
Կառավարությունը հաստատել է բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/25 ուստարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը։ 2024/25 ուստարվա բակալավրի ընդունելության տեղերը նախագծվել են` հաշվի առնելով կրթական ծրագրերով մասնագիտությունների գերակայությունների վերաբերյալ գերատեսչությունների ներկայացրած առաջարկությունները, դիմելիությունը՝ ըստ բուհերի, նախորդ տարիների ընդունելության արդյունքներն ու տվյալ մասնագիտության համար բուհին տրամադրված լիցենզիայով սահմանված տեղերը։
Գալիք ուսումնական տարվա համար բուհերին հատկացված ընդունելության տեղերը 17 հազարից ավելի են, որոնցից անվճար են 3162-ը։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ որոշ բուհերում և որոշ մասնագիտություններով պետպատվերով տեղեր այլևս չեն լինի։ Որոշ դեպքերում էլ դիմորդներին կառաջարկվեն նոր մասնագիտություններ։ Նոր ուսումնական տարում պետպատվերով տեղեր չեն հատկացվել այն մասնագիտություններին, որոնք չեն համապատասխանում բուհի ուղղվածությանը։ Հաշվի առնելով 2023/24 ուստարվա ընդունելության մրցույթի արդյունքները, հատկապես թափուր մնացած տեղերի վերլուծությունը, նախատեսվում է 2024/25 ուստարվա համար ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 14 000 տեղ հատկացնել վճարովի ընդունելությանը: Ի տարբերություն հանրապետության մյուս մարզերում կազմակերպվող ընդունելության քննությունների` Տավուշի մարզում ընդունելությունը կտարբերվի։ Քանի որ այստեղ հանրակրթության նոր չափորոշչի փորձարկումներն անցած առաջին շրջանավարտներն արդեն դիմորդ են, նրանց համար պատրաստվում են ապահովել նոր չափորոշչին համապատասխանող ընդունելության կարգ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան. «Այս տարի Տավուշի շրջանավարտները, ինչպես բոլոր շրջանավարտները, ունեն երկու հնարավորություն միասնական քննություններ հանձնելու, և սա իրենց համար կլինի հավելյալ հնարավորություն, որը կկազմակերպվի ընդունելության հիմնական փուլից հետո՝ հուլիսի սկզբին, և դրանով նրանք կկարողանան մրցույթին մասնակցության ավելի լավ հնարավորություններ ստանալ»։
Քննական թեստերը նոր ձևաչափով կկիրառվեն և կհամապատասխանեն չափորոշչի բովանդակությունը: Սա նոր թեստային համակարգի փորձնական ներդրումն է՝ ուղղված նոր ծրագրային նյութի վերջնարդյունքների գնահատմանը: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը դրական է գնահատում քննության նոր ձևաչափը, սակայն կարծում է, որ փոփոխության մասին ավելի շուտ էր պետք հայտնել, որ դիմորդները հասցնեին պատրաստվել․
«Քանի որ հունվարին ընդունելության քննության առաջին փուլն արդեն եղել է, հնարավոր է՝ շատ դիմորդներ չեն ուզում մասնակցել երկրորդ քննությանը, գուցե երկրում չեն, հնարավոր է նաև տղա դիմորդների մի մասը արդեն բանակում լինի, և հարց է՝ արդյո՞ք ՊՆ–ն թույլ կտա իրենց գալ և մասնակցել քննությանը։ Բացի այդ՝ ճիշտ է, փորձարարական է, բայց ճիշտ կլիներ, որ ուղեցույց լիներ, հասկանային՝ մոտավորապես իրենց ինչ են հարցնելու։ Խնդիրը նաև այն է, որ դասագրքերի զգալի մասը արդեն պատրաստ է, բայց մենք նոր-նոր խոսում ենք նոր տեսակի թեստի մասին։ Լավ կլիներ, որ դա արվեր մինչև դասագրքերի գրվելը, որպեսզի դասագիրքն այդ տրամաբանությամբ գրվեր»։
Քանի որ նոր կարգը փորձնական է, հնարավոր են տարբեր լուծումներ, ընթացքում նաև այլ փոփոխություններ։ Կարգի մասին նախարարությունում խոստացել են առաջիկայում ավելի մանրամասն խոսել։ Մինչ այդ հայտնի է, որ բուհական ընդունելության նոր կարգը կներդրվի առայժմ միայն Տավուշում, 2026 թվականից այն կգործի արդեն բոլոր շրջանավարտների համար:




