ԿարևորՀասարակություն

Պետք է կենտրոնանանք Իրական Հայաստանի խնդիրները լուծելու, հասցեագրելու և մեր բոլոր քաղաքականությունները՝ արտաքին և ներքին, այդ հենքով կառուցելու վրա. Վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խորհրդարանում ընդդիմության կողմից հնչեցրած թվերին՝ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների արտահոսքի և առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճի հետ կապված: «Ընդդիմության ներկայացուցչներից մեկը խոսեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ես վիճակագրությունը հանեցի, և փաստն այն է, որ 2024 թվականի փետրվարին 2023 թվականի փետրվարի նկատմամբ ՏՏ ոլորտում գրանցված աշխատողների թվի աճ ունենք: Աճը շատ մեծ չի, բայց, այնուամենայնիվ, աճ ունենք: Եվ այն արձանագրումը, որ համատարած և գլխապատառ Հայաստանից ՏՏ ոլորտի աշխատողները գնում են, իրականության հետ կապ չունի: Չնայած՝ մյուս կողմից էլ գիտեք, որ մենք հանդիպում ենք ունեցել ոլորտի շատ մեծ կազմի հետ և քննարկել ենք, թե մեր քաղաքականությունների կարգաբերման ինչ սխեմա կարող ենք ներդնել, որպեսզի Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնոլոգիական ոլորտն ընդհանրապես ավելի գրավիչ լինի: Առաջիկայում նաև կքննարկենք և որոշումներ կկայացնենք»,-նշել է վարչապետը:

Անդրադառնալով առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Մեկ ուրիշ արձանագրում կար, որ Հայաստանում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 90 տոկոսով աճել է, այսինքն՝  կրկնապատկվել է: Այսինքն՝ պետք է ասենք, որ այդ 90 տոկոսանոց աճի 90 տոկոսը հետևյալի հետ է կապված, որ օրենսդրության մեջ փոփոխություններ են տեղի ունեցել, օրինակ՝ հիմա հանկարծամահության բոլոր դեպքերի առիթով հարուցվում է քրեական գործ: Ընդ որում՝ պրակտիկան ցույց է տալիս, որ դա արդարացված է, որովհետև լինում են այդպիսի դեպքեր, որ շատ նման է հանկարածամահության, բայց հետո լուրջ քրեական գործի շրջանակներում պարզվում է, որ իրականում սպանություն է տեղի ունեցել: Բայց դեպքերի մեծ մասով, իհարկե, դա հերքվում է:

Նաև պետք է խոստովանել, որ առանձնապես ծանր հանցագործությունների 27 տոկոսի աճ կա: Սա էլ է պետք արձանագրել, բայց այս աճի մի մասն էլ կապված է այդ օրենսդրական փոփոխության հետ, որովհետև նախկինում, երբ այդ օրենսդրական փոփոխությունը չկար, մարդկանց, որպես հանկարծամահ եղած, ուղղակի կհուղարկավորեին, և ոչ մի բան տեղի չէր ունենա»:

Վարչապետի խոսքով՝ պետք է արձանագրել, որ հանցագործության դեմ պայքարը լուրջ մարտահրավեր է և պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերն այն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ: 

Կառավարության ղեկավարն անդրադարձել է  նաև շինարարության ոլորտում առկա խնդիրներին. «Մենք բազմիցս խոսել ենք կապիտալ ներդրումների ոլորտում առկա  պրոբլեմների մասին՝ ճանապարհաշինության, դպրոցաշինության, ընդհանրապես՝ պետական շինարարության ոլորտի հետ կապված: Մենք ի ցույց ենք դնում այդ պրոբլեմների միայն մի մասը,  բայց պրոբլեմներ ունենք նախագծման, տեխնիկական հսկողության, շինարարության, գնումների փուլերում,  բոլոր փուլերում մենք ունենք պրոբլեմներ: Պլանավորման փուլում էլ մենք ունենք պրոբլեմներ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ մասնավոր հատվածում էլ, պետական հատվածում էլ շինարարության բում է, և մասնագիտական ռեսուրսը ևս չի հերիքում, որ այս պահանջը սպասարկվի:

