ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Նոր հայտեր դեպի ԵՄ. պաշտոնական ազդակներն ուղարկված են, օրակարգը ընդլայնվում է

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել կապված շենգենյան վիզաների վճարի չափի փոփոխման վերաբերյալ մամուլում շրջանառվող որոշ տեղեկությունների հետ:

Պարզաբանման մեջ նախարարությունը հայտնում է, որ «ՀՀ քաղաքացիների համար շենգենյան վիզաների վճարի չափը սահմանված է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» 2012թ. դեկտեմբերի 17-ին կնքված համաձայնագրով: Հետևաբար ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա»։

Հիշեցնենք, որ համաձայն նշյալ համաձայնագրի՝ վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների համար վճարը կազմում է 35 եվրո, իսկ եթե վիզան տրամադրում է արտաքին ծառայություն մատուցողը՝ վիզա կենտրոնների միջոցով, ապա տվյալ ծառայության վճարը չպետք է գերազանցի 30 եվրոն։

Ուշագրավ է, որ այժմ պաշտոնական Երևանը ավելի բաց է խոսում ԵՄ ուղղությամբ օրակարգն ընդլայնելու մասին: Գործնական քայլեր այդ ուղղությամբ արդեն արված են, Երևանից ազդակներն ու հայտերը փոխանցված են, հաստատում են բարձրաստիճան պաշտոնյաները:

Հայաստանը և Եվրամիությունը վերջին շրջանում վերանայում են հարաբերությունները և դրանք ընդգրկող օրակարգը։ Սա օրերս հաստատեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նախարարի խոսքով՝ համագործակցությունը դուրս է գալիս CEPA-ի՝ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրի շրջանակներից:

«Այժմ քննարկվում են հարցեր, և տեղի կունենան գործընթացներ, որոնք ավելին են քան նախատեսում է CEPA-ն: Մենք ԵՄ հետ քննարկում ենք CEPA-ն և CEPA-ից անդին նոր գործիքներ: Մենք ունենք երկուստեք քաղաքական կամք՝ խորացնելու մեր հարաբերությունները: Ես կարող եմ ասել, որ այդ ոլորտները բազմապիսի են՝ ավիացիայից մինչև տնտեսական դիվերսիֆիկացիաներ, մինչև շուկաների մոտարկում, մինչև որակների, ստանդարտների բարձրացում և այլն, և այլն: Քաղաքական, տնտեսական»:

Հայաստանի կողմից 2017-ին ստորագրված և 2018-ին վավերացված CEPA-ն համաձայնագիր էր բացառապես տնտեսական և օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ: Այդ շրջանակներում էր նաև վիզաների ազատականացման հարցը: Համաձայնագրի վերջնաժամկետը 2026 թվականն էր: Նոր հարաբերությունների խորացման սկիզբը դրվեց ինչպես վարչապետ Փաշինյանի ստրասբուրգյան ելույթի ժամանակ՝ «ԵՄ-ին այնքան մոտ լինելու, որքան ԵՄ-ն դա կցանկանա» ազդակով, այնպես էլ ապրիլի 5-ի՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպման ժամանակ: CEPA-ի ժամկետների վրա այս ամենը չի ազդի, պարզաբանում է Միրզոյանը.

«Զուտ տեխնիկապես մենք նոր պայմանագիր չունենք և չենք կնքում: Հետևաբար, պայմանագրից բխող գործողություններն էլ չեն փոխվի: Բայց նաև պայմանագիրը չի սահմանափակում մեզ ունենալ այլ՝ հավելյալ համատեղ ծրագրեր: Այսինքն՝ մենք CEPA-ն կշարունակենք ամբողջական իմպլեմենտացիայի ուղղությամբ, զուգահեռաբար ներմուծում ենք մեր երկկողմ հարաբերությունների օրակարգ նաև այլ տարրեր: Ոչ պակաս կարևոր»:

Իրականության մեջ այս ամենը զգալի ժամանակահատվածի մասին է, պարզաբանում է Աժ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ըստ նրա՝ եվրոպական ինտեգրման ճանապարհը երկար է ոչ միայն տարբեր ոլորտներում եվրոպական ստանդարտներին մոտենալու կամ հայկական կողմի մտադրությունների առումով: Կարևոր է նաև հակառակ արձագանքը:

