Ռուսաստանի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբը հաստատել է թիմի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի ձախ ծնկի առաջնային խաչաձեւ ջիլի կտրվածքի մասին լուրը։ Օզբիլիսը վնասվածքն ստացել էր Հայաստանի եւ Ալժիրի հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ եւ Իտալիայում անցել է բուժզննում։
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը՝ սկզբում նշվում էր, որ Օզբիլիսը կարող է խուսափել վիրահատությունից։ «Հարկ է ընդգծել, որ Օզբիլիսի մոտ այս ջիլը կտրվել է երրորդ անգամ, ուստի մասնագետներն այժմ որոշում են առաջիկա վիրահատական բուժման մարտավարությունը»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հայազգի ֆուտբոլիսի առողջացման ժամկետներ չեն նշվում, սակայն նման վնասվածքների դեպքում վերականման համար պահանջվում է մոտ կես տարի։