ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արմավիրում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այսօր Արմավիրում նույնպես հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Արմավիրի քաղաքային զբոսայգում Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքարին ծաղկեպասակներ ու ծաղիկներ են դրել Արմավիրի մարզային ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն ու քաղաքացիները: Արմավիրի թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մատուցվել է պատարագ և կատարվել բարեխոսական կարգ:

Վաղ առավոտից Արմավիրի քաղաքային զբոսայգին մարդաշատ էր: Քաղաքացիները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին ծաղիկներ էին խոնարհում: Մարդկության դեմ կատարվող ցեղասպան հանցագործությունները շարունակվում են նաև այսօր: Հայերը պահանջատեր են՝ ասում է Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր տնօրեն Կորյուն Ղումաշյանը.

«Մենք միշտ էլ պահանջատեր ենք, քանի տարի էլ ուզում է անցնի, ուզում է 500 տարի անցնի, մենք չենք կարող պահանջատեր չլինել: Սա միայն այսօրվա խորհուրդը չէ»:

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը հարգանքի տուք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, օրվա խորհրդի հետ կապված նշում է, որ միայն ուժեղ պետության առկայության դեպքում կարող է բացառվել ցեղասպանությունը:

«Օրվա խորհուրդը մեկն է. հիշել և ոգեկոչել 1915թ.-ի այս օրերին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Կարծում եմ՝ մենք առաջին հերթին պետք է պահանջատեր լինենք լավ պետություն ունենալու առումով, ամուր պետություն, այնպիսի պետություն, որի բնակիչները երբևէ ցեղասպանվելու վտանգի առաջ չեն կանգնի այլևս երբեք»:

Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյան. «Հայ ժողովուրդը պետք է աշխատի այնպես, այնպիսի զարգացում պետք է ունենա, որ 1915թ դեպքերը այլևս կրկնելու հնարավորություն չտա: Մենք միշտ էլ պահանջատեր ենք, բայց առաջինը մենք ինքներս մեզ պետք է ուղղվենք և բռնենք զարգացման ճանապարհը»:   

Արմավիրի թեմի առաջնորդանիստ սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ մատուցվեց և բարեխոսական կարգ կատարվեց: Պատարագիչը Արմավիրի թեմի հոգևորական տեր Ահարոն քահանա Գրիգորյանն էր.

«Առաջին աշխարհամարտի ընթացքում Թուրքիան ապացուցեց, որ մարդկությունը սխալվել է և Ղուրանը խեղաթյուրելով ջիհադ՝ սրբազան պատերազմ հայտարարեց մի անպաշտպան ժողովրդի՝ երեխաների, մայրերի, քույրերի, ամենահրեշավոր կերպով»:

Նոր ցեղասպանություն չպետք է թույլ տալ մեր ազգի նկատմամբ՝ ասում է Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը և կոչ է անում մնալ քրիստոնեական ուսմունքին հավատարիմ, դառնալ պահանջատեր հայ ժողովրդի արժեքներին:

«2015թ-ին, երբ սրբադասվեցին մեր 1.5 մլն. Նահատակները, արդեն նրանց բարեխոսությունն ենք հայցում առ մեր տեր Աստված, որպեսզի մեզ ուժ և կարողություն տա: Նրանց թափված արյամբ նրանք մնացին իրենց հայության մեջ, մնացին իրենց քրիստոնեական հավատքի մեջ և Քրիստոսի ճանապարհով գնացին: Բայց մենք հարության խորհրդով ապրող ժողովուրդ ենք և պետք է պահանջատեր լինենք»:

Արմավիրի մարզի բոլոր համայնքերում քաղաքացիներ շարունակում են ծաղիկներ ու ծաղկեպասակներ դնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:  

  

Back to top button