
Մայիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։
Ժողովը հանդես է եկել հայտարարությամբ։
Հայտարարության մեջ նշվում է, որ ոստիկանները կիրառում են ակնհայտ անհամաչափ ուժ իրենց խաղաղ բողոքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ։
«Հասարակական կարգի պահպանությանը կոչված ծառայողների նմանօրինակ գործողությունները խորացնում են ներհասարակական լարվածությունը և կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների»։
Մայր Աթոռը կոչ է անում ոստիկաններին՝ իրենց պարտականությունների կատարման ընթացքում հարգել հայրենակիցների հիմնարար իրավունքները, ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը և գործել միմիայն մարդասիրության և օրինականության սկզբունքների խստագույն պահպանությամբ։
Նաև հորդորում է հանրային գործողությունների մասնակիցներին իրենց բողոքն արտահայտել բացառապես օրենքի շրջանակներում, առաջնորդվել զգոնությամբ և չտրվել հնարավոր սադրանքների։
«Միաժամանակ պատգամում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներին և մեր բոլոր հայրենակիցներին՝ այս բարդ իրադրության մեջ դրսևորել պատասխանատվություն և ամենայն ջանք գործադրել՝ ի խնդիր հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերների հաղթահարման, հայոց պետականության անխաթար պահպանության և ամրապնդման։
Թող Ամենազոր Աստված օրհնի և խաղաղություն պարգևի մեր հայրենիքին, համերաշխություն և հուսառատ կյանք՝ մեր ժողովրդին»,- ասված է Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ։




