ԿարևորՀասարակություն

Արդեն երկու շաբաթ Ռուբեն Վարդանյանը հացադուլի մեջ է․ ընտանիքին մտահոգում է նրա առողջական վիճակը

Բաքվում ապօրինաբար կալանավորված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տեղեկացրել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, մեկնաբանելով իրավիճակը, լրատվամիջոցներին հայտնել է, որ կոմիտեն ապրիլին է այցելել Բաքվում պահվող անձանց, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին, բայց նրանց պահման պայմաններին, առողջական վիճակին վերաբերող տեղեկությունները կոնֆիդենցիալ են։   

Վարդանյանի ընտանիքը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ից Ռուբեն Վարդանյանի հետ նաև հեռախոսային կապ չի եղել, ինչը միջազգային իրավունքի նորմերի բացահայտ խախտում է։

Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, խորը մտահոգություն է հայտնում հոր առողջության և նրա վիճակի հարցում, նշում է, որ ավելի քան 200 օր չեն տեսել նրան, իսկ  ապրիլի 5-ից՝ հացադուլն սկսելուց ի վեր, նրա հետ բացարձակապես կապ չեն ունեցել։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում  է, որ առաջին հերթին ԿԽՄԿ–ն պետք է տեղյակ լիներ հացադուլի մասին։

«Եթե անձը հացադուլ է հայտարարում, ապա ներպետական օրենքով պետք է կարգավորված լինի՝ սկսած նրանից, որ առողջությանը պետք է հետևեն, սնունդը նրա մոտից հեռացնեն, մշտադիտարկման տակ պետք է լինի, մինչև առողջական վիճակին և հացադուլի գործընթացին հետևելը։ Այսինքն՝ Ադրբեջանի օրենսդրությամբ պետք է այդ ամբողջը կարգավորվի, և ԿԽ–ն գոնե պետք է տեղեկություններ ստանա, եթե անգամ թույլ չտան, որ մուտք գործի»։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է 2023-ի սեպտեմբերի 28-ից՝ կեղծ մեղադրանքներով։ Ընտանիքի հայտարարության մեջ նշվում է, որ  նրա պահման պայմանները խախտում են միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Նրան սպասվում է դատավարություն, որը չի համապատասխանելու միջազգային չափանիշներին՝ հատկապես միջազգային դիտորդների համար դատավարության ու ընթացակարգերի մատչելիության առումով: Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուս յոթ քաղբանտարկյալների գործերից՝ ընդգծելով  նրա՝  քաղաքականապես թիրախավորված լինելու հանգամանքը։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը պահանջում է, որ Ադրբեջանի կառավարությունն անհապաղ մուտքի հնարավորություն տա Միջազգային կարմիր խաչին՝ Ռուբեն Վարդանյանի և մյուս բանտարկյալների վիճակը գնահատելու համար։ Պետք է վերականգվի Ռուբեն Վարդանյանի հետ ընտանիքի հեռախոսակապը։

Ընտանիքը նաև նշում է, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչև մայիս:

«Սովորաբար իրենց մոտ կալանքը նշանակվում է 4 ամիս, միջազգային իրավունքը սակայն պահանջում է, որ երկու ամիս լինի, ինչպես, օրինակ, Հայաստանում է։ Բայց վաղուց հայտնի է, որ Ադրբեջանում կալանքը երկար ժամկետով են տալիս։ Մյուս հարցն այն է, թե արդյո՞ք կալանքն արդարացված է դատաքննության փուլում։ Մեծ մասամբ արդարացված չէ, քանի որ գործն ամբողջությամբ քննված է, և այդ մարդկանց կարող է ազատ արձակել՝ ապահովելով նրանց անվտանգությունը։ Եթե դա չի արվում, նշանակում է քաղաքական հետապնդում է։ Այն, որ նրանք քաղբանտարկյալներ են, կասկած չկա»։

Օրերս Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստերին Ադրբեջանի մասնակցությունը վերականգնելու հարցի  քննարկման ժամանակ Բաքվի առջև պայման էր դրվել՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է որոշակի զիջումների գնան, մասնավորապես, ապահովեն ԵԽԽՎ համազեկուցողների մուտքն Ադրբեջան և նրանց բանտեր այցելելու հնարավորություն տան։

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրեթե համոզված է, որ Բաքուն որևէ համազեկուցողի կամ եվրոպացի պատվիրակի թույլ չի տա մուտք գործել իր բանտեր։

«Ադրբեջանական բանտերը Ադրբեջան պետության հիմնական մահակն են, որոնց միջոցով ընդդիմադիր գործիչներին ու ազգային փոքրամասնություններին կտտանքների ենթարկվելով՝ փորձում են հնազանդության մեջ պահել հասարակությանը։ Այս իմաստով, կարծում եմ, Բաքվին բավական դժվար կլինի սրան համաձայնելը»։

Ուշագրավ է  որ մոտ երկու շաբաթ առաջ Ռուբեն Վարդանյանի գրասենյակը տեղեկություն տարածեց, որ Արցախի նախկին պետնախարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ.-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Նրա թեկնածությունն առաջադրել են մի շարք հեղինակավոր անձինք, որոնցից թվում նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր կա:

Երեկ ադրբեջանական մի շարք ՀԿ-ներ բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության՝ նշելով, որ վրդովված են առաջադրման փաստից։

Back to top button