
Մենք ուրիշինը չենք ուզում, մենք մեր սեփականն ենք ուզում և դա «ռևանշիզմ» չէ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդին բացատրում են հայ հոգևորականներն ու աստվածաբանները։ Նրանք հիշեցնում են, որ հայկական հսկայական մշակութային ինքնության ապացույցները խոսուն փաստեր են, որ հայերը այս տարածքում բնիկներ են։
Պայքարը մի դաշտում չի լինում, այն ներառում է բոլոր հարթությունները, և Բաքվից Ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված մեղադրանքը հասարակության համար անթույլատրելի արարքի հերթական պատուհան է բացում, ասում է աստվածաբան Վարդան Պողոսյանը։ Բանն այն է, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել էր, որ տարեվերջին Բաքվում նախատեսված կրոնական առաջնորդների հանդիպմանը կհրավիրվի նաև Գարեգին Երկրորդ կաթողիկոսը, եթե նա փոխի իր դիրքորոշումը և ճանաչի, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Փաշազադեն նաև հայտարարել էր, որ Հայ Առաքելական եկեղեցին կաթողիկոսի գլխավորությամբ «ռևանշիզմ է քարոզում, չցանկանալով ճանաչել Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք»։
«Հարցն այն , որ Հայ Առաքելական եկեղեցին հսկա սփռված համաշխարհային ցանց է, որն ավելին է քան Հայաստանի Հանրապետությունը, և հոգևոր դաշտում պայքարը հաղթելու դեպքում, այսինքն, կաթողիկոսի կողմից նման հայտարարություն Բաքվում անելու դեպքում կվավերացվեն Բաքվի հնարավոր բոլոր նկրտումները։ Համարում եմ, որ դա ճշգրիտ հաշվարկված է, քանի որ եթե հայոց եկեղեցու գլուխը, իսկ դա միաբևեռ կառույց է, եթե մերժեց, արժանանալու է համընդհանուր քննադատության։ Այդ քննադատության ժամանակ պարզորոշ կերևա, թե ովքեր են քննադատում, և թե ինչպիսի ուժեր են դրա հետևում կանգնած։ Ես չեմ կասկածում, որ 44-օրյա պատերազմի կազմակերպիչները, սպասարկողներն ու ջատագովները հավաքական հանդես կգան հայ ժողովրդի ոգեղեն էությունը վերջնականապես եղծելու համար»։
44-օրյա պատերազմը չի եղել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ, դա եղել է կոալիցիոն արշավանք ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որի հետևում համաշխարհային նշանակության ուժեր են, համոզված է աստվածաբանը։ Ըստ նրա՝ աշխարհաքաղաքական հակասությունները հանգեցրել են նրան, որ Ադրբեջանը այսօր չունի այն ռեսուրսները, որ ունեցել է պատերազմի ժամանակ, և հիմա խնդիր կա խզում առաջացնելու Հայ Առաքելական եկեղեցու և Հայաստանի Հանրապետության միջև։ Դա կարող է ռազմավարական նշանակության հաղթանակ բերել Հայաստանի հակառակորդներին։
Փաշազադեն նաև «սուտ ու կեղծիք» էր համարել ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական եկեղեցիները քանդելու կամ մզկիթների վերածելու մասին հայկական կողմի պնդումները։
Աստվածաբանը շեշտում է՝ նախ պետք է հասկանալ, թե Ադրբեջանն ինչ տարածքների է հավակնում և ինչու է այդպես խոսում։
«Ադրբեջանի կազմում Ղարաբաղը եղել է 70 տարի, ասենք թե, բայց այստեղ հայերը ապրում են սեպագիր գրերի ծագման ժամանակներից։ Մենք, որտեղ ապրել ենք, թողել ենք մեր մշակութային ինքնության ինչ-որ կտորներ, դրա համար էլ այսօր հայ ժողովրդի ոգին ինչ-որ տեղ աղճատվել է։ Մենք չենք կարողանում շփվել մեր մշակութային բացառիկ արժեքների հետ»։
Սակայն հայկական մշակութային ինքնության հսկայական մասը, ինչպիսիք են խաչքարերն ու եկեղեցիները, մշտապես ու խոսուն վկայություն են, ըստ Վարդան Խաչատրյանի, որ այս տարածքը աշխարհի ամենայուրօրինակ քրիստոնյա ժողովուրդներից մեկի բնօրրանն է, և այդ փաստը շարժում է ամենաքաղաքակիրթ ազգերի խորը նախանձը։
Ապրիլի 9-ին ՀԱԵ եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները համատեղ հայտարարություն էին տարածել, նշելով, որ վերջին շրջանի զարգացումները այլևս կասկած չեն թողնում, որ Արցախի լիակատար հայաթափման և ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, փորձ է արվում հանձնել Տավուշի մարզից տարածքներ՝ նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը։ Մայր Աթոռի հայտարարության մեջ նշվում է, որ հերթական զիջումները կլեգիտիմացնեն ՀՀ տարածքների նկատմամբ Բաքվի կեղծ պահանջատիրությունը։
Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությանն արձագանքել է հարցադրմամբ՝ «Ռևանշի՞զմ» է արդյոք սեփական հայրենիքը, պետությունը թշնամուն չզիջելու՝ եկեղեցու ահազանգը։ Իհարկե ռևանշիզմ չէ, բայց այս պարագայում «ռևանշիզմն» ինքնին վատ բան էլ չէ: Մենք մեր սեփականը մերն ենք համարում. հիմա դա իրենք «ռևանշիզմ» տերմինով կկոչեն կամ այլ տերմինով կկերպավորեն, իրենց խնդիրն է: Մենք ուրիշինը չենք ուզում, մենք մեր սեփականն ենք ուզում՝ այն, ինչ դարերով սրբագործված է ու եկեղեցիներով, վանքերով սահմանագծված» ։




