ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կարկուտի ու հորդառատ անձրևի վնասները՝ նաև Խոյ համայնքում

Մայիսի 25-ին տեղացած հորդառատ անձրևները վնասներ են հասցրել ոչ միայն Լուռու ու Տավուշի, այլև մյուս մարզերի բնակավայրերին։ Արմավիրի մարզի Խոյ համայնքի գյուղերի մշակովի ցանքատարածքներն ու այգիները լրջորեն վնասվել են հատկապես կարկուտից։ Վնասն արձանագրել է Խոյի համայնքապետարանը, սակայն վնասի ճշգրիտ չափը դեռ չի հաշվարկվել:

Մայիսյան հորդառատ անձրևներն ու կարկուտը պարբերաբար վնասում են մարզի գյուղատնտեսական նշանակության հողատարածքները: Այս անգամ տուժել են Խոյ համայնքի գյուղերը, որտեղ վաղահաս կարտոֆիլ, անանուխ, կանաչիներ, եգիպտացորեն են մշակում:

Աղավնատուն համայնքի բնակիչ Արմեն Մարտիրոսյան. «Գյուղի տարածքը գրեթե ամբողջությամբ է վնասվել, դեպի Լեռնամերձ գյուղ տանող ճանապարհին գտնվող սեփականաշնորհված  գյուղատնտեսական հողերն են վնասվել, և դեպի Հովտամեջ, Ծիածան գյուղեր տանող ճանապարհի երկու կողմի հողերը՝ խաղողի այգի, եգիպտացորեն, կաղամբ, մի խոսքով՝ ինչ կա: Բացի դա վարարումներ էին, հեղեղ էր, առուները չէին հասցնում քաշել, մարդկանց տները ջուր էր լցվել»:

10-15 րոպե տևողությամբ ուժգին կարկուտն ու հորդառատ անձրևները ջրածածկ են արել ցանքատարածքներն ու քշել բանջարեղենի սածիլները: Մոտավոր հաշվարկով շուրջ 100 հա հողատարածք է վնասվել: Կարտոֆիլը սկսել էր ծաղկել՝ ասում են գյուղացիները։

«Ցողունն արդեն վնասվել է, ու բույսը  չի աշխատի: Հիմնականում ցողունը պետք է աշխատի, որ պալարները լցնի: Չգիտենք, թե կարտոֆիլի  բերքատվությունը հիմա ինչքան կլինի»:

Կարկտահարվել են նաև Լեռնամերձ գյուղի պտղատու այգիները, թարխունի ցանքերը: Գյուղի վարչական ղեկավար Գրիգոր Միրզոյանն ասում է, որ կարկուտից հետո թարխունը քաղել ու թափել են: Այն բազմամյա բույս է և նորից կաճի, իսկ խաղողի, խնձորի, սալորի վնասված  այգիներից  լավ  բերք չի ակնկալվում:  Կարկտահարությունից մի քանի օր անց վնասի չափն ավելի պարզորոշ է:

«Վնասն արդեն ծառի վրա երևում է, որ սևացել է: Շատ-շատ է վնասվել բերքը, կեսից ավելին: Պտուղն արդեն մեծացել էր, հարվածի տեղն այլևս չի լցվի»:

Կարկտաբեր ամպերի հարվածի տակ է մնացել նաև Ամբերդ գյուղի մի մասը, որտեղ խնձորի, սալորի, ծիրանի, խաղողի այգիներ են, կանաչեղենի ցանքատարածքներ: Ամբերդի վարչական ղեկավար Գևորգ Ղամբարյանն ասում է, որ կարկտահարվել ու ջրածածկվել են  համեմի ու ռեհանի մարգերը:

«Կանաչիներից  գյուղի մեծամասնությունը համեմ է ցանում, որը լավ վաճառվում էր, բայց հիմա  էլ չի լինի: Եգիպտացորենը հնարավոր է մի 50 տոկոսով վնասված լինի, ռեհանն էլ է փչացել: Կարկուտն եկել էր, ջրածածկումն էլ հետը, սելավ էր»:

Խոյ համայնքի գյուղատնտեսության բաժնի աշխատակիցները եղել են կարկտահարված համայնքներում, արձանագրել փաստը, բայց դեռ հանձնաժողովները չեն գնահատել վնասի չափը:     

Արմավիրի մարզի տարածքով են անցնում Քասախ, Սևջուր, Արաքս գետերը: Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ Հովհաննես Մարգարյանն ասում է, որ մարզի ջրային տարածքներում հեղեղումների վտանգ չի եղել, ջուր օգտագործողների ընկերությունները աղբից  մաքրել են ջրատարները:

«Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է ու խնդիրներ չկան, որովհետև մենք նախապես գրություն էինք ուղարկել  բոլոր համայնքներին, գնացել ջրածածկման հնարավոր վտանգավոր տեղերը՝ Քասաղ, Սևջուր, Արաքս գետեր, համայնքներին տեղեկացրել, որ ափամերձ վտանգավոր հատվածներում մաքրամն աշխատանքներ իրականացնեն: Մեզ մոտ, կարծես թե, նորմալ անցավ»:

Արաքս գետը գարնանն ավելի հորդառատ է լինում ու երբեմն փոխում հունը, ողողում մշակովի ցանքատարածքները: Հեղեղումներից  խուսափելու նպատակով քարե պատվար են կառուցել ափամերձ հատվածներում՝ ասում է Փշատավան գյուղի վարչական ղեկավար Ազատ Քյարամյանը. «Այս պահին հեղեղման վտանգ չկա, հետո չգիտեմ: Բայց ես գնացել եմ գետ, տեսել, որ նորմալ հունով հոսում է: Ափապատնեշները բարձր են, հարմար է, մեծ քարերով պատվար է գործված, այսինքն՝ մեծ քարերը ցանցի մեջ գործված, ափերին դրված է: Դրանք չեն թողնում, որ ափերը ողողի»:     

Անձրևների ու կարկուտի վտանգը դեռ չի անցել, գյուղատնտեսությանը հասցրած վնասի ճշտված չափն էլ դեռ հստակ չի որոշվել: Այդ գնահատումն անող հանձնաժողովները դեռ չեն մտել վնասված հողատարածքներ:

Back to top button