ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

ԱՆԻՖ-ը լուծարվում է, հեռացված տնօրենը՝ ազատումը վիճարկում դատարանում

Ուղիղ 5 տարի առաջ կառավարության որոշմամբ ստեղծված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունը կառավարության որոշմամբ լուծարվում է։ Գործադիրը որոշել է 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել պետգույքի կառավարման կոմիտեին։

Տնտեսության իներցիոն զարգացումները կանխելու համար  ստեղծված ֆոնդը տարբեր ոլորտներում մեգանախագծեր էր իրականացնում։ ԱՆԻՖ-ի խոշոր նախագծերից մեկը «Ֆլայ Արնա»-ի՝  ազգային ավիափոխադրողի ստեղծումն էր, ավիաընկերությունը, սակայն,  վերջերս դադարեցրեց գործունեությունը։ 

Ինչո՞ւ է լուծարվում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու, արտահանման աճը խթանելու, լայնածավալ նախագծերը համաֆինանսավորելու մանդատով 5 տարի առաջ ստեղծված կառույցը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը։ Կառավարության ներքո գործող ընկերությունն ու էկոնոմիկայի նախարարությունն այս փուլում ձեռնպահ են մնում մեկնաբանություններից։ Հայտնի է միայն, որ գործադիրի վերջին նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող նախագծերից մեկով  «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ 

Պետական հետաքրքրությունների ֆոնդը ստեղծվել էր 2019թ․ ապրիլին՝ տնտեսությունում իներցիոն զարգացումները կանխելու, ներդրումային միջավայրում նոր մշակույթ  ներդնելու նպատակով։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝ գլխավոր նպատակը  ներդրումային խոշոր ծրագրերում պետության մասնակցությունն ու գործընկերությունն ապահովելն էր։ Ծրագրերի մի մասը, սակայն,  ակնկալվող արդյունքները չունեցավ, ինչն իր ազդեցությունը թողեց ԱՆԻՖ-ի հետագա գործունեության վրա։ Այն գումարները և փիլիսոփայությունը, որ դրվել էին հիմնադրամի գործունեության հիմքում, չարդարացան՝ ասում է «Ռադիոլուրի» տնտեսագետը։  

«Բայց դա չի նշանակում, որ պետությունը պետք է հրաժարվի այսպիսի ֆոնդ ունենալու գաղափարից։ Կարող էինք այդ ֆոնդի կառավարումը փոխել՝ ներգրավելով նաև մասնավոր հատվածը, ինստիտուտցիոնալ ներդրողներին։ Բայց  կառավարությունը երկար չմտածել ու կացնային լուծում տալ խնդրին»։

ԱՆԻՖ-ի խոշոր նախագծերից մեկը «Ֆլայ Արնա»-ի՝ ազգային ավիափոխադրողի ստեղծումն էր։ Ավիաընկերությունը վեջերս փակվեց։ «Հայկական ազգային ավիաուղիներ»-ի միակ ինքնաթիռը հունվարի 16-ից Զվարթնոցում անգործ կանգնելուց,  փետրվարի 26-ին Շարժա թռչելուց հետո  Հայաստան չվերադարձավ և հանվեց հայկական ռեգիստրից։  Խորհրդարանական ամբիոնից Հայաստանի վարչապետը խոստովանեց․

«Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողված է»:

2022-ի դեկտեմբերին, երբ ԱՆԻՖ-ը ներակայացրեց տնօրենների խորհրդի առաջին զեկույցը, խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը հայտարարեց․

«Երեք տարվա գործունեության ընթացքում վստահորեն ու հպարտությամբ կարող եմ ասել, որ ԱՆԻՖ-ն այս առումով ունի ձեռբերումներ։ Բոլոր այն ներդրումները, որ իրականացրել է հիմնադրամը, նոր չափորոշիչներ են հաստատում ամեն մեկն իր ոլորտում»։

