Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Ներկայիս իրավիճակում ստատուս քվոն, իսկապես, մի տարբերակ չէ եւ մենք պետք է փորձենք քայլ առ քայլ շարժվել դեպի խաղաղություն, այսօր Հայաստանի նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողների համար արված համատեղ հայտարարության ժամանակ շեշտել է Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուլկհալտերը։ Նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին շեշտել է, որ Հայաստանը սատարելու է Շվեյցարիային` ԵԱՀԿ-ում նախագահության բոլոր փուլերում:
ԵԱՀԿ գործող նախագահը նախ շնորհակալություն հայտնեց Հայաստանից՝ ստացած աջակցության համար, ապա շեշտեց, թե` Շվեյցարիան անկողմնակալ երկիր է եւ ԵԱՀԿ-ն էլ, Շվեյցարիայի նախագահության ժամանակահատվածում, պահելու է նույն անկողմնակալությունը: Այս անկողմնակալության համբավն իր հերթին գնահատեց Հայաստանի նախագահը։ «Մանրամասն անդրադարձանք ԼՂ հիմնախնդրին: Ես վերահաստատեցի Հայաստանի ցանկությունը` օր առաջ գտնելու այս բարդ խնդրի հանգուցալուծումը: Մենք համակարծիք ենք, որ ռազմական ուղիով խնդիրը չի կարող լուծվել, այլ` միայն էլ ավելի է բարդացնելու այս հարցը: Ուժի կիրառման սպառնալիքները եւ զինադադարի պարբերական խախտումները մեծ վնաս են հասցնում բանակցային գործընթացին»։
Դժվարին ու երկարաժամկետ պատմություն ունեցող խնդիր. այսպես բնութագրեց ԵԱՀԿ մանդատի ներքո լուծվող Ղարաբաղյան խնդիրը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուլկհալտերը: Ստատուս քվոն, իսկապես, մի տարբերակ չէ եւ մենք պետք է փորձենք քայլ առ քայլ շարժվել դեպի խաղաղություն, հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահը։ Նրա խոսքով, որպես Շվեյցարական նախագահություն, փորձելու են ամրապնդել զինադադարի ռեժիմը եւ խրախուսել միջադեպերի հետաքննության մեխանիզմը, որը «բոլորը ողջունել են, բայց չի իրականացվել», նկատեց ԵԱՀԿ գործող նախագահը:
Նա ասաց նաեւ, որ իրենց նպատակը երկխոսությունը խրախուսելն է լինելու, ինչն առաջին հերթին ներառում է նախագահների երկխոսությունը, որը հրավիրվել է Ֆրանսիայի նախագահ Օլանդի կողմից: «Մենք ամբողջությամբ այդ նախաձեռնությանն աջակցում ենք, ինչը նաեւ նշանակում է, որ նախագահների միջեւ նոր հանդիպումը կարող է եւ պետք է դառնա նոր փուլի սկիզբ, որտեղ կառուցվածքային նոր բանակցություններ կարող են տեղի ունենալ, որոնք կարող են հանգեցնել հաշտության կնքման»,- ձեւակերպեց Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուլկհալտերը: Նա նաեւ նշեց, թե իրենք գիտեն, որ դա շատ դժվար է, սակայն` մղվում են այդ ուղղությամբ` Մադրիդյան սկզբունքների եւ միջազգային իրավունքի հիման վրա։
Դիդիե Բուլկհայտերն ասաց նաեւ, որ իրենք կարող են, Շվեյցարիայի նախագահության ընթացքում, միջնորդական ջանքեր ներդնել, փորձագիտական մասնակցություն ունենալ, քաղաքագիտական եւ ֆինանսական օժանդակություն կազմակերպելու հարցում օգնություն ցուցաբերել: Դրանից զատ, նրա խոսքով, Շվեյցարիայի կառավարությունը դա կարող է անել նաեւ ԵԱՀԿ-ում նախագահելուց հետո, եթե հակամարտող կողմերը դա ցանկանան եւ եթե դրա կարիքը լինի։ «Մենք կարող ենք աջակցություն ցուցաբերել` հանուն խաղաղության մթնոլորտը բարելավելու, մասնավորապես` մարդկանց ուղիղ շփումների, շրջակա միջավայրի հետ կապված խնդիրների քննարկումներին աջակցելու միջոցով: Միգուցե, հնարավոր լինի շվեյցարական մասնակցությամբ շարունակել զարգացնել խաղաղ գործընթացը»,- իր խոսքը եզրափակեց Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուլկհալտերը:
«Երբ խոսվում է վստահության ամրապնդման միջոցառումների մասին, մենք հստակ նշում ենք, որ դրանց թվում առաջնահերթ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ պատշաճ հարգանքի դրսեւորումը: Ի վերջո, այս պայքարն ինքնորոշման հիմնարար իրավունքի համար մղվող ազգային ազատագրական պայքար է եւ չի կարող լինել լուծում, եթե լիարժեքորեն հաշվի չառնվի այս իրականությունը: Մեր խորին համոզմունքն է, որ արդյունավետ լինելու համար բոլոր բանակցային ջանքերն ու գործընթացները պետք է հաշվի առնեն հենց Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումն ու կարծիքը»,- իպ հերթին հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Համակարծություն կա նաեւ այն հարցում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը խնդրի լուծման ամենաարդյունավետ ձեւաչափն է։ Սերժ Սարգսյանը շեշտեց նաեւ, որ Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է ԵԱՀԿ-ի հետ ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում փոխգործակցության շարունակական խորացման հարցում: Իրենց հայտարարություններում նախագահներն անդրադարձան նաեւ հայ- շվեյցարական հարաբերությունների ներկայիս վիճակին` տարբեր ոլորտներում դրանք առավել խորացնելու երկուստեք պատրաստակամություն հայտնելով: Նախագահները արձանագրեցին, որ ապագայի համար հետաքրքիր ծրագրեր կան։