ԿարևորՀասարակությունՌադիոլուր

Ալիևին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող բոլոր հայերին. Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ստորագրել Ադրբեջանին պահվող հայ գերիներին ազատ արձակելու միջնորդությունը։ Այդ մասին հաստատությունը հայտարարություն է տարածել, կոչ անելով Ալիևին անհապաղ ազատ արձակել ապօրինաբար պահվող բոլոր հայերին։ «Ստորագրելով այս միջնորդությունը, դուք կարող եք քայլ անել Բաքվում պահվող արցախահայերի, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների վերականգնման ուղղությամբ, որոնցից ոմանք ապօրինաբար այնտեղ են պահվում տարիներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ գերիներին և այդ առնչությամբ ստորագրահավաք է սկսել։ Հաստատության տարածած հաղորդագրությունում ասվում է.

«Բարերար, մարդասեր, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի կառավարության կողմից և ապօրինաբար պահվում է այլ նշանավոր հայերի հետ։ Ժամանակն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհապաղ ազատ արձակի այս հայերին»։

Այս անձինք կալանավորվել են ներպետական և միջազգային իրավունքի ակնհայտ խախտումով, ներառյալ ՄԱԿ-ի և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաները, որոնց կողմ է Ադրբեջանը՝ շեշտադրել է Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը: Հաղորդագրությամբ նշվում է նաև, որ այս անհատների առողջության և վիճակի մասին սուղ տեղեկատվությունը խորապես մտահոգիչ է:

«Նրանց կալանքի պայմանները խորապես մտահոգիչ են, ներառյալ նրանց ընտանիքների հետ ոչ համարժեք շփումները, կանոնավոր անկախ մոնիտորինգի կամ հյուպատոսական հասանելիության բացակայությունը, ինչպես նաև տեղական և միջազգային իրավաբանների հասանելիության մերժումը: Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավական չափանիշները և մարդու իրավունքները, որոնցից կախված է խաղաղությունն ու կայունությունը։ Ամեն օրը կարևոր է այս բանտարկյալների կյանքի համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղության պայմանագիր պետք է ներառի նրանց ազատումը։ Մենք կոչ ենք անում նախագահ Իլհամ Ալիևին անհապաղ ազատ արձակել ապօրինի ձերբակալված այս բոլոր անձանց», — ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ նախօրեին Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հայցը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը, որով Արցախի նախկին պետնախարարի կալանքը երկարաձգվում էր 5 ամսով։ Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը մայիսի 17-ին էր ևս 5 ամսով երկարաձգել Վարդանյանի կալանքը։ Վարդանյանի նախնական կալանքի ժամկետը երկարաձգելու խնդրանքով դատարան էր դիմել Ադրբեջանի պետական ավնտանգության ծառայության քննչական վարչությունը։ 

Նույն օրը Ադրբեջանի Բինագադիի շրջանային դատարանը, բավարարելով գլխավոր դատախազության միջնորդությունը, ևս հինգ ամսով երկարաձգել է նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի, գեներալ Դավիթ Մանուկյանի կալանքը։ Ավելի վաղ էլ նույն դատարանի որոշմամբ հինգ ամսով երկարաձգվել էր նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքը։

Արցախի պաշտոնյաներն ադրբեջանցի ուժայինների կողմից ձերբակալվել և Բաքու էին տեղափոխվել 2023-ի սեպտեմբերյան ռազմական հարձակումից հետո։ Ադրբեջանում նրանք մեղադրվում են մի շարք ծանր հանցանքներում:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նկատում է, որ մենք գործ ունենք ավտորիտար երկրի հետ, որտեղ օրենքի գերակայությունը չի գործում։ Ցանկացած պահի ցանկացած որոշում կարող է կայացվել։

 «Լապշինին ինչպե՞ս ազատ արձակեցին, դադարեցրեցին քրեական հետապնդումը և թողեցին, որ նույնիսկ երկիրը լքի։ Որովհետև պայմանավորվածություն ձեռքբերվեց, որի մասին Լապշինը կանկրետ չի խոսում։ Բայց հարցը մեկ օրվա ընթացքում լուծվեց, և նույնը կարող է նաև Ռուբեն Վարդանյանի դեպքում լինել»։

Փորձագետները, սակայն, մեծ հույսեր չունեն նաև Լեմկինի ինստիտուտի նախաձեռնած ստորագրահավաքից։ Կարծում են՝  միայն իրավական դաշտում սեղմ ժամկետներում հնարավոր չէ ապահովել այդ անձանց ազատ արձակումը։

Նշենք նաև, որ Լեմկինի ինստիտուտի տարածած հաղորդագրության եզրափակիչ մասում անդրադառնալով Արցախի նկատմամբ Ադրբեջանի սեպտեմբերյան գործողություններին, հեղինակավոր հաստատությունը վերահաստատել է այդ ամենին ավելի վաղ իր զեկույցներում տրված գնահատականը։ «Սա անվիճելիորեն էթնիկ զտում է. աշխարհի մեծ մասը համաձայն է: Իրավապաշտպան կազմակերպություններն ադրբեջանական գործողությունները որակել են որպես ցեղասպանություն»,-եզրափակել է Լեմկինի ինստիտուտն իր հայտարարությունը։

Back to top button