ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ռազմականը ներկայությունը փոխարինվում է դիվանագիտականով․ Ռուսաստանը հյուպատոսություն կբացի օկուպացված Արցախում

Թեև ռուսական զորքը դուրս է բերվել Արցախից ու փակվել է նաև ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը Աղդամում, ամեն բան դեռ ավարտված չէ․ Մոսկվան հայտարարում է օկուպացված Ստեփանակերտում հյուպատոսություն բացելու իր մտադրության մասին։ Փորձագետներից ոմանք սա Բաքվի հետ բարեկամական կապերն ի ցույց դնելու քայլ են որակում, ոմանք էլ դիվանագիտական որոշակի քայլերի ենթատեքստում են  տեղավորում։

Հյուպատոսություն բացելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները ռուսական կողմը մտադիր է սկսել մոտ ապագայում, և այդ հարցում Բաքվի աջակցության կարիքը կա, ասել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը ադրբեջանցի գործընկերոջ՝ Սամեդ Սեիդովի հետ հանդիպման ժամանակ։ Կարասինը դա բացատրել է նրանով, որ այդ քայլը թույլ կտա վերացնել փոխադարձ հյուպատոսական ներկայության անհավասարությունը։

Ռազմական բաղադրիչը փոխարինվում է քաղաքականով, այսպես է բացատրում քաղաքագետ Արա Պողոսյանը օկուպացված Ստեփանակերտում 2024 թվականին ռուսական հյուպատոսություն բացելու Մոսկվայի մտադրությունը, երբ դրանից կարճ ժամանակ առաջ ռուսական զորքը դուրս բերվեց Արցախից, թեև նրանք այնտեղ պետք է մնային մինչև 2025 թվականը։

«Ստիպված լինելով ռազմական բաղադրիչի մասով զիջել, փորձ է արվում դիվանագիտական, կամ քաղաքական բաղադրիչով փոխլրացնել կամ հավասարակշռել։ Սա բնականաբար կարող է որոշակի ազդեցություն թողնել հետագա ժամանակահատվածում Արցախի համար, որպես բնակչության վերադարձի հետ կապված ծրագրերում Ռուսաստանի հնարավոր մասնակցության տարբերակ, բայց գոնե այս պահին, քանի չկա երկարաժամկետ ռազմավարություն Արցախի ապագայի հետ կապված ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում, ո՛չ որևէ այլ կենտրոնում, այս պահին ՌԴ–ն փորձում է էպիզոդիկ խնդիր լուծել՝ վարչական ներկայություն ապահովելով Արցախի տարածքում»։

Ժամանակը ցույց կտա, թե ինչպես կընթանան հետագա քայլերը, սակայն շատ բան պայմանավորված կլինի նաև պաշտոնական Երևանի ասելիքով, կարծում է փորձագետը։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը, մինչդեռ, նկատում է, որ սովորաբար հյուպատոսություններ բացվում են երկրների միջև ջերմ հարաբերություններն ի ցույց դնելու նպատակով․

«Հյուպատոսություն բացելը ավելի շատ բարեկամական կապերի մասին է վկայում, նաև իրենց քաղաքացիներին ծառայություններ մատուցելու համար է, բայց զարմանալի է, քանի որ Արցախում ՌԴ քաղաքացիներ էլ չկան։ Սա հերթական ձևական ժեստն է ՌԴ կողմից Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի ցույց տան, որ իրենք ավելի բարեկամական ու դաշնակցային հարաբերություններ ունեն»։

Այս լուրից մի քանի օր առաջ էլ նախադեպը չունեցող իրադարձություն տեղի ունեցավ՝ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների համար կանչվեց Մոսկվա։ Մանրամասներ հայտնի չեն։ Հայաստանի ԱԳՆ-ից հստակեցնում են, որ դա ռուսական կողմի որոշումն է։

Քաղաքագետ Արա Պողոսյանի հստակեցմամբ՝ դեսպաններին խորհրդակցությունների կանչելն ընդունված պրակտիկա է դիվանագիտական հարաբերություններում, սակայն այդպես վարվում են երկրները նաև ճգնաժամային իրավիճակներում՝ դիվանագիտական կարևոր մեսիջ փոխանցելու  համար։

«Հիմա հայ-ռուսական հարաբերություններն այնպիսին են, որ կարող է ՌԴ դիվանագիտական մեսիջներ փոխանցելու նպատակով իր դեսպանին հրավիրի Մոսկվա խորհրդակցությունների։ Սա երկարաժամկետ հատվածում ազդեցություն կունենա։ Հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները, հատկապես վերջին շրջանում, սկսել են բացահատորեն Մոսկվային մեղադրել այս կամ այն անգործության մեջ, նշանակում է, որ կան իրականում խորքային խնդիրներ Հայաստանի ու Ռուսաստանի միջև, և դրանք լուծելու համար Մոսկվան փորձում է փափուկ միջոցներով ստիպել Հայաստանի իշխանություններին փոխել իրենց հռետորաբանությունն ու աշխատելաոճը արտաքին քաղաքական հարցերում»։

Փորձագետ Արմեն Վարդանյանը, սակայն, նկատում է, որ դեպքն աննախադեպ է, բայց եթե անգամ խորհրդակցությունների նպատակով դեսպան է կանչվում, ապա դա արվում է անաղմուկ։ Սակայն Մոսկվան դա արեց նախապես հայտարարելով, ինչը ցույց է տալիս հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները։

«Որ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ կա, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, բացի այդ էլ, կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններն այլևս երբեք նախկինի նման չեն լինի։ Եթե նախկինում դրանք ընդգծված դաշնակցային ու բարեկամական էին, ապա այժմ դրանք առնվազն ոչ բարեկամական են»։

Հայ-ռուսական հարաբերությունները լարվեցին այն ժամանակ, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, և ՀԱՊԿ–ը անգամ չդատապարտեց Բաքվին կազմակերպության անդամ Հայաստանի դեմ ոտնձգությունների համար։

Back to top button