
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեքշաբթի ընդունել է Շվեյցարիայի կառավարության դիմումը` դեկտեմբերին դատարանի կայացրած որոշման առնչությամբ, ըստ որի Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ, տեղեկացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական կայքէջը:
Մարտին Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել էր Հայոց ցեղասպանության ժխտման համար, ինչը Շվեյցարիայի օրենսդրությամբ պատժելի է, Դողու Փերինչեքի գործով 2013 թ. Ստրասբուրգի դատարանի որոշումը բողոքարկելու մտադրության մասին:
Թուրքիայի քաղաքացի Փերինչեքը դատապարտվել էր 2007 թ. դրամական տույժի: Իր երկու վճռաբեկ բողոքները մերժվելուց հետո նա, ի վերջո, գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ, որն էլ դեկտեմբերի 17-ին որոշել էր, որ Շվեյցարիայի դատական մարմինների որոշումները խախտել են «բողոքարկուի ազատ խոսքի իրավունքը»:




