Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը երեկվանից սկսել է գույքագրել աղետի հետևանքով առաջացած վնասները։

Այցելություններ են իրականացվում ջրհեղեղից տուժած բոլոր բնակավայրեր հասցված վնասների չափերը գույքագրելու նպատակով։
Արձանագրված տվյալները կամփոփվեն աշխատանքների ավարտից հետո։

Ըստ օպերատիվ դրության՝ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ, մասնավորապես՝ 387 մարդ՝ Լոռու մարզում, 42 մարդ՝ Տավուշի մարզում:

Աղետի վայրում հայտնաբերվել է 4 դի (Ավագ Ավագյան, ծնված 1948թ․, Սարիբեկ Բալյան, ծնված 1985 թ․, Գնել Զաքարան, ծնված 1964 թ., Գագիկ Նազլուխանյան, ծնված 1964 թ․):
Ներկա պահին իրականացվում են Սանահին կայարան բնակավայրի բնակիչների տարհանման, ջրալցված շենք-շինությունների նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև Հաղպատ բնակավայրում արգելափակված բեռնատարի դուրս բերման աշխատանքներ։

Անհրաժեշտ և հրատապ տեղեկատվություն ստանալու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը հայտարարվել է Թեժ գիծ:





