններ նա լրագրողներին չի հայտնել, բայց պարզաբանել է, թե ամենաօրյա ռեժիմով ինչ հարցեր է զեկուցում ՀՀ վարչապետին։ Հանրապետության «ամենափակ» պաշտոնյան հաստատել է, որ Հայաստանին ուղղված սպառնալիքները մի քանի ուղղություններից են։

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը հաստատում է, որ մի քանի տարբեր երկրներից ՀՀ-ին վտանգ է սպառնում։ Վտանգի աշխարհաքաղաքական ուղղությունը, սակայն, ի պաշտոնե հանրապետության թիվ մեկ հետախույզը սկզբունքորեն չի բացահայտում։ Անգամ վարչապետ Փաշինյանի խոսքերը չի հաստատում, որ «ՀԱՊԿ անդամ երկու երկիր մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը»։

«Հարցին պատասխանելու մասով որևէ քոմենթ չեմ անելու»։

Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը համոզված է, որ ՀՀ քաղաքացիները հետագայում կիմանան, թե որոնք են այդ երկրները։ Ծառայության ձեռք բերած որոշ տվյալներ ամեն դեպքում Գրիգորյանը բացահայտեց։ Դրանք վերաբերում են վտանգների նպատակներին և ուղղություններին։

«ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը, սուվերենությանը սպառնալիքներ շատ կան, դրանք գալիս են մի քանի տարբեր երկրներից։ Մեր գործունեության առաջնահերթություններով որոշվել են այն արտաքին վտանգների ուղղությունները, ինչպես նաև պետության զարգացման համար այն կարևոր հետախուզական տեղեկությունները, որոնք ծառայությունը պետք է հավաքի և դրանք հիմնականում ուղղված են ՀՀ արտաքին վտանգները չեզոքացնելու, որոնք գալիս են տարբեր երկրներից և տարբեր երևույթներից և մեր հետախուզական տեղեկություններն ու վերլուծությունները միտված են ապահովելու, որպեսզի քաղաքականության և քաղաքական որոշումները կայացվեն սոլիդ տեղեկությունների վրա»։

Ըստ հետախուզական տվյալների՝ վտանգները առնչվում են այնպիսի ուղղություններին, ինչպիսիք են ՀՀ պետության գոյությունը, ինքնիշխանությունը, սուվերեն որոշումները, տարածքային ամբողջականությունը, ներքին կայունությունը։ Քրիստինե Գրիգորյանի խոսքով՝ թվարկումը կարող է շարունակել։ Արդյո՞ք դրանք կապ ունեն Ադրբեջանից եկող պատերազմական վտանգի հետ․

«Ռազմական հարձակման վտանգները միշտ կան, և քանի դեռ հարաբերությունները չեն նորմալացել ինչպես որ հարկն է, այդ վտանգներին պետք է լուրջ վերաբերվել, բայց նաև չպետք է դա գերագնահատել և որոշակի հետևությունների գալ։ Մենք պատշաճ ձևով, օրական կտրվածքով գնահատում ենք այդ ռիսկերը և տեղեկացնում ենք վարչապետին, թե ինչ ռիսկեր ենք մենք տեսնում»։

Արդյո՞ք անվտանգային ռիսկեր կան, օրինակ, Տավուշի մարզի սահմանազատված հատվածներում, երբ ըստ պաշտոնական տեղեկությունների և պայմանավորվածությունների՝ ԶՈՒ-ն իր ծառայությունը փոխանցել է սահմանապահ ծառայությանը։ Այս հարցում, պարզվում է, որոշակի սխալ տպավորություն կա։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը պնդում է, որ Տավուշի սահմանազատված հատվածներում «զորքի դուրս բերում» ասվածը սխալ ձևակերպում է․

«Բանակը այնտեղ է, բանակը չի կարող ոչ մի տեղից դուրս գալ, որովհետև սահմանապահ զորքերը որտեղ իրականացնում են ծառայություն, դա ևս բանակի պատասխանատվության գոտի է։ Այո, սահմանապահները սահմանում իրականացնում են ծառայություն, բայց տվյալ ուղղություններում ԶՈՒ-ն ունի կանոնավոր ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են իրենց առջև դրված խնդիրը կատարելու»։

Գլխավոր շտաբի պետը չի ընդունում հանրային մեղադրանքները, թե Տավուշի հատվածում հողեր են հանձնել։ Քաղաքացիների՝ կադաստրի վկայականով ունեցած սեփականություններին հակադարձում է այլ փաստեր․

«Ես պնդում եմ, որ այնտեղ կա սահման։ Ես ունեմ քարտեզներ, որոնք կոչվում են աշխարհագրական քարտեզներ։ Այդ քարտեզների վրա արտացոլված է սահման։ Իսկ թե այդ սահմանի ներսում, դրսում քաղաքացիական անձը կամ իրավաբանական կառույցը ունի համապատասխան հողամաս, տուն, կառույց, շենք, շինություն, դա ԶՈՒ ԳՇ գործառույթը չէ»։

Էդվարդ Ասրյանին, սակայն, հունից հանում են քարտեզներով ՀՀ տարածք համարվող, օրինակ, Ջերմուկի և Հայաստանի այլ օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի հեռացման հապաղման մասին հարցերը։ Ժամանակին հենց Ասրյանն էր հայտարարում, որ ադրբեջանական զորքերը այդ ուղղություններով շրջափակման մեջ են, մատակարարման խնդիրներ են ունենալու և ժամանակի ընթացքում հետ են գնալու․

-Երբ ուսումնասիրեք և հասկանաք զինվորական գործունեություն, շրջափակում, շրջափակումից դուրս գալ, հետապնդում և այլ զարգացումները, այն ժամանակ հարցը կուղղեք ինձ։ Հայտարարություն եմ արել, լավ եմ արել։

Հիմա ինչո՞ւ Ջերմուկից զորքերը հետ չեն քաշվել։

Դուք անձամբ զենք վերցրեք եկեք իմ կողքը կանգնեք, միասին կգնանք։

Այսինքն, եթե ես չգա՞մ ․․․

Պարտավոր եք գալ։ Մի հրահրեք ինձ, ճանապարհ տվեք ես անցնեմ։

Իրականում, Հայաստանին սպառնացող վտանգները միայն «դրսից» չեն, արձանագրել է Արտաքին հետախուզության ծառայությունը։

«Բոլոր ժամանակակից երկրներում արտաքին անվտանգային մարտահրավերները ունեն և ներքին դերակատարներ, և արտաքին դերակատարներ և ՀՀ–ն բացառություն չէ։ Իրավապահները, կարծում եմ, բացահայտումներ անում են, և դրա մասին են վկայում այն քրեական գործերը, որոնք ընթանում են, ավելի մանրամասն, կարծում եմ, դա իմ լիազորությունների մեջ չէ»։

Արտաքին հետախուզության ծառայության պետը այս հարցում որևէ հստակություն չմտցերց, թե կոնկրետ ինչ կամ ում նկատի ունի ծառայությունը, երբ անում են «անվտանգային մարտահրավերների ներքին դերակատարներ» ձևակերպումը։

Back to top button