ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Օրագիրը տանը մոռացեք․ դպրոց՝ առանց թվանշանի ու «անբավարար»-ի

Երեխան դպրոցից դուրս է գալիս, ծնողը դիմավորում է նրան ու հարցնում «ի՞նչ ես ստացել»՝ բնավ նկատի չունենալով ստացած գիտելիքը։ Ծնողը թիվ է ուզում։ Ընդ որում խիստ ցանկալի է, որ իր երեխայի ստացած այդ թիվը մյուս երեխաների ստացածից բարձր լինի։ Ավանդույթի ուժով, հասարակական պարտադրանքով, «մեծերի»՝ փոքր-ինչ բարձրացած ունքի կամ ուսին թփթփացնելու ժեստի ուղեկցությամբ որոշվում է՝ երեխան «ծույլի՞կ» է, «հարվածայի՞ն», թե՞ «գերազանցիկ»։

Բայց ԿԳՄՍ-ն որոշել է փոխել իրավիճակը։

«Ձեր երեխան 6-ի աշակերտ է» ի՞նչ հասկանալ

«Երբ ուսուցիչը գնահատում է աշակերտին ու ասում՝ այսօր դու 6 ես ստացել, այդ 6-ի մեջ պիտի մտնի այն գիտելիքը, որ ունի, այն կարողությունը, որով այդ գիտելիքը կարողանում է օգտագործել, այն դիրքորոշումն ու արժեքային համակարգը, որ իր մեջ ձևավորել է»։

Գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային համակարգ․ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը թվարկում է այն, ինչը գնահատվում է հանրակրթության նոր չափորոշչով։

Ըստ դրա այս ուսումնական տարվանից 2-րդ, 5-րդ, ու 7-րդ դասարանցիներն ավելի շատ մեկնաբանություն պիտի ստանան․ «Ես բերեմ օրինակ տարրական դպրոցի մասով, երբ ծնողն ուսուցչին հարցնում է՝ կարողանո՞ւմ է արդյոք իմ երեխան կարդալ։ Այս դեպքում ասի՝ քո երեխան կարդում է 6-ի, ի՞նչ է դա նշանակում․ ծնողը չի կարող կողմնորոշվել։ Եթե ուսուցիչը բացատրի, ասի՝ նորմայով սահմանված է, որ 1 րոպեում պետք է կարդալ առնվազն 40 բառ, քո երեխան կարդում է 45 բառ, նորմայով սահմանված է, որ կարդում է անծանոթ տեքստը ու կարող է ասել՝ ինչի մասին է այդ տեքստը, բայց քո երեխան դա դժվարանում է անել, ինքը 2 կամ 3 անգամ պետք է կարդա, քո երեխան չի կարողանում իր բառերով վերարտադրել այդ տեքստը, քո երեխան չի կարողանում անծանոթ տեքստը կարդալ այն առոգանությամբ, որը բխում է տեքստի բովանդակությունից․․․ Այ, այս պարամետրերը գնահատում են երեխայի ընթերցանությունը»։

Այսպիսով՝ էլեկտրոնային մատյաններում թվանշան այլևս չի դրվում։ Դա արվում է միայն կիսամյակի ավարտին՝ ամփոփիչ աշխատանքները գնահատելիս։ Ուսուցման ողջ ընթացքում ուսուցիչը մատյանում կարծիք է «նշանակում»։ Ընդ որում` պարտադիր չէ, որ երեխան դաս պատասխանի այդ կարծիքը ստանալու համար։

ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ Ձևավորող գնահատումը չպիտի ենթադրի տարբեր սովորողների ուսումնական արդյունքների համեմատում․ այս «մրցապայքարում» աշակերտը մենակ է ինքն իր հետ։

