ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Նոր փոփոխություններ՝ ՌԴ միգրացիոն քաղաքականությունում

Վիճակագրությունը փաստում է, որ 2023 –ին Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թիվը մոտ 9 տոկոսով նվազել է։ Փորձագիտական դաշտում նվազման տարբեր պատճառներ են տեսնում՝ ռուս–ուկրաինական պատերազմից մինչև այդ երկրի միգրացիոն քաղաքականության խստացում։ Ամեն տարի ՌԴ–ն խստացնում է իր միգրացիոն քաղաքականությունը։ 2023–ին այս երկրից 110 հազար օտարեկրացի է արտաքսվել, 65 տոկոսով ավելի շատ, քան 2022–ին։ Հերթական խստացումների նախագիծը արդեն Ռուսաստանի կառավարությունում է։

Ռուսաստանը տարիներ շարունակ Հայաստանի քաղաքացիների համար արտագնա աշխատանքի ամենացանկալի երկրներից էր։ Այսօր էլ, հատկապես մարզերից, շատերը աշխատանք են փնտրում Ռուսաստանում․

«Նեղ ենք ապրում, աշխատանք չունենք։ Ստիպված գնում ենք, որ չգնանք, չենք կարող։ Ֆռում ենք, գտնում ենք աշխատանք։ Մշտական չունենք»։

Բայց ընդհանուր առմամբ, վերջին տարիներին դեպի ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը նվազել է մոտ 9 տոկոսով։ Փորձագիտական դաշտում սա բացատրում են և՛ ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Ռուսաստանի տնտեսական վիճակով, և միգրացիոն քաղաքականության խստացմամբ։ Եռամսյակը մեկ մոտ 15 հազար մուտքի արգելք ունեցողի տվյալ է ուղարկվում ՀՀ ՆԳՆ միգրացրայի ու քաղաքացիության ծառայություն։ Իհարկե, կան կրկնվող տվյալներ, բայց մի քանի հազար տվյալը պահպանվում է։ Հնարավոր է, որ քաղաքացին ունենա մուտքի արգելք, բայց դուրս չգա ՌԴ–ից։ Սա ավելի վտանգավոր է՝ արձանագրում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միգրացիոն հարցերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը․

«Հայտնաբերման դեպքում արտաքսում է, հնարավոր է, որ այն ցմահ լինի։ Եթե դա լինի ՌԴ անվտանգությնա ծառայության կողմից, ապա գրեթե անհնար է դատական հիմքով վիճարկել այդ որոշումները։ Անձը կարող է ցմահ չկարողանա մուտք գործել ՌԴ»։

Հերթական խստացուների փաթեթի նախագիծն է այս պահին շրջանառության մեջ դրվել։ 60 կետից բաղկացած փաթեթի մի մասը ուժի մեջ է՝ մատնահետքի հանձնում, պարտադիր բուժզննում, եթե երկարաժամկետ են գտնվելու ՌԴ–ում։

2023–ի հոկտեմբերի 24–ից փոխվել է նաև հաշվառման կարգը։ Հերթական փաթեթը Ռուսաստանի կառավարությանն է ներկայացվել։ Դրանցից մեկը ժամանակավոր գտնվելու ռեժիմի փոփոխությունն է։ Այժմ օտարերկրացին՝ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները (61 երկիր) կարող են ՌԴ–ում տարվա ընթացքում յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում գտնվել գումարային 90 օր․

«Այժմ առաջարկվում է ժամկետը փոխել ու դարձնել 360 օրվա մեջ 90 օր։ Այս պահին անձը կարող է կես տարվա ընթացքում երեք ամիս հյուր գտնվել, բավական էր ընդամենը մուտքի պահից սկսած 30 օրվա մեջ հաշվառման կանգնել՝ իրական բնակության հասցեով։ Կարող էր անընդհատ կամ գումարային գտնվել 90 օր ՌԴ–ում»։

Մուտքն ու ելքը հաշվարկվում է տարեսկզբից։ Օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց Ռուսաստան մուտքի, այդ երկրից մեկնելու, նրանց գտնվելու ու բնակության պայմանների մասին նախագծով առաջարկվում է հնարավորություն ստեղծել կենսաչափական տվյալները դեսպանատներում լրացնելու համար՝ վիզա ստանալիս։ Մեկ այլ փոփոխությամբ առաջարկում են օտարերկրացիների համար թվային պրոֆիլ ստեղծել ․
«Այն կմիավորի քաղաքացու մասին պետական մարմինների ու կազմակերպությունների տեղեկատվական համակարգում առկա տվյալները։ Ամեն դեպքում, քարտի մասին քննարկումը կա, որը ներառելու է միգրանտի, օտարերկացու և քաղաքացիություն չունեցող անձի բոլոր կենսաչափական տվյալները»։

Քննարկվում է նաև երկրների հետ այսպես կոչված «Կազմակերպված հավաք» պայմանագրով աշխատելու հնարավորությունը։ Նման պայմանագիր Ռուսաստանն ունի Ուզբեկստանի հետ։ Այդ երկիրը աշխատողներին վերապատրասում է ըստ ՌԴ աշխատաշուկայի պահանջների։Այս հատվածը ավելի խնդրահարույց է, դեռ պետք է հասկանալ՝ կվերաբերի՞ այն ԵԱՏՄ անդամ երկրներին, թե ոչ։

Back to top button