ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Ե՞րբ ամբողջությամբ կշահագործվի Սոթքի հանքավայրը

Վիճակագրւթյան համաձայն, 2022-ին Հայաստանում մոտ 33 մլն տոննա մետաղի հանքաքար է արդյունահանվել։ 2023-ի տվյալները հավաքագրման փուլում են։ ՏԿԵ փոխնախարարը արձանագրում է, որ 2022-ին տվյալների աճի դանդաղել է։ Սա իր բացատրություն ունի։ Երկու խոշոր ընկերություններ խնդիրներ ունեն, մեկն էլ դեռ չի շահագործվում։ Բայց կառավարությունում խոստանում են՝ ոլորտը մեջքը կշտկի։

2021-ից հանքարդյունաբերության ոլորտում հայտնի երկու կազմակերպություններ՝ Թեղուտի և Սոթքի հանքավայրերը լուրջ խնդիրներ ունեն։ Թեղուտը ռուսական պատժամիջոցների պատճառով խտանյութի վաճառքի խնդիրներ ուներ և դադարեցրել էր արտահանումը, բայց 2023 ամռանը աշխատանքները վերսկսեց։ Իսկ Սոթքի հանքավայրը շահագործման եղանակով այլևս չի գործում։ Պետք է ստորգետնյա եղանակով իրականացվի այդ հանքավայրի շահագործումը, ասում է ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։

«Այս պահին ստորգետնյա հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքներն են սկսվել, մինչև տարեվերջ հնարավոր կլինի թույլ տված  նախագծային հզորությամբ շահագործել հանքավայրը։ Ստորգետնյա եղանակով շահագործումն ունի նախապատրաստական փուլ։ Երբ 24 ժամով սկսի աշխատել, պետք է կարողանա ամբողջ ցիկլն ապահովել։ Ուստի նախապատրաստական աշխատանքը կարող է 1-1․5 տարի տևի։ Երբ Սոթքի հանքավայրը սկսի աշխատել, դրան զուգահեռ  կսկսի նաև աշխատել Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան»։

Ակնալվում է, որ «Լիդիան Արմենիայի» կողմից ղեկավարվող Ամուլսարի ոսկու հանքը կսկսի շահագործվել կամ այս տարեվերջին, կամ 2025 թ. սկզբին։ 2023 թ. հունիսի 6-ին «Լիդիան Արմենիա» և «Ըլայդ Գոլդ Քորփ» ընկերությունների ղեկավարները ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել են, որ պատրաստվում են համատեղ իրականացնել Ամուլսարի ծրագիրը։ Քննարկվել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման, շահագործման մեկնարկի ակնկալվող ժամկետները, ներդրումային ծրագրի ֆինանսավորման և պետություն-ընկերություն համագործակցության հետ կապված հարցերը:

Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Այն գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս-հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանում, 2500-2988 մ բացարձակ բարձրության վրա: Հանքավայրը ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է: Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ժամանակ գնահատել էր շրջակա միջավայրի ռիսկերը։  Տարեսկզբին «Լիդիան Արմենիա» ընկերությունը որոշեց բաժնետոմսերի 12․5 տոկոսը նվիրաբերել կառավարությանը, ըստ վարչապետի՝ Հայաստանի ժողովրդին։

Ընկերությունից «Ռադիոլուրին» փոխանցում են․ «Բաժնետոմսերի նվիրաբերման առաջարկը եղել է «Լիդիանի» բաժնետերերինը, քանի որ ինստիտուցիոնալ գործընկերային հարաբերությունները պետության հետ ավելի արդյունավետ են դարձնում փոխգործակցությունը: Իսկ Ամուլսարի ծրագրի նման երկարաժամկետ և խոշոր ծրագրերի դեպքում նման համագործակցությունը թույլ է տալիս կիսել թե’ հաջողությունները, թե’ պատասխանատվությունը»:

Տնտեսագետ Արմեն Քթոյանը արձանագրում է՝ տեղի է ունեցել խաղի կանոնների փոփոխություն։ Սա ներդրումային նախագիծը իրականցանելու հավելյալ պայմանների կատարում է։ Պարտադրանքի դեպքում ընկերությունը կարող էր իր շահերը պաշտպանել միջազգային արբիտրաժում, բայց նման խնդիր չկա։

Ավելին, այս դեպքում, հաշվի առնելով ընկերության շուրջ տարիներ շարունակ ստեղծված աղմուկը, կարելի է նաև հանգուցալուծում համարել․ «Եթե ներդրումների շարունակությունը արվում է, և արդեն ըստ էության խոչընդոտներ չկան, ապա կարելի է ասել՝ այո, հանգուցալուծում է»։

Ամուլսարի հանքավայրի շահագործումը պետության համար կարևոր է՝ արձանագրում է ոլորտը համակարգող փոխնախարարը։ Նա հույս ունի, որ նորմերը կպահպանվեն ու հանքավայրի շահագործումը դրական ազդեցություն կունենա թե՛ տնտեսության, թե՛ ազդակիր համայնքների զարգացման վրա։

«Բացի ֆինանսական պարտավորություններից «Լիդիան Արմենիա»-ն նաև ազդակիր համայնքներին տարեկան լրացուցիչ 7 մլն դոլար կտրամադրի»։

Վերջին տարիներին հանքարդյունաբերական ընկերությունները խոշոր հարկատուների ցանկում զիջում են իրենց դիրքերը առևտրի ու սպասարկման ոլորտի ընկերություններին։

Տնտեսագետ Արմեն Քթոյանը արձանագրում է. «Հատկապես հանքարդյունաբերության ոլորտում խոշոր ընկերությունների վճարած հարկերի մասով նվազում կա։ Այդ ընկերությունները մարզային տեղակայում ունեին։ Ինքաբերաբար, ու նաև այլ գործոններով պայմանավորված, Երևանի մասնաբաժինը ավելանում է»։

Ընդհանուր առմամբ, 2024 հունվարի 1-ի դրությամբ առկա է  օգտակար հանածոյի արդյունահանման 436 իարվունքի լիցենզիա, 24-ը մետաղական են, 378-ը՝ պինդ ոչ մետաղական, 34-ը՝ ստորերկյա ջրերի։ Այս պահին ոչ բոլորն են գործում։ ՏԿԵՆ-ը տարբեր կազմակերպությունների հետ տարբեր գործընթացների մեջ է այս պահին։  Մետաղական հանքավայրերից այս պահին գործում են 6-ը, մնացածի հետ կապված տարբեր խնդիրներ կան։  Հանքարդյունաբերության ոլորտը խոստումնալից է, բայց  անելիքներն էլ են շատ։ Բնապահպանական նոր ստանդարտները, զարգացող տեխնոլոգիաները ստիպում են ամենաօրյա աշխատանքային ռեժիմով հետ չմնալ համաշխարհային միտումներից։

Back to top button