Բոլորը կարող են սովորել «բավարար», որոշները՝ փոքր-ինչ ուշ

Նոր չափորոշիչը նախատեսում է հրաժարվել նաև «անբավարար» որակումից։ Ոլորտը համակարգողները հստակ սահմանել են՝ երկրին առնվազն 4 միավորին համապատասխանող գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային համակարգ ունեցողներ են պետք։ Բայց, ասում են, դրանից քիչ իմացողներին ոչ թե պիտակավորել ու պատժել, այլ օգնել է պետք։ Նրանց համար դպրոցը կիրականացնի երկարօրյա դասեր, ուսուցիչը լրացուցիչ դասաժամերի ընթացքում կօգնի երեխային լրացնել բաց թողած կամ չհասկացած դասերը և դրա համար կվարձատրվի։

«Ես աշակերտի անհաջողությունների վրա քիչ ուշադրություն եմ դարձնում, ինքը չսովորեց այսօրվա դասը, վաղվա դասը, հետո՝ մյուս օրվա, եկավ-հասավ առաջին կիսամյակի վերջ, ստացավ, այսպես ասած, անբավարար գնահատական, հետո գնաց երկրորդում էլ ստացավ անբավարար գնահատական ու մնաց նույն դասարանում։ Ո՞վ էր մեղավոր՝ սովորո՞ղը, թե՞ սովորեցնողը։ Բա ինչի՞ եք պատժում երեխային՝ թողնելով նույն դասարանում, թող ուսուցիչն էլ մնա նույն դասարանում, որ տենց է»։

«Գնահատում ենք, բայց գաղտնի» նոր որոշման տասնամյակներ ձգված փորձը

Նախարարությունը ենթադրում է, որ դպրոցների համար այս համակարգին անցնելն անսովոր, գուցե նաև բարդ լինի։ Բայց կան նաև այնպիսիք, որ տարիներ շարունակ երեխաներից գաղտնի են պահել թվային գնահատականների գոյությունը։ «Արեգնազան» կրթահամալիրի փորձով կիսվում է ուսումնական գծով փոխտնօրեն Ինգա Գևորգյանը։

«Իհարկե, թվանշաններ թղթային մատյանում դրվում էին, բայց դա ուսումնական առօրյայի մաս չէր, մենք նույնիսկ փորձում էինք տարրական ու միջին դպրոցում թաքցնել երեխայից թվանշան հասկացությունը, բայց, բնականաբար, ծնողների համար, փաստաթղթային շրջանառության համար դրանք դրվում էին»։

Բնութագրական գնահատականը թվայինի վերածելը բարդ չէ՝ եթե երեխաների միտքը սևեռված չէ դրա վրա՝ ասում է փոխտնօրենը։ 5 թե՞ 6, 8 թե՞ 9՝ իրենց համար էլ կարևոր չէ։ Բայց դպրոց հաճախում են նաև նախնական կրթությունը այլ դպրոցներում ստացած աշակերտներ, որոնք, ասում է, երբեմն գնահատականի համար պայքարի իրական մաստեր-կլաս են ցուցադրում․

«Երեխաները, որոնք գալիս են մեզ մոտ միջին օղակում՝ թվանշանային գնահատման բովով անցած, ուսուցչի վրա տպավորություն գործելու արտաքին մեթոդների առումով, շատ ավելի ճկուն են։ Օրինակ` երեխա կա, որ գիտի՝ իրեն պետք է էդ 8-ը ստանալ, ինքը կողքիններին հարցնում է, ուսուցչին մի երեք հարց ավելի է տալիս, տպավորություն ստեղծում։ Ստեղծվեց աշխատանքը, տրվեց, դրանից հետո դա իրեն չի հետաքրքրում։ Իրենց թվանշանը ձեռք բերելու հմտությունները ավելի ձևավորված են։ Ես չեմ կարող ասել՝ դա առավելությո՞ւն է, թե՞ թերություն, բայց ես տեսնում եմ, որ երբ էդ գիտակցությունը դրված չի, որ դու թվի համար պիտի պայքարես, երեխան ավելի հանգիստ ու ինքնաբավ է դրսևորվում։ Քանի որ ինքը չգիտի, որ դրանից հետո իր վրա ինչ-որ պիտակ է դրվելու՝ 7 ստացար, 8 ստացար, ինքը անկաշկանդ է էդ առումով»։

Քիմիայից ստացած գնահատականը քիմիայի գիտելի՞քը չափող գնահատականն է, թե՞ ինքնագնահատականը

Քիչ չեն մարդիկ, որոնք վստահ են՝ առանց թվային գնահատականի գործը գլուխ չի գա։ Սոցիոլոգների համայնքը այս հարցի շուրջ տարակարծություններ ունի՝ ասում է սոցիոլոգ Սոնա Բալասանյանը։

«Կան տեսաբաններ, որ ասում են՝ դրանք անհրաժեշտ չեն, պետք է չխանգարենք անձին սովորել՝ առանց անհանգստանալու որոշակի սահմանների մասին։ Մյուս կողմից հասարակական կառուցվածքին ու սոցիալական ինժեներիային միտված տեսաբաններն ասում են, որ եթե չլինի գնահատականը կամ չափանիշը, ինչպե՞ս ենք դասավանդելու, ինչպե՞ս ենք չափանիշների վրա հիմնված կրթություն տալու, ինչպե՞ս ենք մոնիտոր անելու, թե մեր երկիրը ինչ առաջադիմություն ունի, ու էդ տեսաբանների տեսակետն է, որ պետք է ամեն դեպքում մի համակարգ լինի, որը կդասակարգի»։

Դպրոցներում իրականացրած հետազոտությունների արդյունքում Սոնա Բալասանյանն ու թիմը պարզել են՝ սոցիալ-տնտեսական ավելի բարվոք պայմաններ ունեցող ընտանիքների երեխաները ունենում են ավելի հղկված խոսք, և հենց զարգացած լեզվական արտահայտչամիջոցների տիրապետողներն են դպրոցում բարձր գնահատականներ ստանում։ Հետազոտության ընթացքում նկատվել է, որ ոսկեղենիկ հայերենով գրող, բյուրեղյա բառակապակցություններով խոսող երեխաներն ավելի բարձր են գնահատվում, քան նույն բովանդակությունը պարզ, կոնկրետ, հակիրճ ներկայացնողները։

«Այն սոցիալ-մշակութային կոնտեքստը, որի մեջ մենք սահմանել ենք գերազանցիկին բերում է բարձր գնահատականի, ու գերազանցիկներն ի վերջո սովորում են գերազանցիկ լինել, ոչ թե սովորել կամ կրթության բովանդակությանը ուշադրություն դարձնել։ Դու ավելի շատ սովորում ես բավարարել սպասումները, համապատասխանել սոցիալական, մշակութային կարգին ու դրանով լինում ես ավելին, քան մյուս աշակերտները, որոնք կարող են լինել ավելի ռացիոնալ, ստեղծագործ, ուղղակի այլ»։

Սոցիոլոգը եզրակացնում է՝ գնահատականը վնասակար չէ, եթե դրա հետ կապված վնասակար պատկերացումներ չունենք։ Այն կարող է կանոնակարգել անձի զարգացումը, դառնալ ուղղություն ցույց տվող, համեմատելի դարձնել կրթության մակարդակը, կարող է նաև հասարակությանը տալ գերազանցիկի բարդույթ ունեցող մաքսիմալիստների, թերարժեքության բարդույթ ունեցող «ծույլիկների», սեփական աճը չգնահատող, բայց շրջապատի հետ անառողջ մրցակցություն վարող մարդկանց։

Կարճ ասած՝ գնահատականը լավ է, եթե գնահատում է կոնկրետ ժամանակում կոնկրետ գործողության արդյունքը, ոչ թե մարդուն։

Կլուծի՞ հանրակրթության նոր չափորոշչով սահմանված կարգն այս խնդիրը, թե ոչ՝ դեռ վաղ է ասել։ Համակարգը ներդրվում է աստիճանաբար։ Այս՝ 2023-24 ուստարում այն գործում է բոլոր դպրոցների 2,5,7-րդ դասարաններում։ 24-25 ուստարում կտարածվի 3,6,8,10-րդ դասարանների վրա, իսկ 25-26 ուստարում պարտադիր կդառնա բոլոր դասարանների համար։

Կարդացեք նաև

Back to top button