Հայ ըմբիշների հաջող ելույթներն Իտալիայում
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Վերջին երեք տարիների ընթացքում ազատ ոճի ըմբշամարտն առաջընթաց է գրանցում, ինչի մասին փաստում են տարբեր մրցաշարերում մեր հավաքականի հաղթանակները: Հերթական լավ արդյունքներն են ազատ ոճի ըմբշամարտի մեր մարզիկները գրանցել Իտալիայի Սասսարի քաղաքում կայացած միջազգային մրցաշարում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գնահատմամբ` ստուգատեսը շատ հետաքրքիր էր, սակայն՝ ոչ ուժեղ: Մեր մարզիկներն էլ կատարել են իրենց առջև դրված խնդիրը: 61 կգ քաշային կարգում Վոլոդյա Ֆրանգուլյանը և 70 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը գրավել են առաջին տեղեր: Մարզչի գնահատմամբ` երկու մարզիկների հաղթանակներն էլ տպավորիչ են եղել։
Հունիսի 8-ին ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Վլադիկովկազ քաղաքում կմասնակցի ուսումնամարզական հավաքի, որից հետո կմասնակցի հուլիսի 18-ից 20-ը` Ստեփան Սարգսյանի անվան գավաթի մրցաշարին։ Այն կլինի մեր հավաքականի՝ սեպտեմբերի 6- 14- ը Ուզբեկստանում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ վերջին ստուգատեսը։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր հավաքականն էլ Սասսայում տեղի ունեցած միջազգային մրցաշարում հաջող է հանդես եկել։ Թիմային հաշվարկով մեր ընտանին զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Իտալիայի հավաքականին։ Առաջին տեղ են գրավել Ռոման Ամոյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Շահինյանը և Արթուր Ալեքսանյանը: Արամ Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը շահել են արծաթե մեդալներ:
«Թիմը Սասսարի էր մեկնել ուժեղ ըմբիշներով, և ինչ որ սպասում էինք դա էլ եղավ: Մեզ պետք է, որ մեր ըմբիշները գոտեմարտեին 3-4 գոտեմարտերում և մենք անցկացրեցինք բարձր մակարդակով և ունեցանք 4 չեմպիոն և երկու տեղ արծաթե մեդալներ»,- ասում է հունահռոմեական ընմբշամարտի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը։
Նրա խոսքով` մեր հավաքականի համար մրցակցային թիմեր չեն եղել։ Միակ մրցակիցները Թուրքիայի և Ռուսաստանի հավաքականներն են, որոնք էլ այս մրցաշարին չեն մասնակցել: Հունահռոմեական ոճի մեր ըմբիշներին էլ մինչեւ աշխարհի առաջնութդունը նախատեսում են մեկնել Գերմանիա։ Դորտմունդում նրանք կմասնակցեն A դասի միջազգային մրցաշարին: