
Կառավարության որոշմամբ Կիպրոսի Հանրապետությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն (նստավայրը` Նիկոսիա): Ըստ հիմնավորման՝ Հայաստանը և Կիպրոսը միմյանց ընկալում են որպես ավանդական բարեկամ երկրներ:
Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանին և Կիպրոսին հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ: Երկու երկրների միջև ներկայումս էլ ընթանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, առկա է բազմաոլորտ երկկողմ օրակարգ։ Հայ-կիպրական հարաբերությունների շարունակաբար զարգացումը ընդգծվել է բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններով, լայն իրավապայմանագրային դաշտի ստեղծմամբ, երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական ակտիվ երկխոսությամբ:
Ներկայումս երկու երկրների դեսպանությունները գործում են համատեղության կարգով՝ Կիպրոսում Հայաստանի դեսպանության նստավայրը Աթենքում, իսկ Հայաստանում Կիպրոսի դեսպանությունը` Մոսկվայում: Կիպրոսում դիվանագիտական ներկայությունը կնպաստի Հայաստան-Կիպրոս հարաբերությունների էլ ավելի զարգացմանը։




