ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

9 քաղաք և 30 գյուղ․ Հայաստանը նոր «աղետի գոտի» ունի

Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված  9 համայանքների և դրանցում ընդգրկված 40 բնակավայրերի տրվել է «աղետի գոտու» կարգավիճակ։ Գործադիրը որոշել է նաև 300 միլիոն դրամ հատկացնել Տավուշի և Լոռու մարզերին հեղեղումներից տուժած համայնքներում հրատապ խնդիրների լուծման համար։

Մինչև մայիսի 27-ը Հայաստանում «Աղետի գոտի» հասկացությունը անտարընթերցելի բացատրություն ուներ․ աղետի գոտի էին համարվում Հայաստանի այն տարածքները, որոնցում տեղաբաշխված բնակելի, արտադրական, սոցիալական, պատմամշակութային, կոմունալ և այլ նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները տուժել են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով:

Սակայն Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումները երկրում նոր աղետի գոտի առաջացրին։

«Կառավարությունը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մեր զեկույցները, թե ինչպիսի պատկեր ունենք, որոշում կայացրեց, որ այս հատվածներում արտակարգ իրավիճակի հետևանքները հայտարարվի որպես աղետի գոտի՝ իրենից ենթադրող որոշակի և՛ իրավական, և՛ կազմակերպական գործառույթներով»,- ասում է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Այսպես աղետի գոտի են համարվել Թումանյան, Ալավերդի, Ախթալա, Շամլուղ, Տաշիր, Ստեփանավան, Դիլիջան, Իջևան, Այրում քաղաքաներները և դրանց հարակից 30 գյուղեր։ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը ենթադրում է, որ այս տարածքներում պետք է իրականացվեն բնակչության պատսպարման, տարահանման աշխատանքներ, անհատական պաշտպանության միջոցներով ապահովում, փրկարարական և այլ անհետաձգելի վթարային վերականգնողական աշխատանքներ, անհրաժեշտության դեպքում՝ ոչ պետական սեփականություն համարվող գույքի տիրապետում և օգտագործում` հետագա համարժեք փոխհատուցմամբ, արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի գնահատում և այլ աշխատանքներ։

Գնել Սանոսյանն ասում է՝ այս ամենն արդեն մեկնարկել է․

«Բավական ակտիվ ենք եղել վթարների վերականգնման հարցում, տարբեր ենթակառուցվածքների, էլեկտրաատակարարման, գազամատակարարման, ջրամատակարարման, բնակչությանը անհրաժեշտ առաջին անհրաժեշտության իրերիով ապահովման աշխատանքներ են արվել։ Մի շարք հանձնաժողովներ աշխատում են արդեն առկա հետևանքների ոչ միայն վերացման այլ նաև մարդկանց հասցված վնասի գույքագրմամաբ, որ հետո նաև դիտարկենք փոխհատուցման հետ կապված աշխատանքները»։

Լոռու Մարզպետ Արամ Ղազարյանի խոսքով՝ գետի բարձրությունն ու ուժգնությունը համեմատաբար նվազել է, ինչը թույլ է տվել որոշակի աշխատանքներ իրականացնել․

«Առավոտյան 8-ի դրությամբ ունենք գետի նվազում մոտ 35 սմ-ով։ Ինտենսիվ կերպով փորձում ենք մաքրել բակից տիղմերը, օգնում ենք նաև մեր բնակիչներին, տնտեսավրողներին մեծ վնաս է հասցվել։ Իհարկե հասկանալի է, որ բազում խնդիրներ են առաջացել, բայց առաջին իսկ օրվանից սննդամթերքի հետ կաված, դեղորայքի հետ կապված որևէ խնդիր չունենք, պահեստավորված ապրանքներ ունենք ու ամենագնացներով մատակարարում ենք»։

Մ6 միջպետական ճանապարհի ողջ երկայնքով` մինչև Այրում կայարան, արձանագրվել են ճանապարհի, կամուրջների փլուզումները, հեղեղումների պատճառով լուրջ վնասներ են կրել մի շարք բնակավայրեր։ Գնել Սանոսյանի փոխանցմամբ՝ կառավարությունը առաջին անհրաժեշտության խնդիրները լուծելու համար արդեն նախնական փոխհատուցում իրականացրել է․

«Մենք ընդհանուր այս այս պահին 300 միլիոն դրամ ենք հատկացնում առաջին անհրաժեշտության աշխատանքներ իրականացնելու համար։ Հասկանալի է, որ սա նախատեսված է մի շարք հրատապ աշխատանքներ անելու համար, պարբերաբար այս գումարները իհարկե կավելացվեն։ Ընդհանուր ծախսերը միլիարդավոր դրամների մասին է խոսքը և դեռ վաղ է խոսել»։

Սանոսյանը նաև հայտնել է, որ Այրում կայարանում մասնագետների հետ քննարկում են կայարանի կամուրջը ժամանակավորապես թեթև մարդատար մեքենաների համար շահագործելի դարձնելու հնարավորությունը։

Back to top button