ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայաստանը դիվերսիֆիկացնում է հետախուզության ոլորտում համագործակցությունը․ փակ հանդիպումներ, զրո տեղեկատվություն

ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչը մեկնել է Ղրղզստան ԱՊՀ կառույցներից մեկի տարեկան նիստին մասնակցելու համար։ Անցած տարվա նույն նիստին Հայաստանը չէր մասնակցել, քանի որ այն անցկացվել էր Բաքվում։

Անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարները այս տարի հավաքվել են Բիշքեկում։ Դրան մասնակցել են Հայաստանի ԱԱԾ պետի տեղակալ Սամվել Հայրապետյանը, Ղրղզստանի ազգային անվտանգության ծառայության նախագահ Կամչիբեկ Տաշիևը, Ռուսաստանի ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Ադրբեջանը ներկայացնում էր ԱԱԾ պետ Ալի Նագիևը։ 

Հավաքից ծավալուն տեղեկություններ չեն հաղորդվել, բայց հետաքրքիրն այն է, թե անվտանգային և քաղաքական ինչ մթնոլորտում են ընթանում նիստի աշխատանքները։

ԱՊՀ երկրների ԱԱԾ ղեկավարները Բիշքեկում փակ հանդիպում են ունեցել։ Հավաքը նախապես ծրագրված է եղել. ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների 54-րդ հանդիպումն էր։  

Ոլորտի առանձնահատկությունից ելնելով մեծ տեղեկատվություն հանդիպումից չի տրվել։ Հաղորդվում է միայն,որ համատեղ միջոցառումներ պետք է ընդունվեին` բացահայտելու և ճնշելու այն անձանց գործունեությունը, որոնք մարտական ​​պատրաստվածություն և փորձ են ստացել արտերկրում՝ ԱՊՀ անդամ երկրներում իրավիճակն ապակայունացնելու և սահմանադրական կարգը բռնի փոխելու նպատակով։ Հանդիպման օրակարգային հարցերից էր նաև ահաբեկչության և կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի համար տեղեկատվության փոխանակման բարելավումը:  

Բիշքեկում ընթացող աշխատանքից հայտնի է այսքանը։ Սակայն, ավելի ուշագրավ են այն մթնոլորտը և զարգացումները, որոնք ուղեկցում են ԱԱԾ ղեկավարների հավաքը և առնչվում են ընդհանուր հետաքրքրությունների գոտուն։  

Այդպես, օրինակ՝ մարտի 26-ին, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԱՊՀ երկրներն այս պահին Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայությունն են։ Երկկողմ հարաբերությունների զարգացումը և ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծումը մի բան է, որի վրա դաշնակիցներն աշխատում են միասին, ասել էր նա։ Իսկ դրանից առաջ էլ՝ նոյեմբերի 8-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր այսպիսի հայտարարություն արել․

«Համոզված եմ, որ արևմտյան երկրները փորձում են ապակայունացնել իրավիճակը ԱՊՀ երկրներում և խաթարել նրանց ավանդաբար սերտ առևտրային համագործակցությունը և մշակութային կապերը»։

Այս առումով հետաքրքիր են ապագա միտումները, որոնք իրենց համար նախանշել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահները։ Ընդ որում, այդ ծրագրերը ոչ միայն ընդհանուր  ԱՊՀ տարածքին են առնչվում, այլև՝ կովկասյան տարածաշրջանին, մասնավորապես։

Լուկաշենկոն Պուտինին, իր իսկ ձևակերպմամբ, «հետաքրքիր առաջարկներ» ունի կովկասյան տարածաշրջանի վերաբերյալ։ Ուշագրավ է, որ դրանք առաջացել են օրեր առաջ, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո։

Ադրբեջանական շրջագայության ընթացքում Լուկաշենկոն աչքի ընկավ Հայաստանի հասցեին մի շարք ոչ բարեկամական հայտարարություններով։ Ավելին, Լուկաշենկոյի խոսքով՝ մինչև 2020 թվականը Ալիևի հետ քննարկել են պատերազմի թեման ու եզրահանգել, որ կարելի է հաղթանակի հասնել։