Վարչապետը հետաքրքրվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանից, թե այս խնդիրներին ինչպիսի լուծումներ են տրվել: «Այս ընթացքում իրականացրել եմ շրջայց որոշ դպրոցներում, նաև մարզադահլիճներում, հանդիպումներ եմ ունեցել շինարարների և նախագծողների հետ: Մի քանի խումբ խնդիրներ են վեր հանվել, որոնք բնորոշ են շինարարության ընթացքում գտնվող բոլոր օբյեկտներին: Դրանց վերաբերյալ տրվել են նախագծային լուծումներ կամ շինարարության տեխնոլոգիայի փոփոխման, շինարարության կազմակերպման լուծումներ, որոնք կուղարկենք շինարարությունը շարունակող բոլոր օբյեկտներին, որպեսզի նրանք վաղօրոք շտկեն այդ խնդիրները, որպեսզի հետագայում խնդիրներ չունենանք: Ուշադրությունը հիմա կենտրոնացրել ենք առաջիկայում հանձնվող, ավարտին մոտեցող շինարարական օբյեկտների վրա: Զուգահեռաբար իրականացնում ենք նաև օգտագործվող շինարարական նյութերի, բնութագրիչների հստակեցում: Այսինքն՝ եթե պատուհան է օգտագործվում, պատուհանի պրոֆիլի ներկայացվող պահանջներն ինչպիսին պետք է լինեն: Ուզում եմ Ձեզ վստահեցնել, պարոն վարչապետ, նոր սկսվող շինարարական օբյեկտներում  այդ բոլոր խնդիրները հաշվի կառնվեն, և մենք չենք ունենա նմանատիպ խնդիրներ, այն, ինչն արձանագրվել է նախկինում»:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հայտնել է, որ ձևավորել են աշխատանքային խմբեր, որոնք շրջայց են իրականացնելու բոլոր դպրոցներում. «Ոչ միայն ակնադիտական, այլ նաև գործիքային ուսումնասիրություն են իրականացնելու, որպեսզի  բացահայտեն այն  թերությունները, որոնք  ակնադիտական եղանակով տեսանելի չեն,  և միջոցներ ձեռնարկեն այդ թերությունները շտկելու ուղղությամբ: Զուգահեռաբար նաև մշակվում է շինարարության որակի, ֆինանսական հոսքերի և ժամանակացույցի հսկման ավտոմատացված համակարգ: Կարծում եմ՝ մեկ ամսվա ընթացքում այդ ավտոմատացված համակարգն արդեն կներդնենք, փորձնական կկիրառենք, որն ավելի օբյեկտիվ, արագ տեղեկատվություն կտրամադրի մեզ և կմեծացնի վերահսկողությունը»,- զեկուցել է Եղիազար Վարդանյանը:

Ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Ուզում եմ ընդգծել, որ այստեղ էլ ծրագրի և իրականության հարց կա: Նախընտրական ծրագրում ֆիքսել ենք, կառավարության ծրագրում ֆիքսել ենք, պրոցեսը սկսել ենք, բայց ծրագրային ցանկացած թեզի իրականացում ճանապարհ է, որով  քայլում ես: Ընդ որում՝ ոչ ոք չի կարող ամեն ինչ կանխատեսել: Մենք պետք է նաև մեր ծրագրերի կատարման ընթացքին արձագանքող լինենք և առերեսվենք այն իրավիճակների հետ, որ ունենք: Եվ այդտեղ է առաջնորդությունը, որ կարողանանք նաև որոշումներ կայացնել: Այս տրամաբանության մեջ ես շատ կարևորում եմ այն հայեցակարգը, որը, ըստ էության, ամբողջացած խորհրդարանում ներկայացրեցի՝ մենք պետք է կենտրոնանանք Իրական Հայաստանի խնդիրները լուծելու, հասցեագրելու և մեր բոլոր քաղաքականությունները՝ արտաքին և ներքին, այդ հենքով կառուցելու վրա: Սա է այն որոշումը, որ մենք մեր առաջնորդության շրջանակներում կայացրել ենք, և պիտի արձանագրենք այդ որոշումը և աշխատենք այս տրամաբանությամբ:

Պրոբլեմները շատ են, բայց ո՞վ պետք է լուծի այդ պրոբլեմները՝ մենք: Մենք պետք է լուծենք այդ պրոբլեմները, ընդ որում՝ առանց երկմտությունների: Իհարկե, կարևոր է, որ մենք բովանդակությունը լիարժեք տիրապետենք: Սա էլ է շատ կարևոր, որովհետև մենք խոսույթներ ենք օգտագործել շատ երկար տարիներ, ընդ որում՝ համապետական, համազգային մակարդակով, բայց այս խոսույթի բովանդակության մեջ չենք խորացել, թե դա ինչ է նշականում: Մեզ թվում է, թե մենք ոնց հասկանում ենք կամ ոնց ուզում ենք հասկանալ, դա հենց դա է նշանակում: Բայց միշտ չէ, որ այդպես է»: 

Back to top button