ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ադրբեջանը Ռուսաստանի հարևանն է, ընկերը, գործընկերը և դաշնակիցը․ Ալիևը Մոսկվայում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի «Վնուկովո-2» միջազգային օդանավակայանում Ալիևին դիմավորել են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, պաշտոնատար այլ անձինք։ Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները զարգացնելու ցանկություն և ներուժ ունեն։ Մոսկվայում նախատեսված են բանակցություններ երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև՝ նշել է Պեսկովը։

Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունների մեկնարկին, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Պուտինն իր խոսքում նշել է, որ ի թիվս տարբեր հարցերի կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված խնդիրները, որոնք շատ են և զգայուն: Նշվում է, որ Ալիևը Մոսկվա է ժամանել Պուտինի հրավերով:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Պուտին Ալիևին ասել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և զարգանում են։

«Երկու  երկրների միջև կա համագործակցություն բազմաթիվ ոլորտներում։ Իհարկե, մենք կխոսենք տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ անվտանգության ապահովման տեսանկյունից, այստեղ շատ հարցեր կան, որոնք զգայուն են»,- Ալիևի հետ հանդիպման բաց մասում հայտարարել է ՌԴ նախագահը։

Պուտին-Ալիև հանդիպման փակ հատվածից այս պահի դրությամբ տեղեկություններ առայժմ չկան։ Ավելի վաղ՝ մինչ Ալիևի՝ Մոսկվա ժամանելը, ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Ադրբեջանը Ռուսաստանի հարևանն է, ընկերը, գործընկերը և դաշնակիցը:

«Եվ իսկապես, մենք ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր, ունենք համագործակցության մեծ ներուժ և, որ ամենակարևորն է, մեր երկկողմ հարաբերությունների հարուստ ավանդույթները: Եվ երկու կողմից էլ կա քաղաքական կամք՝ շարունակելու և զարգացնելու այդ հարաբերություններն ամեն կերպ»,- Պեսկովի խոսքերն է մեջբերել գործակալությունը։  

Կայացած մամուլի ասուլիսի ժամանակ էլ անդրադառնալով թեմային՝ Պեսկովը նաև նախագահների հանդիպման օրակարգն էր նշել։

«Կրեմլում երկու պետությունների ղեկավարների միջև զրույց կլինի, որի ժամանակ կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ինչը կշարունակվի աշխատանքային նախաճաշի ժամանակ»։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հավելել  էր, որ երկու երկրների ղեկավարներն առանձին հանդիպում կանցկացնեն Բայկալ-Ամուր մայրուղու շինարարության վրա աշխատած վետերանների, շինարարների և աշխատողների հետ։

Ի դեպ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նաև հայտարարել է, որ Կրեմլը Երևանից դեռևս որևէ ազդանշան չի ստացել հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման հետ կապված ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։

«Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այդ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև որոշ այլ հրատապ հարցեր», – թեման եզրափակել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։ 

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է հնարավոր երկու ղեկավարների հանդիպումը։

Այդ հանդիպման մասին առանց ժամկետներ նշելու խոսել էր նաև Հայաստանի վարչապետը։

«Հանդիպում կլինի, որովհետև մենք չհանդիպելու պլաններ չունենք, բայց թե երբ, այս պահին չեմ կարող ասել»,- օրերս նշել էր գործադիրի ղեկավարը։

Back to top button