Հայաստանի ներսում հանրությունը շատ քննարկեց Բելառուսի դեսպանին ԱԳՆ հրավիրելու, Բելառուսին բողոքի նոտա հղելու, համագործակցության մակարդակը իջեցնելու և առհասարակ Բելառուսի նախագահից պարզաբանումներ պահանջելու անհրաժեշտությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում պարզապես հայտարարեց․ Բելառուսի նախագահը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանն ասել է այն, ինչ ինքը 4 տարի փորձում է ասել։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են, ոչ մեր կողմից, մեր դաշնակիցները։ Փաշինյանը հայտարարել էր, որ գիտի ՀԱՊԿ առնվազն 2 երկիր, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։

Լուկաշենկոյից պարզաբանումներ պահանջելու դիրքորոշումներին հակառակ` քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը այլ դիտանկյունից է մոտենում հարցին․

«Շատ ուրախալի է, որ Լուկաշենկոն է Ալիևի դաշնակիցը։ Մարդ, որը ամբողջովին սանկցիաների տակ է։ Նա իր երկրում ունի լուրջ խնդիրներ, այնպես որ Լուկաշենկոյին չարժե անդրադառնալ, և անհրաժեշտ է ուրախանալ և ցույց տալ միջազգային հանրությանը, թե ովքեր են Ալիևի դաշնակիցները։ Ինչ վերաբերում է հայտարարություններին, նախ՝ այդտեղ նույնիսկ ուշադիր չլինելով կարելի է հակասություններ տեսնել։ Միջազգային իրավունքին համապատասխան ռազմական ձևով որևէ հարց չի լուծվում։ Խնդիրը ո՞րն է։ Հայաստանի իշխանությունները, քանի որ փակել են Արցախի էջը, և հիմա հակադարձում չկա, Ալիևը հոխորտում է։ Իսկ եթե բացվեր այդ էջը այն առումով, որ ասվեր՝ լեգիտիմ չէր ուժի կիրառումը, ՄԽ բոլոր համաձայնագրերը չեղարկվել են, Անվտանգության Խորհրդի որևէ բանաձևում նշված չէ, որ Հայաստանը հակամարտության կողմ է, այդ ի՞նչ բանաձևի մասին են խոսում։ ԵԱՀԿ–ն գործընթացի մեջ մտել է հենց նրա համար, որ Արցախի կարգավիճակը որոշված չի եղել։ Այսինքն՝ այս փաստերը, եթե Ալիևի դիմաց դնեք, նա այլևս չի խոսի։ Բայց քանի որ մենք մղվել ենք անկյուն, սա է հետևանքը։ Փորձագետները գոնե պետք է բարձրացնեն այս հարցը, իշխանությունը եթե մոռացել է»։  

Մինչդեռ իշխանությունը աշխատում է այլ ուղղությամբ։ Տարածաշրջանում անվտանգային հարցերը լուծելու համար համագորակցությունը միայն ԱՊՀ համապատասխան կառույցի շրջանակներում չէ։ Հայաստանը դիվերսիֆիկացնում է նաև այս ոլորտը։

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակությանը: Սուղ տեղեկատվությունից հայտնի դարձավ, որ քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր:

Այս նոր համագործակցության մասին խորհրդարանական մեծամասնությունում նույնպես աշխատում են քիչ խոսել։ «Քաղաքացիական պայմանագրից» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը պարզապես ասում է․

 «ՔՊ-ում քննարկում չի եղել, հասկանում եմ, որ հանրությանը ավելի շատ բան է հետաքրքրում այդ ոլորտում, քան հրապարակվել է։ Բայց ես պետք է ասեմ, որ այս ծառայության բնույթն այդպիսին է, որ մենք պետք է բավարարվենք հնարավորինս փոքր հանրային տեղեկատվությամբ»։

Նմանատիպ մի հանդիպում կազմակերպվել էր նաև 2022–ի ամռանը։ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընդունել էր ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին:

Իշխանությունը այս անգամ չի պարզաբանում, թե արդյո՞ք այդ այցով սկիզբ է դրվում վարչապետին կից Արտաքին հետախուզության ծառայության հետ նոր համագործակցությանը։

Back to top button