ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Փարաքար համայնքի ղեկավարը դադարեցրել է լիազորությունները․ վաղը ավագանին նոր ղեկավար կընտրի

Արմավիրի մարզի Փարաքար համայքում կրքերը նորից թեժացել են․ վաղը ավագանին է համայնքի ղեկավար է ընտրելու: Նախկին ղեկավարը՝ Դավիթ Մինասյանը, մայիսի 21-ին հրաժարվել էր պաշտոնից՝ մնալով «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամ:

Նա հրաժարականի հայտարարության մեջ նշել էր, որ պաշտպանելու է  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի թեկնածությունը: Վաղաժամ հրաժարականը պայմանավորված էր համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացով:

2021թ. դեկտեմբերի 5-ի ավագանու համամասնական ընտրության արդյունքում Փարաքար համայնքի ավագանին կազմվել էր «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքից, «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններից: Ընտրության արդյունքներով ավագանու 10 մանդատ ստացել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը, 6-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»  և 5-ը՝ «Դավիթ Մինասյան» դաշինքը:  

Ընտրություններից հետո երկար ժամանակ ավագանու նիստեր չէին գումարվում, անհամաձայնություններն ուղեկցվում էին բողոքի ակցիաներով։ Ավելի ուշ պայմանավորվածություն ձեռք բերվեց «Դավիթ Մինասյան» դաշինքի ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև և որոշվեց կիսել համայնքի ղեկավարի պաշտոնավարումը:

Ըստ այդ համաձայնության՝ առաջին երկուսուկես տարում  համայնքը պետք է ղեկավարեր Դավիթ Մինասյանը, երկրորդ կեսում՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Փարաքար համայնքի ավագանին  առաջին նիստը գումարել է  2022թ հունվարի 9-ին և 11 կողմ ձայնով  ընտրել համայնքի ղեկավար: Ավագանին կազմված է 21 անդամից, «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու 10 անդամները չեն մասնակցել նիստին: Երկուսուկես տարում նրանք բոյկոտել են ավագանու բոլոր նիստերը:

Այս դեպքում ի՞նչ է պահանջում օրենքը․ պարզաբանում է ՏԻՄ փորձագետ, «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը. «Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից: Այս հոդվածը ահագին անորոշություններ ունի, որովհետև ասում է՝ լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել, այսինքն՝ թողել են ավագանու հայեցողությանը, և մյուսը՝  անհարգելիության սահմանում օրենքը չունի»:

Փարաքար համայնքի ավագանու նիստերի ճգնաժամը շարունակվել է  երկուսուկես տարի: Քվորում չապահովելու պատճառով հարցերի քննարկումը հաճախ հետաձգվել է:

Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը, պայմանավորվածության համաձայն, լրանալու էր 2024թ հունիսին, սակայն հանգամանքները փոխվեցին  ավագանու անդամ Էմին Երիցյանի «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքից դուրս գալով: Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը մայիսի 22-ին հրաժարական ներկայացրեց։

«Ես իմ լիազորությունները դադարեցնելու մասին հանդես եմ եկել հայտարարությամբ, որովհետև Էմին Երիցյանը խախտել է նախնական պայմանավորավածությունը և ավագանու մյուս ընդդիմադիր անդամների հետ անվստահություն հայտնել: Երբ դա ներկայացրին, ես ինքնաբերաբար հրաժարական տվեցի: Անվստահության գործընթացն արդեն սկսել էին»:

Դավիթ Մինասյանը, հրաժարվելով համայնքի ղեկավարի պաշտոնից, պաշտպանելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանի թեկնածությունը: Էմին Երիցյանը դուրս է եկել «Դավիթ Մiնասյան» կուսակցությունների դաշինքից, և մնացել ավագանու անկախ անդամ: Պատճառները նշել էր ֆեյսբուքյան գրառման մեջ:

«Ավագանու իմ գործունեությունը շարունակում եմ խմբակցությունից դուրս՝ գործելով անհատական պատասխանտվության տիրույթում, ավելի անկաշկանդ և ակտիվ՝ հանուն համայնքի  զարգացման: Որակական փոփոխությունների հասնելու ջանքերը հաջողություն չեն արձանագրել, ուստի խմբակցությունից դուրս ավագանու անդամի կարգավիճակով տեսնում եմ փոփոխությունների հասնելու հնարավորություններ»:

ՏԻՄ օրենքը կարգավորում է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացը՝ ասում է Լևոն Բարսեղյանը:

«Եթե որևէ քաղաքական ուժ պահանջում է անվստահություն հայտնել, բավարար թվով ստորագրություն են հավաքում, նիստ գումարում, ապա անվստահություն հայտնելու օրակարգային հարցի հետ մեկտեղ պարտադիր առաջադրում են համայնքի ղեկավարի թեկնածուին: Ավագանու դեպքում թեկնածուն պետք է ավագանու կազմից լինի: Եթե չի հաջողվում նիստի ընթացքում անվստահություն հայտնել բավարար քվորում չլինելու պատճառով, գործող համայնքապետը մնում է իր պաշտոնում,  և մեկ տարի ոչ ոք չի կարող անվստահություն հայտնելու հարց առաջ քաշել»:    

Համայնքի ղեկավարի ընտրության օր նշանակելու նպատակով Փարաքար համայնքի ավագանին  մայիսի 27-ին արտահերթ նիստ է գումարել, որին առաջին անգամ ամբողջ կազմով մասնակցել են  «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու 10 անդամները: Մայիսի 29–ին  Փարաքարի ավագանին կընտրի համայնքի ղեկավար: «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն Վոլոդյա Գրիգորյանն է:

Back to top button