«Մենք գիտենք, որ այսօր եվրոպական երկրները և ԵՄ-ն ևս բավականին ծանր սպառնալիքների հետ է առնչվում՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրադրությունը, հաշվի առնելով Ուկրաինայում պատերազմը, նաև՝ ներքաղաքական հարցերը, ներքին տնտեսական և սոցիալական խնդիրները: Ու ԵՄ ընդլայնման քաղաքականությունը ԵՄ անդամ երկրների մոտ, կարծես թե, դեռևս կոնսենսուսային չէ: Երբ հստակ ազդակ լինի Հայաստանին, որ իսկապես ԵՄ-ն պատրաստ է ըտնդունել Հայաստանին իր ընտանիք, բնականաբար Հայաստանի քայլերը շատ ավելի արագ և ճկուն կլինեն: Այստեղ երկուստեք ազդակ փոխանցելու հարցը կա, և այդ ազդակը Հայաստանի կողմից հստակորեն փոխանցվել է ԵՄ-ին և դա արվել է Ստրասբուրգում Եվրոխորհրդարանում վարչապետի ունեցած ելույթից ի վեր»:

Ամեն դեպքում, շոշափելի արդյունքներ այս քայլերը դեռ չեն տվել: Դեռ առկախված է նաև CEPA-ով նախատեսված վիզաների ազատականացման հարցով քննարկումներ սկսելու հարցը:

«Մեր ակնկալիքն այն է, որ օր առաջ կսկսվեն բանակցությունները, որովհետև առաջին փուլը դա ԵՄ կողմից համաձայնություն տալն է, որպեսզի բանակցությունները սկսվեն: Հարցումը ուղարկված է, մենք այդ հայտը ներկայացրել ենք, որ ցանկանում ենք այդ գործընթացը սկսել, և քննարկումը այժմ ԵՄ դաշտում է և, երբ ԵՄ-ն որոշումը կայացնի, այսինքն՝ կոնսենսուսի հասնի այս հարցի շուրջ, կսկսվեն բանակցությունները, որ մի քանի տարի է տևում: Այլ երկրների պարագայում այդպես է եղել: Բայց սա ամենաառաջնահերթ հարցերից է, որը մենք ԵՄ հետ բարձրացնում ենք: Երկրորդը՝ դա Եվրոպական խաղաղության գործիքի հասանելիություն ստանալն է, որի շուրջ ևս կարծես թե դրական մթնոլորտ կա ձևավորված, և ես հույս ունեմ, որ մինչև առնվազն այս տարեվերջ այդ որոշումը ևս ԵՄ-ն կկարողանա կայացնել»:

Դեպի ԵՄ ճանապարհին ե՞րբ կկայացվեն հստակ որոշումներ, Խանդանյանը դժվարանում է ժամկետ նշել: Բայց հստակ գիտի.

«Պետք է ըմբռնել, որ այդ որոշումների կայացումից մինչև արդյունքներին հասնելը որոշակի ժամանակային ճեղքվածք կարող է առաջանալ, որը լի է սպառնալիքներով: Մենք պետք է նաև հնարավորինս դիմակայուն լինենք այդ սպառնալիքները հաղթահարելու ուղղությամբ»:

Հայաստանի ներսում ոչ բոլոր քաղաքական ուժերն են կողմ կառավարող ուժի այս որոշումներին: Մասնավորապես, «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման շրջանակներում ձևավորված դիվանագիտական խումբը պնդում է, որ այս փուլում Հայաստանի համար պետք չէ կտրուկ գործողություններ կատարել: Պնդում են, որ անհրաժեշտ է վերականգնել ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները, առաջին հերթին հենց Ռուսաստանի հետ:

Ի հակակշիռ այս պնդումների, Հայաստանի քաղաքական դաշտում մի քանի կուսակցությունների մասնակցությամբ օրերս ստեղծվեց ժողովրդավարական ուժերի հարթակ: Քաղաքական ուժերի այս թևը պնդելու է եվրոինտեգրման անհրաժեշտությունը: Կարծում են, որ Հայաստանի ճիշտ ճանապարհը ԵՄ-ին դիմելն է՝ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար:

Back to top button