Ուշագրավ է, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023-ի մայիսին, Արժույթի միջազգային հիմնադրամն էր  խնդիրներ արձանագրել ANIF-ում՝ կապված հաշվետվողականության, թափանցիկության, կորպորատիվ կառավարման հետ։ Հիմնադրամը նաև հայտնել էր, որ ANIF-ը, ըստ էության, ունի չորոշակիացված անսահմանափակ մանդատ, հստակ չափանիշներ չկան, թե որտեղ կարող է ներդրումներ իրականացնել ֆոնդը, որտեղ չի կարող։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ հիմնադրամը փակելու որոշման վրա ազդել են նաև միջազգային կառույցների գնահատականները։

«Այս հիմնադրամի փակելու վրա, իմ կարծիքով, որոշակի ազդեցություն են թողել միջազգային ինստիտուցիոնալ տարբեր ներդրողների կոչերը, հայտարարությունները։ Խոսքը միջազգային կազմակերպությունների մասին է, որոնք շահագրգռված չեն, հիմնականում սահմանափակում են պետություններին, որ գումարներ ներդնեն իրական հատվածում, դառնան գործընկեր։ Այս կամ այն խոշոր վարկային ծրագիրը տրամադրելուց առաջ նրանք որոշակի պայմաններ են դնում պետության առջև, օրինակ՝ կատարել այս կամ այն փոփոխությունը, բարեփոխումը, ազատականցնել շուկաները։ Գաղտնիք չէ, որ Հայաստանին խոշոր գումար տվողներն այդ հիմնադրամի նկատմամբ բացասական էին տրամադրված»։

2019-ից մինչև 2023-ի նոյեմբերը կառույցի տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր՝ նախ փոխվարչապետի, հետո Երեւանի փոխքաղաքապետի կարգավիճակում։ Քաղաքապետ դառնալուց հետո Ավինյանի լիազորությունները որպես ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահ դադարեցվեցին։ 

2023 թվականի դեկտեմբերին էկոնոմիկայի նախարարի որոշմամբ` խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։ Հատկանշական է, որ Իսպիրյանն անցնում է քննչական կոմիտեի վարույթում գտնվող գործերից մեկով, նրա նկատմամբ փետրվարի սկզբին  խափանման միջոց էր  ընտրվել տնային կալանքը։ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամներ են նշանակվել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը։ Խորհրդի երեք նոր անդամների քվեարկությամբ հունվարի 5-ին  վաղաժամ դադարեցվել են ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները։  Հիմնադրամը փակելու որոշումը կայացնելուց առաջ նախ և առաջ պետք էր հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու՝ ասում է Սուրեն Պարսյանը։ Այս հարցերի պատասխաններն, ըստ նրա, թույլ կտային ապագայում խուսափել նույն խնդիրներից։

«Մենք գնում ենք հեշտ՝ փակելու ճանապարհով՝ առանց հասկանալու, գնահատելու խնդիրները՝ փորձելով լուծումներ գտնել։ Մի կողմից ունենք պետական միջոցների անարդյունավետ կառավարում, մյուս կողմից, կարծում եմ, դրսից ճնշումներ»։

Այս պահին հստակ չէ նաև ԱՆԻՖ-ի ֆինանսավորմամբ իրականացվող խոշորածավալ ծրագրերի ճակատագիրը։ Մասնագետների կարծիքով՝ հիմնադրամի լուծարումից հետո որոշակի պարտականություններ ու իրավունքներ կարող են փոխանցվել այլ կառույցներին, բայց և  հնարավոր է դիտարկվի սնանկացման տարբերակը։ Ի դեպ, ԱՆԻՖ-ի ղեկավար Դավիթ Փափազյանը մարտի 5-ին դիմել է Երեւանի քաղաքացիական դատարան՝ խնդրելով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասով անվավեր ճանաչել ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի հունվարի 5-ի որոշումը: Մարտի 18-ին հայցադիմումն ընդունվել է դատավոր Թաթուլ Ղուկասյանի վարույթ: Նիստի օրվա մասին տեղեկություններ դատալեքսում այս պահին չկան:

Back to top button