ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Սահմանազատման ձևն ու բովանդակությունը

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաղորդել է, որ Հայաստանի սահմանապահ զորքերը մայիսի 24-ից պաշտոնապես ստանձնել են պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի հատվածների պահպանությունը։ Նաև հստակեցրել, որ պետական սահմանի Կիրանցի 5,8 կմ հատվածի պահպանությունը կիրականացվի մինչև 2024-ի հուլիսի 24-ը՝ անցումային սխեմայով:

«Սահմանազատումն ավարտված է, սահմանապահը կանգնած է, մենք էլ այս պահի դրությամբ աշխատում ենք, որ տեսնենք ժողովրդին ոնց կարող ենք օգնել իրենց այս հոգեբանական վիճակում։ Ամեն դեպքում, եղածը եղած է»։

Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանն է նկարագրում իրավիճակը՝  արձանագրելով նաև, որ բնակիչներն անհանգիստ են։

«Ո՞ր մեկը լավ կլինի էս վիճակում, վատից վատ են, փոսի մեջ են, պետք է հատ-հատ հանենք էս մարդկանց, հասկանանք ինչ ենք անում։ Խնդրում եմ՝ շատ հարցեր մի տվեք»։

Հայաստանի սահմանապահ զորքերը մայիսի 24-ից պաշտոնապես ստանձնել են  պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբերի մոտ 2 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի մոտ 5 կմ հատվածների պահպանությունը՝ տեղեկացնում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը։ Նաև հստակեցնում, որ պետական սահմանի Կիրանցի 5,8 կմ հատվածի պահպանությունը կիրականացվի մինչև 2024-ի հուլիսի 24-ը՝ անցումային սխեմայով:

Նույն կերպ էլ Ադրբեջանի կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունն արդեն սկսել են իրականացնել այդ երկրի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները՝ նշվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նախ արձագանքում է Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների անհանգստություններին։

«Լսելով Ադրբեջանի նախագահին՝ համենայն դեպս պարզ է դառնում, որ Բաքուն առաջնորդվում է առավելապաշտության և ուժի կիրառման մոտեցումներով։ Հետևաբար , եթե Ադրբեջանն իր ներկայությամբ սպառնում է սահմանակից հայկական բնակավայրին, դա նշանակում է, որ մտավախությունները միանգամայն հիմնավոր են»։

Սահմանազատման աշխատանքները գործնական փուլ մտան ուղիղ տասն  օր առաջ, երբ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները Տավուշի մարզի խնդրահարույց այս հատվածի սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրություն ստորագրեցին։ Հայտարարվեց, որ սահմանազատումն իրականացվում է  Խորհրդային միության  ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով՝ Ալմա-Աթայի 1991 թ հռչակագրի հիման վրա։

Շատ փորձագետներ մտահոգված են, որ սահմանազատումը ոչ թե համապարփակ, այլ հատվածաբար է իրականացվում։ Վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, սակայն, խնդիրները միայն պրոցեսի ամբողջականության մեջ չեն։

«Երբ մենք խոսում ենք սահմանազատման մասին, և մտավախություններ կան, որ այն ամբողջական պրոցես չէ, պետք է ասեմ, որ խնդիրը նույնիսկ պրոցեսի ամբողջականության մեջ չէ։  Խնդիրն այն է, որ սահմանազատում և սահմանագծում որպես այդպիսին տեղի չի ունենում, մենք ունենում ենք սահմանի ինչ-որ արձանագրում, որը ամենևին չի ենթադրում սահմանազատման ու գծման գործընթաց՝ ըստ բովանդակության, որովհետև ըստ բովանդակության պետք է հաշվի առնվի Կիրանցի բնակիչների ընդհուպ  սոցիալ-հոգեբանական վիճակը, այսինքն՝ ինչպիսի վիճակում է հայտնվում գյուղը, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը, սահմանը անցնում է հենց գյուղի բնակելի հատվածով, եթե պատկերավոր ասենք՝ կիսում է գյուղը, բաժանում մասերի, ընդ որում, էական չէ՝ մեծ ու փոքր մասերի՞,  թե՞ հավասար»։

Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե վերադարձրել է Տավուշի մարզի և  Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող  4 գյուղերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ գյուղերը դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։

Քարտեզագիր Ռուբեն Գալեչյանն իրավիճակը բացատրում է՝  ըստ քարտեզների։

«Խնդիրն այն է, որ Աշաղը Ասկիպարան ու Բաղանիսը բնակչություն չունեն, եթե սահմանը գծվի, ոչ մեկին չի խանգարի, քանի որ մարդ չի ապրում այնտեղ, իսկ մեզ մոտ սահմանին մոտ բնակեցված է, և մարդիկ անապահով կզգան իրենց։ Մենք պետք է անվտանգության ապահովություն ունենանք, որ ճանապարհը այնպես փոխենք, որ ապահով լինի, բացի դրանից՝  հիմա Ադրբեջանը պետք է վերադարձնի մեզ այն, ինչ ինքն է գրավել՝ Տավուշից մինչև Պարսկաստանի սահման հասնող սահմանագծով իր գրաված մոտ 210 քկմ բարձունք։  Եթե չանի դա, ուրեմն իր հանձնառությունը չի կատարել»։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ 1976 թվականի քարտեզները զուտ քարտեզներ չեն, դրանք ունեն նաև կից փաստաթղթեր, և հստակ չէ, թե որքանով են դրանք հաշվի առնվում  համաձայնություններ կայացնելիս։ Նրա տպավորությամբ՝  նախ իրականացվում է գործընթացը, հետո փորձ է արվում դրան համարժեք քարտեզ կամ փաստաթուղթ գտնել։

«Ինչպես Ալմա-Աթայի արձանագրումն է մոլորություն, այնպես էլ քարտեզների թվականները նշելով մոլորություն է կարծելը, թե հարցերը լուծվում են։ Վերցնում ենք մի նպատակահարման քարտեզ և համարում ենք, որ դրանով մեր շահերը պաշտպանվու՞մ են։ Այդպես չէ, սա բարդ պրոցես է, որտեղ բովանդակությունն է կարևոր, սկզբունքնեն են կարևոր, որպեսզի հասկանանք թե դա ինչ գործընթաց է՝ հավասարակշռվա՞ծ է, իսկապես բանակցային գործընթա՞ց է՝ փաստարկներով հիմնավորված, միջազգային կանոնակարգերով թե՞ ուժի դիրքերից արվող գործընթաց է,  որի համար հետո փաստաթղթային հիմնավորումներ են գտնվում»։

Իբրև ասվածի հիմնավորում զրուցակիցս նշում է այն հանգամանքը, որ մինչև սահմանազատման արձանագրության ստորագրումը հայտնի չէր,  թե, օրինակ, որ թվականի քարտեզներով է սահմանազատումն իրականացվում։  76-ի քարտեզների մասին հայտնի դարձավ արձանագրության ստորագրումից հետո միայն։

Back to top button