ԿարևորՀասարակություն

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների հրատապ կարիքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզի Ալավերդի և Տաշիր համայնքներ՝ գետերի վարարման հետևանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով:

Վարչապետի որոշմամբ ստեղծված Օպերատիվ շտաբի ղեկավար, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն– ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը զեկուցել են իրականացվող աշխատանքների ընթացքի, ինչպես նաև բնակչությանն առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու գործընթացի մասին: Նշվել է, որ աղետի հետևանքների վերացման ուղղությամբ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցներն իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների հրատապ կարիքները, օպերատիվ կերպով հատկացնել անհրաժեշտ օգնություն, իրականացնել վնասների գույքագրում, այնուհետև կքննարկվեն աղետի հետևանքների վերացմանն ուղղված ծրագրերը:

Վարչապետը զրուցել է նաև հեղեղումների հետևանքով տուժած բնակիչների հետ՝ ընդգծելով, որ բոլոր խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում հեղեղումների պատճառած վնասներին: Զեկուցվել է, որ այստեղ իրականացվում են հրատապ ամրաշինական աշխատանքներ՝ ճանապարհի երթևեկությունն ապահովելու նպատակով:

Back to top button