ԿարևորՀասարակություն

Քրիստոնյայի կյանքը պայքար է. Կարմիր կիրակի

Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցում Սուրբ Զատկին հաջորդող կիրակիները հատուկ խորհուրդ ունեն՝ հաղթանակ, վերածնունդ, հոգևոր գարուն, վերակենդանացում: Զատկի չորրորդ կիրակին կոչվում է Կարմիր:

Կարմիր, Նահատակաց կամ Սրբոց կիրակի է կոչվում օրը: Այն, ըստ Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանի, ունի քրիստոնեական արիության խորհուրդը:

«Եկեղեցու հիմքերը դրված են նահատակների արյան վրա: Կարմիր Կիրակին մեզ հիշեցնում է քրիստոնյաների պայքարի, քաջագործությունների մասին»,- նշում է հոգևորականը:

Օրը հավատացյալներին հիշեցնում է Քրիստոսի Հարությամբ ապահովված հաղթանակը: Կարմիրը նաև պայքարի խորհրդանիշ է: Վարդան Մամիկոնյանին անվանում էին Կարմիր Վարդան: Նա քաջությամբ, արյունով էր վկայել քրիստոնյա լինելու մասին: 

Քրիստոնյայի կյանքը պայքար է: Հավատացյալներն ընթանում են բարդ ճանապարհով: Ըստ հոգևորականի` յուրաքանչյուր քրիստոնյայի ամենօրյա հոգևոր պայքարը, մեղքեր չգործելու դեմ, երբեք չի ավարտվում։ Մեր հոգևոր ուղենիշը պետք է լինի Աստծո Որդին։ Ինչպե՞ս ապրեց, ի՞նչ սովորեցրեց, ի՞նչ ճանապարհ ցույց տվեց: Նրա օրինակով պետք է փորձենք գտնել մեր հարցերի պատասխանները։ 

Կարմիր կիրակին յուրաքանչյուր քրիստոնյայի հիշեցնում է՝ պետք է եռանդով կռիվ տալ ամենօրյա վատ սովորությունների ու մեղքերի դեմ` շատերի համար գուցե սովորական դարձած։ Այդ կռվում հաղթելու համար՝ քրիստոնյաները պետք է ունենան իրենց զենքերը:

«Ուրեմն զորացե՛ք Տիրոջով և նրա զորության ուժով։ Զգեստավորվե՛ք Աստծու սպառազինությամբ, որպեսզի կարողանաք սատանայի հնարքներին դեմ կանգնել» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 6:10-11)

Սուրբ Գրքում գրված է՝ պատերազմը չար ոգիների դեմ է, ուստի պետք է առնել Աստծու սպառազինությունը, ամուր կանգնել տեղում, արդարությունը հագնել որպես զրահ: 

«Առե՛ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը։ Վերցրե՛ք նաև փրկության սաղավարտը և Սուրբ Հոգու սուսերը, այսինքն՝ Աստծու խոսքը։ Անդադար աղոթե՛ք ամեն տեսակ աղոթքներով ու խնդրանքներով Հոգու օգնությամբ, և սրա համար արթո՛ւն մնացեք կատարյալ հարատևությամբ և խնդրանքներով, բոլոր սրբերի համար» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 6:16-18)

Եթե մենք ուզում ենք պաշտպանվել, պետք է հիշենք մեղքի պտուղների մասին, որ հետո ուշացումով վատ չզգանք բացասական հետևանքներից, հավելում է Տեր Հուսիկը.

«Ամենաբարդը մեղքի ցանկությանը դիմակայելն է: Երբ մարդու մեջ առաջանում է ցանկություն, այն կարծես խլացնում կամ բթացնում է մեղքի ցավը: Մարդը մեղք է գործում, ցանկությունն անցնում է, մեղքի հետևանքը` մնում, մարդը սկսում է զղջալ»: 

Հոգևորականը խորհուրդ է տալիս ապրել կանոնակարգած, ամեն բան չթողնել բարձիթողի վիճակի: Իր հորդորն է՝ ապրել մեր ուշադրությունը Տիրոջ վրա կենտրոնացած պահելով ու հիշել. «Ամեն ինչ Աստծով է, ամեն ինչ ստեղծված է Աստծով, և ամեն բան կենդանություն է ստանում Աստծով»: 

Back to top button