ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Արևմուտքը նոր էսկալացիա կարող է հրահրել Վրաստանում՝ իշխանափոխության պահանջով. փորձագետ

Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո, սրվում են Վաշինգտոն-Թբիլիսի հարաբերությունները։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ սկսել են վերանայել Վրաստանի հետ հարաբերությունները։ Թե ինչպես և ինչ աստիճանի կարող են սրվել Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները, փորձագետները այս պահին դժվարանում են պատասխանել։

Մայիսի 14-ին էր Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, սակայն մայիսի 18-ին երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո էր դրել դրա վրա։ Վրաստանի խորհրդարանը, մինչդեռ, մտադիր է հաղթահարել նախագահական վետոն։

«Կովկասի ինստիտուտի» փոխտնօրեն, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում այսպիսի դիտարկում արեց.

«Որքան ես հասկանում եմ, այս իրավիճակն զգալիորեն անկանխատեսելի էր բոլորի համար։ Այսինքն՝ մի կողմից կա Վրաստանի իշխանություն՝ իրեն աջակցող զանգվածով, մյուս կողմից՝ ընդդիմացող զանգվածն է, որը բավականին մեծ է, իսկ մեկ այլ կողմից էլ՝ ընդհանուր ֆոնն է, ընդհանուր իրավիճակը տարածաշրջանում, և այս ամեն ինչը դրդում է բոլորին դեպի կտրուկ գործողություններ»։

Աղմկահարույց օրենքով նախատեսվում է, որ հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ները, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվեն որպես «օտարերկրյա ուժի շահերը հետապնդող» կազմակերպություններ։ Վրաստանի իշխանությունները հայտնում են, որ օրենքը կոչված է ապահովելու ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկությունը։ Օրենքի ընդունումը Վրաստանում առիթ է դարձել բազմահազարանոց բողոքի ցույցերի, որոնք վերածվել են իրավապահների հետ բախումների։ Քաղաքագետ Միքայելյանը նկատում է.

«Եթե նախապես ոչ մի այդպիսի պլաններ չկային, ըստ իս, այսինքն՝ կոպիտ արձագանքի պլաններ չկային, ապա հիմա դրանք գուցե իսկապես մշակվեն»։

Աղմկահարույց օրենքի պատճառով ավելի վաղ ԵՄ-ում սպառնացել էին չեղարկել Վրաստանի հետ անայցագիր ռեժիմը։ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը նույնպես հայտարարել է Վրաստանի համար վիզային սահմանափակումներ մտցնելու և Թբիլիսիի հետ երկկողմ համագործակցությունը վերանայելու մասին։ Ամերիկացի պաշտոնյան զգուշացրել է, որ Վրաստանի համար վիզային ռեժիմի նոր քաղաքականություն է վարվելու, որը կիրառվելու է այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են կամ մեղսակից են Վրաստանում ժողովրդավարության խարխլմանը։

«Մենք հույս ունենք, որ Վրաստանի ղեկավարները կվերանայեն օրենքի նախագիծը և քայլեր կձեռնարկեն իրենց ազգի ժողովրդավարական և եվրաատլանտյան նկրտումներն առաջ տանելու համար։ Մեր երկու երկրների հարաբերությունները վերանայելուն զուգահեռ, մենք հաշվի կառնենք Վրաստանի գործողությունները մեր սեփական գործողությունները որոշելիս»։  
«Կովկասի ինստիտուտի» փորձագետ Հրանտ Միքայելյանի գնահատմամբ՝ այս պահին պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելն է քննարկվում, սակայն, քաղաքագետը տեսականորեն հնարավոր է համարում նաև, որ Վրաստանի դեմ այլ պատժամիջոցներ նույնպես կիրառվեն, օրինակ՝ տարբեր հիմնադրամներին, այդ թվում՝ միջազգային հիմնադրամների միջոցներով տրամադրվող ֆինանսների կրճատում տեղի ունենա։ Հրանտ Միքայելյանը չի բացառում, որ այստեղ իրավիճակը կարող է շատ ավելի անսպասելի զարգանալ ու սրվել, քան նախապես որևէ մեկը պլանավորում էր։

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Արևմուտքին մեղադրել էր, որ Վրաստանն ուզում են օգտագործել Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու համար։

«Կարող ենք հրաժարական տալ, բայց հետո կգան ուժեր, որոնք կուկրաինացնեն Վրաստանը և երկրորդ ճակատ կբացեն Ռուսաստանի դեմ։ Արևմուտքը միտումնավոր է օրենքի շուրջ աղմուկ բարձրացրել»,-հայտարարել էր Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետը, բերելով Թուրքիայի օրինակը, շեշտել էր, որ Անկարան ևս ընդունել է «Օտարեկրյա գործակալների մասին» օրենքը, բայց Արևմտյան երկրները չեն քննադատել ՆԱՏՕ-ի դաշնակցին այդ օրենքն ընդունելու համար։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը չի կարծում, որ Վրաստանի իշխանությունները կարող են տեղի տալ ու զիջել իշխանությունը, քանի որ այնտեղ լավ են հասկանում, որ Վրաստանն այսօր ավելի թույլ է, իսկ իշխանափոխության պարագայում կարող է Ռուսաստանը «շատ ավելի քիչ համբերատարություն դրսևորել Վրաստանի նկատմամբ, քան դա անում է Ուկրաինայում»։

Back to top button