ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Միակների» վերջին զանգն ավելի բարձր է հնչում

Հանրապետության ավելի քան 1500 դպրոցներում այսօր վերջին դասն էր, որին մասնակցում էին 20․554 շրջանավարտներ, ևս 39․406 շրջանավարտ էլ հրաժեշտ  տվեց հիմնական դպրոցին։ Մինչ Երևանի տարբեր դպրոցներում վերջին զանգն անցել է բազմամարդ ու աղմկոտ, մարզային մի շարք դպրոցներում միջոցառումներն ավելի համեստ են եղել։

Տավուշի մարզում այս տարի 2․723 շրջանավարտ կա։ Կիրանցում վերջին զանգը հնչել է 8 շրջանավարտի համար, նրանք 9-րդ դասարանն էին ավարտում։ Դպրոցներ կան, որտեղ շրջանավարտներ առհասարակ չկային, իսկ, օրինակ, Այգեպարում, զանգը հնչել է միակ շրջանավարտի համար։ Տավուշում գուցե տոնական տրամադրությունը զիջում է մյուս տարածաշրջաններին, բայց այստեղ բոլորը շրջանավարտները առաջինն են, որ հանրակրթական նոր չափորոշիչներով են դպրոցն ավարտում։

Գիտեն, որ օրը կարևոր է։ Մաղթանքներ շատ են լսել, մաղթանքներից շատ՝ այն մասին, որ իրենց կյանքում նոր ու պատասխանատու շրջան է սկսվում։ Բայց շատերը դեռ չեն գիտակցում օրվա խորհուրդը։ Այսօր դեռ տարված են հանդիսությամբ, հուզված են, անհանգիստ, մտքերը՝ դեռ խառը նաև առաջիկա քննությունների պատճառով։ Ավարտական միջոցառմանն էլ երկար են պատրաստվել․ դա էլ քննության պես մի բան է։ Ամենով հանդերձ՝ օրը տոնական է, երկար սպասված։

Տարիները դեռ հետևում չմնացած՝ արդեն ամփոփում են դրանք։ Դպրոցական առաջին օր ու այս տարիների ուրախ ու բարդ օրեր։ Խնդիրներն արդեն էլ խնդիր չեն թվում։ Մանկությունը դեռ հետևում չթողած՝ արդեն մանկության դրվագներն են ի մի բերում։ Չեն թաքցնում` շատ են սպասել այս օրվան, բայց և գիտակցում են` անցյալում են թողնում շատ թանկ մի բան։

Իհարկե, կկարոտեմ, ավելի շատ դասարանի երեխաների հետ շփումը, նաև ուսուցիչներին։

–Թող ներեն մեզ, բայց նաև ջղայնացրել ենք, դասից փախել։ Հավատում ենք՝ մի նոր փուլ ենք մտնում, այս 12 տարին հրաշք էր մեր կյանքում։

Մինչ մայրաքաղաքում տոնական աղմուկն ամենուր է, հանրապետության մի շարք բնակավայրերում վերջին զանգն անհամեմատ լուռ է անցնում։ Դպրոցներ կան, որտեղ վերջին զանգն ընդամենը մեկ շրջանավարտի համար է հնչել։

Էրիկը Տավուշի մարզի Այգեպար գյուղի միակ շրջանավարտն է։ 10-րդ դասարանից սկսած դասարանի միակ աշակերտն է։ Խոստովանում է՝ տխուր է, որ իր «Վերջին զանգն» էլ մյուս դպրոցների պես աղմկոտ ու բազմամարդ չէ, բայց դպրոցի ողջ անձնակազմը ջանացել է միայն իր համար օրը տոնական դարձնել։

«Վերջին դասն անցավ շատ լավ, ուսուցիչները տրամադրությունս բարձր պահեցին, ուրախ, գրկաբաց դիմավորեցին։ Մյուս կողմից էլ վատ է, որ մենակ ես լինում, բայց դրանից տոնական տրամադրությունս չի փոխվել»։

Վերջին առնվազն տասնամյակում առաջին անգամ է, որ Այգեպարի միջնակարգ դպրոցում մեկ շրջանավարտ ունեն։ Բայց դա բոլորովին չի խանգարել, որ տոնական միջավայր ապահովեն միակ շրջանավարտի համար, ասում է Տավուշի մարզի Այգեպարի միջնակարգ դպրոցի տնօրեն Արևիկ Արզումանյանը.

«Կազմակերպել ենք վերջին դաս, մեր սովորողը խոսեց, իր մաղթանքներն ասաց, ուսուցիչներն էլ բարեմաղթեցին, այժմ միմյանց շնորհավորում են։ Իհարկե տոնական մթնոլորտ է, ինչ կապ ունի, որ մեկ շրջանավարտ ունենք։ Իր օրը մենք պետք է տոն դարձնեինք»։

Էրիկն էլ խոստովանում է՝ դպրոցական տարիների ամենաուրախ օրն է, թեև մնացածն օրերից էլ լավ հիշողություններ ունի, նույնիսկ կարողացել է դասերից փախչել։ Էրիկը դեռ չի որոշել ինչ մասնագիտություն է ընտրելու։ Ապագայի ծրագրերից նախընտրում է չխոսել։ Այս ամառ կզորակոչվի բանակ։ Վերադառնալուց հետո նոր ծրագրեր կկազմի։ Կարևոր չէ, թե հանրապետության որ դպրոցն ապագա ինչ մասնագետներ են ավարտում: «Վերջին զանգի» օրը աշակերտներից շատերի ցանկությունը մեկն է` վերադարձնել մանկության անհոգ շրջանը։ Բայց առջևում քննություննենր են՝ ոչ միայն առարկայական, այլև ինքնահաստատման ու ինքնակայացման:

Կարդացեք նաև

Back to top button