
2020-2023 թվականներին Հայաստանի պետականությանը սպառնացող վտանգներ են եղել, սակայն կառավարությանը հաջողվել է այդ սպառնալիքները կառավարել և չեզոքացնել կարճաժամկետ և միջնաժամկետ իմաստով։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ: 2023 թվականի Բյուջեի կատարողականի նախնական քննարկումներն այսօր են մեկնարկել խորհրդարանում։ Դրանք կշարունակվեն մինչև հունիսի 5-ը։
2023 թ.-ին բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը և տուրքերը կազմել են ՀՆԱ-ի 23,4 տոկոսը։ Այս մասին 2023 թ.-ի պետական բյուջեի կատարողականի քննարկումներում վստահեցրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«2023 թվականին զգալիորեն դանդաղել է գնաճը` տարեսկզբից միջազգային շուկաներից փոխանցված գնանկումային ազդեցությունների հետեւանքով»:
Թեպետ խորհրդարանում քննարկվողը անցած տարվա բյուջեի կատարողականն էր, այդուհանդերձ պատգամավորները չշրջանցեցին նաև բնական աղետի թեման։ Ի պատասխան ՔՊ խմբակցության անդամ Արշակյանի հարցի՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն անդրադարձավ Լուռու և Տավուշի մարզերում աղետի հասցրած վնասների ծավալներին և դրանց վերացման համար հատկացվող միջոցներին։ Ըստ այդմ, չի բացառվում, որ 2024 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն լինի։ Կառավարությունն արդեն 300 մլն դրամ հատկացնելու որոշում կայացրել է՝ աղետի գոտու հրատապ խնդիրները լուծելու համար՝ հիշեցրեց նախարարը։ Միաժամանակ նախարարը հավելեց նաև, որ դա կարող փակել այն վնասները, որոնք պատճառվել են հեղեղումների հետևանքով։

«Այս պահին ամբողջական գնահատումներ չունենք, թե ինչ է անհրաժեշտ ամբողջությամբ վերականգնելու համար և ինչքան ժամանակ կպահանջվի դրա համար, սակայն, մենք ունենք բավարար միջոցներ, որպեսզի այն խնդիրները, որոնք պետք է լուծենք հրատապ ռեժիմով, կարողանանք իրականացնել, և այնուհետև պլանավորենք, թե այն ենթակառուցվածքները, որոնք վնասվել են, ինչ ժամկետներում կարող են վերականգնվել։ Որովհետև, ցավոք, նույնիսկ միջոցների առկայությունը չի կարող արագ լուծել այն խնդիրները, որոնք կան»։
Հետևաբար, նախարարի խոսքով, պետք է սպասել ավելի հստակ գնահատականնների, որից հետո միայն հնարավոր կլինի հստակեցնել, թե 2024 թ.-ի տարեկան բյուջեում ինչ փոփոխությունների անհրաշեժտություն կլինի, ինչպես նաև՝ պլանավորել նաև 2025 թվականի պետական բյուջեում այդ մասով ծախսերը։ Մինչ այդ էլ, Վահե Հովհաննիսյանի վստահեցմամբ, իրենք աշխատում են նաև միջազգային գործընկերների հետ՝ աղետից տուժած ենթակառուցվածքներն ու քաղաքացիներին հնարավորինս արագ բնականոն-նորմալ հուն վերադարձնելու համար հավելյալ միջոցներ ներգրավելու համար։
«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս անգամ նախընտրեց անդրադառնալ, իր ձևակերպմամբ, «ավելի քիչ թվերի, քան՝ հայեցակարգերի մասին» սկզբունքով։ 2023-ի Բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ էլ վարչապետ Փաշինյանը հիշեցրեց՝ խորհրդարանական ամբիոնից մի քանի անգամ հայտարարած համոզումը.
«Եթե մենք 1-2 տարի կարողանանք ապահովել մեր պետության գոյությունը, մեր պետության գոյությունը կապահովենք երկարաժամկետ կտրվածքով»։
Փաշինյանի խոսքով՝ սա 2023-ի բյուջեի կատարման հաշվետվության կատարողականի առումով ամենակարևոր արձանագրումն է՝ հաշվի առնելով, որ բյուջեն ֆինանսական, հաշվապահական փաստաթուղթ չէ, այլ ապահովում է բովանդակություն: Թե այդ առումով 2023 թվականի պետական բյուջեի ծախսման արդյունքում ինչի՞ ենք հասել հարցը վարչապետն ինքը ձևակերպեց՝ որպես պատասխան արձանագրելով.
«Մենք 2023 թ.-ի պետական բյուջեի ծախսման արդյունքում հասել ենք հետևյալին, որ մենք այդ մարտահրավերների, այդ սպառնալիքի փուլը հաղթահարել ենք: Եթե 2023-ին, 2022-ին, 2021-ին և 2020-ին մենք տեսնում էինք մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ և անմիջական սպառնալիք, այսօր կարող ենք արձանագրել, որ մենք կարողացել ենք մեր պետությանը սպառնացող ուղիղ վտանգները, մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ սպառնալիքները կառավարել, չեզոքացնել կարճաժամկետ և միջնաժամակետ իմաստով»:

Միաժամանակ, հավելեց Փաշինյանը, պետք է հասկանալ՝ շատ կարևոր է, որ երկարաժամկետ իմաստով իրենք այդ քաղաքականությունը շարունակեն.
«Եվ իրական Հայաստանի ռազմավարության վրա հիմնվելով, կայացնենք որոշումներ, որոնք տեղավորվում են այս տրամաբանության մեջ։ Փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու ու զարգանալու, մարտահրավերներին և նպատակներին հարմարեցված որոշումներ կայացնելու ընդունակ կառավարություն, խորհրդարան և կառավարող մեծամասնություն պետք է լինենք»։
Վարչապետի համոզմամբ՝ սա է այն նպատակը և այն ձեռքբերումը, որ պետությունն ունի 2023-ի պետական բյուջեի ծախսման արդյունքներով, և պետք է շարունակի սպասարկել այդ նպատակադրումը:




